Հովակիմ Զաքարյանը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող է, կենսաբանական գիտությունների թեկնածու: Նա ունի իր սեփական՝ հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման գիտական խումբը:
Հովակիմի հետ Erit.am-ը զրուցել է Հայաստանում երիտասարդ գիտնականների գործունեության համար պետական աջակցության կամ դրա բացակայության հիմնական պատճառների, երիտասարդ գիտնականների համար հնարավոր հեռանկարների, ինչպես նաև նրա գլխավորած գիտական խմբի հետազոտությունների մասին:
Հովակիմը վստահ է՝ անկախ նրանից երիտասարդ է գիտնականը, թե ոչ, Հայաստանում չկան անհրաժեշտ պայմաններ՝ ամենաբարձր մակարդակի գիտական հետազոտություններ անելու համար, քանի որ չկա համապատասխան մակարդակի ֆինանսավորում․
«Հիշեցնեմ, որ պետությունը գիտության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 0.25 %, սակայն արդյունավետ լինելու համար առնվազն 1 % պետք է լինի ֆինանսավորումը։ Այսինքն՝ չորս անգամ ավելի շատ, քան հիմա։ Պարզ է, որ նման թերֆինանսավորման պատճառով առաջանում են բազմաթիվ խնդիրներ, օրինակ, չկան ժամանակակից ենթակառուցվածքներ՝ լաբորատորիաներ, գիտաշխատողների աշխատավարձերը շատ ցածր են և այլն։ Նման պայմաններում շատ դժվար է ունենալ լաբորատորիա, որի հետազոտությունները կլինեն շատ արդիական և բարձր մակարդակի։ Որո՞նք են նման ֆինանսավորման պատճառները, ես չգիտեմ։ Մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկում էր՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով։ Թե՛ ԿԳՄՍ նախարարը, թե՛ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահը նշեցին, որ գիտության ֆինանսավորումը շատ ցածր է, բայց չէ՞ որ հենց այդ մարդիկ են պատասխանատու բյուջեի կազման և հաստատման համար։ Եթե իրենք համարում են, որ ցածր է, ապա պետք է ավելի մեծ հատկացումներ նախատեսեն»,- ասում է Հովակիմը:
Երիտասարդ գիտնականը վստահեցնում է, որ աշխարհում հանրային գիտության ֆինանսավորման երեք մոդել գոյություն ունի։ Առաջինը՝ «Վերևից ներքև», երբ պետությունն է որոշում այն ուղղությունները, ծրագրերը և հիմնական նախագծերը, որոնցով պետք է զբաղվեն գիտնականները․
«Նման մոդելում գիտական ակտիվությունը հստակ վերահսկում է պետությունը՝ որոշում թե՛ գիտական հիմնարկների բյուջեն, թե՛ առանձին նախագծերի տևողությունը, թե՛ ֆինանսավորման չափը, գիտնականների քանակը և այլն։ Նման մոդելով էր աշխատում գիտությունը ԽՍՀՄ-ում, գրեթե նման մոդելով է աշխատում նաև չինական գիտությունը»,- նշում է Հովակիմը։
Անդրադառնալով երկրորդ մոդելին՝ «ներքևից վերև», երբ պետությունը ֆինանսավորում է այն թեմաները, որոնք ներկայացնում են գիտնականները, Հովակիմն ասում է, որ այս դեպքում գիտնականներին տրված է գործելու մեծ ազատություն․
«Նրանց ներկայացրած թեմաների գիտականությունն ու արդիականությունը գնահատվում է ոչ թե պաշտոնյաների, այլ ուրիշ գիտնականների կողմից։ Այս մոդելի հիմնական գործիքակազմը դրամաշնորհներն են, որոնք տրվում են նոր գիտական թեմաներ իրականացնելու, լաբորատորիաներ/կենտրոններ ստեղծելու և կադրեր պատրաստելու համար։ Գիտնականները մրցակցում են իրար հետ ֆինանսավորում ստանալու համար, և նման մրցակցությունը հաճախ նպաստում է ավելի որակյալ գիտություն ունենալուն։ Նման մոդել կիրառում է զարգացած երկրների մեծ մասը»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը:
Վերջին՝ 3-րդ մոդելը «հիբրիդն» է, երբ պետությունը տրամադրում է թե՛ դրամաշնորհներ (գիտնականներին տալով որոշակի ազատություն), և թե՛ պատվերներ, որոնք կարևոր են երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար․
