Լիլիա Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը Մոսկվա կատարած այցից վերադառնալով նշել է, որ սկսվել են ԵԱՏՄ մշտական անդամակցության շուրջ բանակցությունները: Ղալիբաֆը նշել է նաև, որ մշտական անդամակցության պատրաստությունը կիրականանա առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ.-ի մայիսին Աստանայում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր եռամյա համաձայնագիրը: Իրան-ԵԱՏՄ առևտրային բարենպաստ ռեժիմի իսկ հետագայում՝ նաև ավելի խորը ինտեգրացիայի շուրջ բանակցությունները մեկնարկել են դեռ 2015թ.-ից:
Գաղտնիք չէ նաև, որ այդ բանակցություններում բացառիկ ակտիվություն ու դերակատարություն ունեցավ նաև Հայաստանը: Հայաստանի, որպես Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում մերձեցման միջնորդի դերատակարության հարցն ակտիվացել էր նաև 2016թ.—ին Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստին:
Հայաստանի շահագրգռվածությունն այս ուղղությամբ հասկանալի էր և նաև օբյեկտիվ՝ հաշվի առնելով մի կողմից հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններն ու տնտեսական կապերը, մյուս կողմից ԵԱՏՄ-ում Հայաստանի դերակատարության բարձրացումը:
Փաստացի, 2018թ.-ին Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագրով տեղի ունեցավ առաջին արձանագրումը, ինչը Հայաստանի համար ուրույն կարևորության հարց էր՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ-ի հետ միակ ցամաքային սահմանն ուներ, ինչը նաև Հայաստանի տնտեսության համար լայն հնարավորությունների դաշտ էր բացում:
Մինչդեռ 2018թ.-ից ի վեր, այսօրվա իշխանությունները ոչ միայն չկարողացան հայ-իրանական օրակարգում այս ուղղությամբ որևէ առաջընթաց գրանցել, այլև՝ հարցականի ներքո դրեցին՝ Իրանի հետ առհասարակ օրակարգ ունենալը:
Այսօր արդեն ԵԱՏՄ-ին Իրանի մշտական անդամակցությունը իրականացման ակտիվ փուլում է և դա իհարկե ուրախալի է Հայաստանի համար, նախ որովհետև Իրանի անդամակցությամբ լայնանանում է ԵԱՏՄ հնարավորություններն, այդ թվում՝ մեզ համար, մյուս կողմից՝ նոր հորիզոններ են բացվում հայ-իրանական երկկողմ համագործակցության տեսանկյունից:
Բայց կա խնդրի հակառակ կողմը, երբ այս պրոցեսներն ընթանում են որևէ օրակարգ ձևավորելու ունակությունից զուրկ Հայաստանի այսօրվա իշխանության պաշտոնավարման ընթացքում՝ գրեթե չեզոքանում են մեզ համար պրոցեսից հավանական հնարավորությունները:
Առնվազն… մինչև իշխանափոխություն»:
Իրան-ԵԱՏՄ. Հայաստանը կա՞ գործընթացում
Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը Մոսկվա կատարած այցից վերադառնալով…
Опубликовано Lilia Amirkhanyan Пятница, 12 февраля 2021 г.