Hraparak.am-ը գրում է.
Փետրվարի 16-ին մենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հարցում էինք ուղարկել՝ խնդրելով անդրադառնալ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի այն հայտարարությանը, թե «Գորիս-Կապան հատվածի 21 կմ-ն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով»։ Մենք Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից հետաքրքրվել էինք՝ իրե՞նք էլ են այն կարծիքին, որ Գորիս-Կապան հատվածի 21 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Եթե այո, ապա ո՞րն է դրա հիմնավորումը, երբվանի՞ց է այդ ճանապարհահատվածը համարվում Ադրբեջանի տարածք, եւ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է այդ պնդումը կատարվում։ Արդյոք GPS կոորդինատների հիմա՞ն վրա է այդ պնդումը կատարվում, եւ որքանո՞վ է GPS համակարգը համարվում «միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ»։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, սակայն, շրջանցել է մեր այս հարցադրումներն ու որեւէ կերպ չի արձագանքել։ Մենք հարցրել էինք նաեւ՝ հնարավո՞ր է, արդյոք, այդ ճանապարհահատվածի Գորիս-Դավիթ Բեկ հատվածը որոշ ժամանակ անց, ասենք՝ 3 տարի հետո, ամբողջությամբ անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ մենք դրանից այլեւս չօգտվենք։ Այս հարցը եւս ՏԿԵ նախարարությունն անպատասխան է թողել՝ հիմնավորելով մեր կասկածների ճշմարտացիությունը։
Պատասխանել են միայն իրենց ձեռնտու ամենաանմեղ թվացող հարցին, թե որն է լինելու Գորիս-Կապան ճանապարհահատվածի այլընտրանքը՝ դրանով իսկ չհերքելով, որ այդ ճանապարհահատվածը, փաստորեն, որոշ ժամանակ անց եւս հանձնելու են թշնամուն։
«ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրավասության շրջանակներում հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու վերաբերյալ կատարվում են հստակեցումներ եւ ուսումնասիրություններ, մասնավորապես՝ ուսումնասիրվում են այլընտրանքային ճանապարհների ծրագրի հնարավոր տարբերակները։
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի երթեւեկությունը հնարավոր է կազմակերպել Հ-46 /Մ-2/ Տաթեւ-Աղվանի /Մ-2/ (Սյունիք) հանրապետական նշանակության այլընտրանքային ճանապարհով։ Նշված ճանապարհի անավարտ հատվածների հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2021 թվականին»,- պատասխանել են ասֆալտների գծով մասնագիտացած ու այդպես էլ որակյալ ճանապարհներ չկառուցած նախարարության լրատվական ծառայությունից։
Մենք նմանատիպ հարցում ուղարկել էինք նաեւ ՀՀ արտգործնախարարությանը՝ խնդրելով պատասխանել, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածում կա՞ այնպիսի հատված, որը գտնվում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում։ Եթե այո, ապա ո՞րն է դրա հիմնավորումը։ Նաեւ հետաքրքրվել էինք՝ կա՞ արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանավոր կամ գրավոր համաձայնություն, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածը որոշ ժամանակ անց հանձնվելու է Ադրբեջանի տիրապետությանը, որից հետո մենք դրանից այլեւս չենք օգտվելու։
«Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) եւ սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն եւ դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների եւ բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջեւ երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը: Ձեր հարցում նշված հատվածում իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց: Համաձայն 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ՀՀ եւ ՌԴ սահմանապահները»,- մեր հարցերին այսպես են պատասխանել ԱԳՆ-ից՝ հարցը դիվանագիտորեն այլ դաշտ տեղափոխելով։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/2bc11c5fc289de5fc87bec51b65e195c