Մի միտք է ծածուկ ինձ տանջում և շարունակ հետապնդում։ Դա հոգեվիճակ դարձած Խղճի խայթն է՝ զոհվածների, անհետ կորածների, ռազմագերիների և նրանց հարազատների նկատմամբ։ Մարդկային հավաքական կորստի ցավից ավելի սոսկալի՝ հենց այդ Խղճի խայթն է, որը մեզ իրականության գիտակցման պահերին գամում է տեղում և թևաթափ անում։
Փորձեք անխռով նայել մեր նահատակներին, լսեք նրանց կյանքի ողբերգությունը. դա ամենօրյա մահ և ցավ է մեզ ապրողներիս համար։ Փախուստ չկա, կա միայն Խղճի անվերջ հարվածներ և ‘սթափության կոչեր’։
Կյանքը շարունակվում է ինչ խոսք, մենք ապրում, աշխատում, ժպտում, երբեմն զվարճանում ենք, եթե այդպես պատահում է իհարկե։ Բայց մեր Խիղճը մեզ հանգիստ չի տալիս, կանչում է իր դատաստանին և հիշեցնում, որ Վրեժ ու Պարտք ունենք։
Խղճի և Աստծո դատաստանից ծանր ոչինչ չկա։ Երբ մենք ամեն անգամ նյութական բարիքներ ենք ձեռք բերում, մեր աշխատասենյակներում տաքուկ վայելում հարաբերական խաղաղությունը, այցի է գալիս մեր Խիղճը և մեզ պատմում մոտ անցյալում տեղի ունեցած ցեղասպան դեպքերը, գերիների անդեմ հայացքները, նրանց ծնողների հուսահատ հառաչանքները։
Շատ ծանր պատիժ բաժին ընկավ մեզ իսկապես։ Ուժ ունենք այո, ավելի մեծ սարսափներ է մեր ազգը հաղթահարել, բայց քանի սերունդներ են հյուծվել, մաշվել և անէացել այդ ‘վերակենդանացման’ ճանապարհին, մինչև սպիացել է վերքը։
Այլընտրանքը մեկն է և դա լավագույնս ձևակերպել է Մովսես Գորգիսյանը. ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵԹԵ ՉԿԱ ՊԱՅՔԱՐ։
Վահե Թորոսյանի ֆեյսբուքյան էջից:
Մի միտք է ծածուկ ինձ տանջում և շարունակ հետապնդում։ Դա հոգեվիճակ դարձած Խղճի խայթն է՝ զոհվածների, անհետ կորածների,…
Опубликовано Vahe Torosyan Среда, 17 февраля 2021 г.