Արա Գյուրզադյանի ֆեյսբուքյան էջից.
«Այժմ ես գոյություն ունեմ: Իմ գոյության մասին ես որոշակի պատկերացում ունեմ: Չնայած այդ պատկերացումը որոշակի զարգացում է ապրում, այն ունի մի կորիզ, որն անկասկած կապված է իմ Ես-ի հասկացողության հետ: Ես-ի մասին ես ոչինչ չգիտեմ: Դրա հետ կապված կա իհարկե ինչ-որ մառախլապատ կանխազգացում, որ Ես տվյալ որակն եմ: Որից երևի թե էլ չկա: Սակայն ի՞նչ կա, այնքան էլ պարզ չի: Կա միայն արտացոլում: Ստվեր: Ստվերներ: Պետք է հասկանալ, որ իրականում մենք ապրում ենք ստվերի նման ստվերների մեջ: Դրա համար էլ իմ գոյությունը ինձ չի բավարարում: Երբեք չի բավարարել: Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, բայց ես դժգոհ եմ իմ սոսկ գոյություն ունենալուց: Դժգոհ եմ, որովհետև կա անկասկած ավելին: Ավելին, քան սոսկ գոյություն ունենալն է: Դա այդ գոյությունը ապրելն է: Դա այդ գոյությունը կենսագործելն է: Որը տեղի է ունենում միայն ստեղծագործության մեջ: Իսկ այստեղ իր հերթին գոյություն ունի ինտենսիվությունների սանդղակ, ուր տարբեր մակարդակների վրա արձանագրվում է տարբեր ինտենսիվությունների կյանքը:
Ուրեմն, գոյություն ունենալ դեռ չի նշանակում ապրել: Եվ միայն ապրելով ենք մենք իրականացնում կյանքը: Իրագործում ենք կյանքը: Իսկ դա հնարավոր է միայն Ես-ի որոշակի ակտիվության դեպքում՝ այսինքն, երբ մենք սկսում ենք ձգտել Ես դառնալ: Մարմնավորել Ես-ը: Այն իրոք աշխատացնել մարմնի կամ ավելի ճիշտ մարմինների մեջ: Մարմիններն այդ պահին ավելի են իմաստավորվում, և մենք ավելի դինամիկ ենք սկսում վերապրել մեր գոյությունը: Մենք սկսում ենք ապրել:
Այստեղից էլ սկսվում է կյանքը:
Որակական տարբեր ձևերով դա տեղի է ունենում թե կամքի, թե զգացմունքի և թե մտքի ոլորտում: Մենք իրոք սկսում ենք ապրել:
Մենք իրագործում և դրանով էլ հաղթահարում ենք մեր բիոլոգիան: Դադարում ենք սոսկ կենսաբանության ապացույց լինելուց: Փոխվում են անգամ քիմիական ռեակցիաները: Փոխվում է բջիջների կենսագրությունը մերի հետ միասին: Գիտակցությունը մտնում է նոր փուլ:
Աշխարհը հասկանալի է միայն հիմարներին: Աշխարհի հսկա գաղտնիքն է մեզ ստիպում ապրել: Մենք դատապարտված ենք ապրելու Աստվածային այս հանելուկի լուծման համար:
Մենք դատապարտված ենք կենսագրության: Մենք վկաներն ենք այս կատակերգության և դերակատարներն այս ողբերգության, բեմն ու հանդիսականն այս ահռելի գործողության:
Ապրում ենք տուրիզմի դարաշրջանում: Զբաղված ենք տուրիզմով: Այս կյանքն ապրում ենք տուրիստների նման: Ընդամենը հպվում ենք կյանքին, ինչպես տուրիստները տեսարժան վայրերին, հուշարձաններին և աշխարհագրություններին: Քանզի կյանքը հիմնականում չի ապրվում, քանզի ժամանակն ու էներգիան վատնվում է դատարկության հուշարձանն անդադար զարդարելու վրա և որովհետև մենք հեռացել ենք մեր իմաստից, ուրեմն մեր առջևում է տարերային աղետների դարաշրջանը, որն ի դեպ արդեն թևակոխել ենք մենք և սրընթաց գլորվում ենք համաշխարհային աղետների հորձանուտը, կարծես աննախադեպ երջանկությանն ընդառաջ:
Միայն աղետներով է հնարավոր զգոնացնել մարդու բթացված ընկալողությունը: Այստեղ է թաքնված տառապանքի գաղտնի իմաստը: Ճիշտ վերապրված տառապանքն է այն բանալին, որ նոր զգայարաններ է բացում այս անկրկնելի գոյության հրաշքն ընկալելու համար:
1993թ.»
Այժմ ես գոյություն ունեմ: Իմ գոյության մասին ես որոշակի պատկերացում ունեմ: Չնայած այդ պատկերացումը որոշակի զարգացում է…
Posted by Ara Gurzadyan on Wednesday, March 24, 2021