«Նման մոդել կար Իսրայելում, կա Ռուսաստանում, հետխորհրդային մի քանի այլ երկրներում և նաև՝ Հայաստանում։ Մեր երկրում գիտության ֆինանսավորումը բաշխվում է 30/70 հարաբերակցությամբ. 30 %-ը տրվում է դրամաշնորհների տեսքով, իսկ 70 %-ը՝ բազային ֆինանսավորմամբ։ Բազային ֆինանսավորումը նշանակում է, որ պետությունն է որոշում մեր գիտական հիմնարկների բյուջեն, տալիս է գումար՝ որոշակի աշխատանք իրականացնելու համար, սակայն չի որոշում, թե ինչ թեմայով պետք է զբաղվեն գիտական հիմնարկները։ Ավելին, թեման ներկայացնում է հիմնարկը, և այդ թեման ոչ մի նորմալ փորձաքննություն չի անցնում։ Ու ամենակարևորը՝ ոչ մի չափորոշչով չի որոշվում, թե որքանով է այդ թեման կարևոր պետության համար։ Եթե շարունակում ենք «հիբրիդային» մոդելով ֆինանսավորել, ուրեմն պետությունը պետք է պատվեր իջեցնելու մեխանիզմներ մշակի։ Եթե պետությունը չի ուզում սահմանափակել գիտնականների ազատությունը, ապա պետք է անցնել երկրորդ մոդելին։ Ես չգիտեմ, թե որ մոդելն է ավելի լավ մեզ համար, բայց գիտեմ, որ որն էլ լինի՝ այն պետք է նորմալ կիրառել»,-վստահեցնում է Հովակիմը՝ ընդգծելով, որ նման իրավիճակի համար կա մեկ լուծում՝ ավելացնել ֆինանսավորումը և ավելի արդյունավետ մեխանիզմներով բաշխել այն գիտնականների միջև։ «Ավելի արդյունավետ ասելով` նկատի ունեմ, որ օրինակ, դրամաշնորհներով տրամադրվող գումարները պետք բացառապես միջազգային փորձաքննություն անցնեն։ Մեր գիտական համայնքը շատ փոքր է, կան ուղղություններ, որտեղ ընդամենը երկու-երեք գիտնական կա, հետևաբար նորմալ և օբյեկտիվ փորձաքննություն անել շատ դժվար է։ Իսկ բարձր մակարդակի փորձաքննությունը շատ կարևոր է, եթե ուզում ենք ֆինանսավորել գիտական այնպիսի թեմաներ, որոնք արդիական ու կարևոր են»,- համոզված է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը:
Մեզ հետ զրույցում Հովակիմը պատմում է իր գլխավորած գիտական խմբի հետազոտությունների և հիմնական ձեռքբերումների մասին․
«Իմ գիտական խումբը հիմնադրվել է 2016 թվականին։ Մեր հիմնական հետաքրքությունը հակավիրուսային նոր միացությունների հայտնաբերումն ու ուսումնասիրումն է, մասնավորապես, խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ: Այն մի վիրուս է, որը վարակում է խոզերին, և քանի որ չկա պատվաստանյութ, այն կենդանիների մինչև 100%-ի անկման պատճառ է հանդիսանում։ Միայն Չինաստանում վերջին երկու տարվա ընթացքում միլիոնավոր խոզեր են ոչնչացվել այս վիրուսի համաճարակի պատճառով։ Այսինքն, այն լուրջ խնդիր է խոզաբուծության համար»,- ասում է Հովակիմը՝ հավելելով, որ իր գիտական խումբը գտել է բազմաթիվ միացություններ, որոնք լաբորատոր մոդելներում շատ արդյունավետ կերպով ճնշում են այդ վիրուսին։
«Արդյոք այդ միացությունները արդյունավետ կլինեն նաև կենդանիների վրա, դեռևս հայտնի չէ։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կունենանք ֆինանսավորում` դա պարզելու համար։ Բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում մենք սկսեցինք ավելի մեծ ուշադրություն դարձնել այնպիսի միացությունների հայտնաբերման և հետազոտման վրա, որոնք կարող են ճնշել միանգամից մի քանի վիրուսների։ Նման միացությունները կոչվում են լայն-սպեկտրի հակավիրուսային դեղամիջոցներ։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հենց նման բնույթի հակավիրուսային դեղամիջոցներն են օգտագործվում հիվանդանոցներում»,-փաստում է երիտասարդ գիտաշխատողը՝ ընդգծելով, որ հենց այս համավարակը փայլուն կերպով ցույց է տալիս, թե որքան կարևոր է զինանոցում ունենալ լայն-սպեկտրի հակավիրուսային դեղամիջոցներ։
Նրա խոսքով՝ իր գիտական խումբը կազմված է երիտասարդ գիտաշխատողներից, որոնք ունեն ահնրաժեշտ հմտություններ, ցանկություն և սեր իրենց աշխատանքի հանդեպ․
«Ունենք նաև մեզ համար կարևոր բոլոր սարքավորումները, որոնք ստացել ենք կամ նվիրատվությունների միջոցով, կամ փոքր դրամաշնորհների շրջանակներում։ Այդ ամեն արդյունքում` մենք անում ենք հետաքրքիր ու կարևոր հետազոտություններ։ Բացահայտված միացությունների մասին մեր հոդվածները տպագրվում են միջազգային լավագույն ամսագրերում, ցիտվում են այլ գիտնականների կողմից։ Դրա շնորհիվ նաև սկսել ենք համագործակցել ամերիկյան և գերմանական երկու կենսատեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի համատեղ բացահայտենք և հետազոտենք խոստումնալից նոր հակավիրուսային դեղամիջոցներ։ Սա մեր արդյունավետության լավագույն ցուցանիշն է։ Իսկ հիմա պատկերացրեք՝ որքան ավելի մեծ հաջողությունների հասած կլինեինք, եթե ունենայինք նորմալ ֆինանսավորում»,- ցավով նշում է Հովակիմը:
Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը