- Եթե դուք արգանակի վրայից ժամանակին փրփուրը չեք վերցրել, և այն հատակն է իջել, կաթսայի մեջ մեկ բաժակ ջուր լցրեք։ Փրփուրը վեր կբարձրանա, և դուք կարող եք այն հեռացնել։
- Հավի արգանակի մեջ ոչ մի տեսակի համեմունք մի ավելացրեք, միայն սոխ և գազար, այլապես այն իր համը կկորցնի։
- Երբեք ապուրի մեջ դափնու տերևը մի թողեք։ Այն լավ է եփելիս, իսկ հետո միայն փչացնում է համը։
- Թակածոները փափուկ են ստացվում, եթե տապակելուց 1-2 ժամ առաջ նրանց մշակեք քացախի ու բուսայուղի խառնուրդով։ Նույնը արեք նաև գրիլի վրա պատրաստվող մսի հետ։
- Համեղ, հյութեղ կոտլետներ պատրաստելու համար մսի մեջ հավասար քանակությամբ մանր կտրտած հում ու թեթև տապակած սոխ ու մի քիչ քերած կարտոֆիլ ավելացրեք։
- Կոտլետը տապակելու առաջին րոպեին կրակը պետք է ուժեղ լինի, որպեսզի այն կեղևակալի ու թույլ չտա, որ հյութը միջից հոսի դուրս, իսկ հետո պետք է շարունակել տապակել միջին կրակի վրա ու շուռ տալով կոտլետները՝ կրկին կես րոպեով ուժեղացնել կրակը։
- Ձուկը մասերի չի բաժանվի ու ոսկեգույն կեղև կունենա, եթե տապակելուց 10-15 րոպե առաջ այն չորացնեք սրբիչով ու անմիջապես աղ անեք։
- Քերած հում կարտոֆիլն անմիջապես խառնեք մի փոքր կաթի հետ, այլապես այն կկապտի։
- Հին կարտոֆիլն ավելի համեղ կլինի, եթե եփելիս ջրի մեջ մի գդալ քացախ, 2-3 ատամիկ սխտոր ու դափնու տերև ավելացնեք։ Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր կպահանջվի եփելիս։
- Խմորիչով խմորն ավելի փափուկ ու թեթև կլինի, եթե նրա մեջ եփած, մանր քերած սառը կարտոֆիլ ավելացնեք։
- Տապակելիս սերուցքային կարագը չի մգանա, եթե տաք թավայի մեջ նախապես ձեթ քսեք։
- Խմորն արագ կհասունանա, եթե նրա մեջ խրեք մի քանի հատ խողովակաձև մակարոններ։
- Թեթև կրեմ ստանալու համար հարիչով խառնելիս ոտիկով կրեմի մեջ ութեր նկարեք ու ժամանակ առ ժամանակ տարայի պատերի կողքերով՝ շրջանակներ։
- Չոր խմորից պատրաստված բաները փխրուն կլինեն, եթե խմորի մեջ մեկ գդալ կոնյակ ավելացնեք։
- Եթե ուզում եք, որ եփելիս լոբին չմգանա, այն եփեք բաց կաթսայի մեջ։
- Որպեսզի ձեթն այս ու այն կողմ չլցվի տապակելիս, նախքան տապակելը թավայի մեջ թեթևակի աղ լցրեք։
- Աղցանի մեջ բուսայուղ կարելի է լցնել միայն այն ժամանակ, երբ աղցանն արդեն համեմել եք աղով, պղպեղով ու քացախով, քանի որ աղը ձեթի մեջ չի լուծվում։
- Մայոնեզով աղցանն ու վինեգրետն առանձնահատուկ համեղ կլինեն, եթե մինչ մատուցելը կարճ ժամանակով կիտրոնի կեղև դնեք նրանց մեջ։
- Եթե ուզում եք, որ վինեգրետը նուրբ ու հաճելի համ ունենա, նրա մեջ մի ճաշի գդալ կաթ լցրեք ու մեկ թեյի գդալ շաքարավազ։
- Թափանցիկ մսի արգանակ ստանալու համար եփելու ընթացքում նրա մեջ պետք է դնել մաքուր ձվի կճեպ։ Պատրաստի արգանակը պետք է քամել։
- Սոխի կճեպի եփուկով կարելի է գունավորել արգանակը։ Դա բարձրացնում է նրա սննդայնությունը, հարստացնում է վիտամիններով ու գեղեցիկ արտաքին տեսք հաղորդում։
- Ծեր հավն ավելի արագ կեփվի, եթե այն 20-30 րոպե եփելուց հետո 5-6 րոպեով ընկղմեք սառը ջրի մեջ, ապա շարունակեք եփելը։
- Որպեսզի միսը չայրվի ու չոր չլինի, ջեռոցի մեջ ջրով լի տարա դրեք։
- Ձուկը տապակելիս սուր հոտը հեռացնելու համար բուսայուղի մեջ նախապես մաքրած ու կտրատած մեկ հում կարտոֆիլ դրեք։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը