Դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) մահացել է հոլիվուդյան դերասանուի Ժա Ժա Գաբորը: Ինչպես հաղորդում է TMZ-ին, նա վախճանվել է 99 տարեկան հասակում սրտի նոպայից: Variety-ն հայտնել է, որ Գաբորը մահացել է Բել Էյրի շրջանում գտնվող իր տանը:
Վերջին մի քանի տարում Գաբորը հաճախ էր հայտնվում կլինիկաներում: 2016 թվականի փետրվարին նրան հոսպիտալացրել էին թոքերի վարակով: 2011 թվականի մայիսին նրան Լոս Անջելեսի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել թոքաբորբի ծանրագույն բարդություններով:
2010 թվականի նոյեմբերին բժիշկները թրոմբ էին հայտնաբերել դերասանուհու ոտքում, իսկ հետո գանգրենա. ստիպված անդամատել էին նրա աջ ոտքը: Հետագայում զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գաբորը գրեթե մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ և ի վիճակի չէ հաղորդակցվելու:
Ժա Ժա Գաբորը ծնվել է 1917 թվականի փետրվարի 6-ին Բուդապեշտում: Նա կինոյում կարիերան սկսել է 1952 թվականին Հոլիվուդում: Դերասանուհու ամենանշանակալից դերերից մեկը պարուհի Ժաննա Ավրիլն է «Մուլեն Ռուժ» մելոդրամայում: Գաբորը խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հասարակության թիվ 1 թշնամին», «Չարի կնիքը», «Ռամիկը Բևեռլի Հիլզում» և «Մենք ամուսնացած չենք»:
Գաբորն ամուսնացած է եղել ինն անգամ, յոթ անգամ բաժանվել է, իսկ մեկ անգամ ամուսնությունն անվավեր է համարվել: Նրա միակ դուստրը՝ Ֆրանչեսկա Հիլթոնը, մահացել է 2015 թվականի հունվարի 5-ին 67 տարեկան հասակում: