Վինսենթ վան Գոգ (1853-1890թթ.), ականավոր նիդեռլանդացի նկարիչ-պոստիմպրեսիոնիստ, ում արվեստը հսկայական ազդեցություն ունեցավ 20-րդ դարի գեղանկարչության վրա։ Նրա կտավներից են «Արևածաղիկները», «Աստղային գիշերը» և շատ այլ հիանալի գործեր։
Մարդկանց մեծ մասը Վինսենթ վան Գոգին գիտի՝ որպես խելագարի, ով խելացնորության պոռթկման պահին կտրեց իր ականջը։ Սակայն մեծ գեղանկարչի ներաշխարհն ավելի լավ հասկանալու համար բավական է կարդալ նրա՝ իր մտերիմ ընկերներին ու եղբորը՝ Թեոյին ուղղված նամակները։ Դրանցում նա մեր առջև հառնում է՝ որպես խորապես խոցելի ու զգայուն մարդ, ով փիլիսոփայական տոկունությամբ տարավ իր վրա թափված բոլոր անհաջողությունները։
Ստորև ներկայացնենք նկարչի նամակագրությունից հատվածներ։
Պետք չէ սրտին չափազանց մոտ ընդունել սեփական թերությունները, քանի որ այն մարդը, ով թերություն չունի, ամեն դեպքում տառապում է դրա բացակայությունից, իսկ նա, ով ենթադրում է, որ հասել է կատարյալ իմաստնության, լավ կանի, որ կրկին հիմարանա։
Եթե ուզում ես ինչ-որ բան անել, մի վախեցիր մի բան սխալ անել, մի մտահոգվիր, որ սխալներ կգործես։ Շատերը համարում են, որ իրենք լավը կդառնան, եթե ոչ մի վատ բան չանեն։
Գրքերը միայն գրական ողջ ստեղծագործությունները չեն, այլ նաև խիղճ, գիտակցություն և արվեստ։
Գրքեր կարդալիս, ինչպես նաև կտավներ նայելիս չի կարելի ոչ կասկածել, ոչ տատանվել։ Պետք է ինքդ քեզ վրա վստահ լինես ու հիասքանչ համարես այն, ինչ իսկապես հիասքանչ է։
Իմ կարծիքով՝ ես հաճախ, թեպետ և ոչ ամեն օր, հեքիաթային հարստության տեր եմ լինում՝ ոչ փողով, այլ նրանով, որ իմ աշխատանքի մեջ այնպիսի բան եմ հայտնաբերում, ինչին կարող եմ նվիրել սիրտս ու հոգիս, ինչն ինձ ոգեշնչում է ու կյանքիս իմաստ հաղորդում։
Իրապես գեղարվեստական բան, քան մարդկանց սիրելն է, չկա։
Ես, բնականաբար, միշտ էլ իմացել եմ, որ կարելի է կոտրել ձեռքը կամ ոտքը ու հետո կազդուրվել, սակայն ինձ համար անհայտ էր, որ կարելի է հոգեպես կոտրվել ու հետո այնուամենայնիվ առողջանալ։
Չարժե տրվել զղջումներին ու թևաթափ լինել։ Այդպես շատ հեռու չես գնա։ Կարևոր է մի բան՝ առաջ գնալ։
Մենք չպետք է պատրանքներ ունենանք մեր վերաբերյալ ու պատրաստ պետք է լինենք այն բանին, որ մեզ չեն հասկանա, կատեն ու կվարկաբեկեն։ Այնուամենայնիվ, պետք է պահպանել խիզախությունն ու էնտուզիազմը, անգամ, եթե գործերն ավելի վատ ընթանան, քան հիմա են։
Հավատացնում եմ քեզ, որ հիվանդանոցում անցկացրած իմ մի քանի օրերը շատ հետաքրքիր եղան. հավանաբար պետք է հիվանդներից ապրել սովորել։
Պատերազմը, այնուամենայնիվ, ոչինչ չի բերում, բացի վշտից ու կործանումից այն դեպքում, երբ գեղանկարչությունը երբեմն իրենից իրական ցանքս է ներկայացնում, չնայած բերքը, իհարկե, միշտ չէ նկարչին բաժին հասնում։
Ես մտածում եմ, որ որքան շատ է մարդը սիրում, այնքան ուժեղ է նա ուզում գործել. միայն որպես զգացմունք մնացող սերը ես երբեք իրական սեր չեմ անվանի։
Երբ բանը հասնում է գործի էությանը, ես չեմ ամաչում իմ զգացմունքներից և չեմ կարմրում խոստովանել այն մասին, որ ես իմ սկզբունքներն ու կյանքի կրեդոն ունեցող մարդ եմ։
Տխուր հեռանկար է՝ գիտակցել, որ իմ կտավները միգուցե երբեք կարող են պահանջված չլինել։ Եթե նրանք գոնե իրենց ծախսերը փոխհատուցեին, ես ինքս ինձ կկարողանայի ասել, որ փողն ինձ երբեք չի հետաքրքրել։
Մի՞թե կյանքը մեզ տրված չէ հարուստ հոգի ունենալու համար, անգամ, եթե դրանից տուժի մեր արտաքինը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը