Ապացուցված է գիտությամբ:
Սափիոսեքսուալների համար ամենասեքսուալ գիծն ինտելեկտն է: Եվ այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են, քան կարող էիք մտածել: Ինտելեկտն իսկապես սեքսուալ է, ինչն իր գիտական բացատրությունն ունի:
Տրանսպերսոնալ հոգեբանության ոլորտի փիլիսոփայության դոկտոր Դիանա Ռաբբը վստահ է, որ ուղեղը մարդու ամենասեքսուալ օրգանն է: Նրանք, ովքեր իրենց սափիոսեքսուալների թվին են դասում, ասում են, որ իրենց գրավում է խելքը ու գրգռում այլ մարդկանց գիտելիքները: Որպես սիրախաղ՝ սափիոսեքսուալների համար կարող են ծառայել փիլիսոփայական, քաղաքական կամ հոգեբանական թեմաներով բարդ քննարկումները:
Սափիոսեքսուալների տեսանկյունից սեքսուալ ձգողությունն իր մեջ ներառում է շատ տարբեր բաղկացուցիչներ, սակայն իր փայլով ինտելեկտը մթագնում է մնացած բոլորը:
Բոլոր սափիոսեքսուալների ընդհանուր բնութագրիչն է շրջապատող մարդկանց ինտելեկտի մակարդակն ակնթարթորեն որոշելու կարողությունը: Եվ եթե նրանք ինչ-որ մեկին այդ իմաստով առանձնահատուկ համարեն, ապա նա նրանց անհավանականորեն գրավիչ կթվա:
Օրինակ, պատկերացրեք, որ դուք քիչ հայտնի պոետի մասին գիրք եք կարդում: Այդ պահին ինչ-որ մեկը մոտենում է ձեզ ու սկսում մեկնաբանել այդ գիրքը, այսինքն՝ նա որոշակի գիտելիքներ ունի այդ թեմայով: Սափիոսեքսուալի համար դա ամենասեքսուալ սցենարն է՝ բոլոր հնարավոր տարբերակներից:
Ինտելեկտն անհամեմատ մեծ բավարարություն է պարգևում:
Իհարկե, չի կարելի հաշվից հանել ֆիզիկական գրավչությունը, սակայն, ի տարբերություն արտաքինի՝ ինտելեկտը չի թոշնում: Սափիոսեքսուալները վստահ են, որ լավ, բովանդակալից զրույցն ավելի մեծ բավարարություն է տալիս, քան գեղեցիկ, մերկ մարմնին նայելը:
Որքան բարձր է ինտելեկտի մակարդակը, այնքան մեծ է սեքսուալ ձգողականությունը:
Հետաքրքիր փորձարարություն կատարեց Նյու-Մեխիկոյի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Միլլերը: Նախ՝ նա գնահատեց 400 տղամարդկանց ինտելեկտը, որից հետո հետազոտության ենթարկեց նրանց սպերմայի նմուշները: Միլլերը բացահայտեց, որ կոգնիտիվ թեստերի ժամանակ բարձր միավորներ հավաքած տղամարդկանց սպերման ավելի առողջ է:
Ստացված արդյունքների հիման վրա նա եկավ այն եզրակացության, որ մտավոր գործունեության որակն ուղղակիորեն կապված է սպերմայի որակի հետ, և այդ պատճառով էլ կարող է գեներով փոխանցվել հաջորդ սերունդներին:
Գրագետ խոսքը, հումորի զգացումը և ինտելեկտի մակարդակն անընդհատ զարգացել են երկու սեռերի մոտ էլ, քանի որ սեքսուալ գրավիչ էին թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց համար:
Եթե այդ մասին մտածենք մարդկային զարգացման տեսանկյունից, ապա մեր նախնիները գոյատևելու համար խելացի զուգընկերոջ կարիք ունեին: Չէ՞ որ ոչ խելացի զուգընկերը բարդ ու ծայրահեղ իրավիճակներում այնքան էլ հնարագետ չէ:
Իհարկե, այժմ մենք ավելի քաղաքակիրթ էակներ ենք, սակայն բազային բնազդները ոչ մի տեղ չեն անհետացել: Մենք նախկինի պես փնտրում ենք հումորով, խելացի ու օժտված զուգընկերոջ՝ հույս ունենալով, որ նրա հետ մեր կյանքն ավելի լավը կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը