Սամարայի Ս.Պ. Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի գիտնականների ու նրանց հայաստանցի գործընկերների մշակումը թույլ կտա զինել արբանյակներն ու անօդաչու սարքերն ինքնավար ու ոչ թանկարժեք «խելացի տեսողությամբ»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բուհի մամուլի ծառայությանը:
«Խելացի տեսողության» աշխատանքի արագության բարձրացմանը կօգնի Սամարայի համալսարանի գիտնականների թիմի կողմից հայ գործընկերների հետ համատեղ ստեղծված նոր ալգորիթմը։
«Մեր մոտեցումը թույլ է տալիս մեկ պարամետր կառավարելով՝ ընտրել օպտիմալ զտիչ ամբողջ պատկերի մշակման համար։ Այս հիման վրա մենք մշակում ենք ինքնուսուցվող ալգորիթմ, որը կարող է որոշել հիպերխորանարդներում պահանջվող օբյեկտների տեղեկատվական նշանները՝ առանց նմուշների։ Մեր հայտնագործութունը թույլ կտա ստեղծել շարժական հիպերսպետրոմետրեր, որոնք կճանաչեն անհրաժեշտ օբյեկտները բառացիորեն թռիչքի ընթացքում», — ասել է նախագծի ղեկավար, Սամարայի համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կուպրիյանովը:
Այսօր նանոարբանյակների ու թեթև անօդաչու թռչող սարքերի վրա հիպերսպեկտրալ «տեսողության» օգտագործումը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ այն մեծ քանակությամբ հավաքվող տվյալների պահպանում է պահանջում: Էլ ավելի դժվար է դաշտային պայմաններում փոխանցել այդ տվյալները սերվերի մշակման համար․ դա ժամանակատար է ու լայն կապուղի է պահանջում։ Գիտնականները վստահ են, որ նոր ալգորիթմի ներդրմամբ հիպերսպեկտրալ «տեսողությունը» կարող է աշխատել ինքնավար ռեժիմով:
Նախագիծը դրամաշնորհային աջակցություն է ստացել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Գիտության և հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից: Հետազոտություններն իրականացվել են Հայ-ռուսական համալսարանի (ք.Երևան) մասնագետների հետ համատեղ: