Պարզվում է՝ հնարավոր է ղեկավարել մի երկիր, որի բանակը քեզ չի ենթարկվում, մինչդեռ ցանկացած ղեկավար իշխանությունն ստանձնելիս պետք է հասկանա՝ որոնք են իր լծակները. փաստն այն է, որ բանակը, միանալով ժողովրդին, պահանջում է երկրի ղեկավարի հրաժարականը, բայց վարչապետն առայսօր չի հասկացել, որ պետք է գործունեություն ծավալի ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց, այլ հանուն զարգացման և առաջընթացի՝ անկախ ընդդիմության գործելաոճից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Ցավով եմ լսում, որ Հայաստանի իշխանության և մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության տեսակետները համընկնում են, թե իբր սա ռազմական հեղաշրջման փորձ է: Մեր նորօրյա պատմությունը կերտվել է հայկական բանակի շուրջ, այն ձևավորվել է ամբողջ հայության ջանքերով և ծնվել է ժողովրդի ծոցից: Երբ կանոնավոր բանակի ղեկավարության տեսակետները համընկնում են ժողովրդի մեծամասնության տեսակետի հետ, դա ուրախալի է»,- ասել է նախկին նախարարը:
Ըստ Օհանյանի՝ այս պատերազմում ապիկար իշխանությունը ոչնչացրեց ժողովրդի և բանակի միասնականությունը, չմոբիլիզացրեց ողջ ներուժը, բանակի համար թիկունք չապահովեց. «Եթե սովորական քաղաքացին երկրի ներսում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին է գնահատական տալիս, ԳՇ-ն դա անում է համակողմանի ուսումնասիրության արդյունքում: Մեր երկիրն այսօր արդյունավետ կառավարում չունի: Վարչապետի գործունեությունը նման է հայտնի առակին, երբ անընդհատ խաբում են, թե հրդեհ է, իսկ իսկական հրդեհին արդեն ոչ ոք չի հավատում»:
Գեներալ-գնդապետի կարծիքով՝ բանակին հրահանգներ կարելի է տալ ոչ թե հրապարակից, այլ աշխատասենյակից. «Բանակն ինչ վիճակում էլ լինի՝ վիրավոր ու ծանր պայմաններում, այսօր իր մարտական խնդիրն իրականացնում է: Հարթակից հրահանգներ տալ բանակի ղեկավարությանը՝ նշանակում է՝ կառավարմանը մասնակից դարձնել մարդկանց, որոնք այդ իրավասությունը չունեն: Բանակը ենթարկվելու ուղղահայաց ունի, և եթե վարչապետը ժողովրդական զանգվածներին մասնակից է դարձնում բանակի կառավարմանը, նշանակում է՝ այդպես էլ չի ընկալել՝ ինչ ասել է հրամանատար կամ միանձնյա ղեկավարում, ինչ ընթացակարգեր գոյություն ունեն որոշումների ընդունման համար»:
Արցախի հերոսի պնդմամբ՝ բանակում չծառայած վարչապետն իրավունք չունի շահարկելու այն, որ բարձրացրել է սպաների աշխատավարձը, դա իր պարտականությունն է:
«Այս կամ այն արտահայտության համար զինվորականին պաշտոնից ազատելը ճիշտ չէ, բանակը չպետք է ճնշված վիճակում լինի: Իշխանությունը պատերազմի ժամանակ բանակի թիկունքը թույլ պահեց, չհամալրեց, բանակը միայնակ մնաց: Այսօր բանակը միացել է ժողովրդին, մենք պարտավոր ենք աջակցել, միայնակ չթողնել մեր բանակին, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գիտակցել պահի լրջությունը, դուրս գալ հրապարակ և պահանջել, որ իշխանությունները հեռանան: Հայրենիքի փրկության շարժմանը միացած բազմաթիվ ինստիտուտների կողքին այսօր նաև բանակն է: Հայկական բանակն ապացուցել է, որ վախեցող չէ, չփորձե՛ք բանակի նկատմամբ ճնշում բանեցնել»,- ամփոփել է Սեյրան Օհանյանը: