«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե միսս Մոնիկա Գրիգորյանը, որի թեկնածություն առաջադրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։ Նրանք այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ խոսեցին մրցույթի նախապատրաստական աշխատանքների, դժվարությունների ու ակնկալիքների մասին։
Մոնիկա Գրիգորյան
«Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներն օրեր առաջ հայտարարություն տարածեցին, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգված «Միսս տիեզերք 2020»–ը կայանալու է, իսկ մասնակից պետություններին էլ հնարավորություն տրվեց ազգային մրցույթ անցկացնելու փոխարեն միանգամից առաջադրել սեփական թեկնածուին։ Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 16-ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում։ Հայաստանը ներկայացնող մասնակիցը կմեկնի Նյու Յորք, այնտեղ 10 օր կմասնակցի մրցույթի նախապատրաստական փուլին, որից հետո միայն կմեկնի Ֆլորիդա։
«Մոնիկա Գրիգորյանին թեկնածությունն առաջադրելու որոշումը եղել է իմը, բայց հիմնվել եմ հանրության կարծիքի վրա, քանի որ «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի առցանց քվեարկության ժամանակ հասկացա, թե հանրությունն ինչքան է հավանել Մոնիկային։ Բացի այդ, Մոնիկան տարեվերջին պատրաստվում է մեկնել մեկ այլ միջազգային մրցույթի և երկար ժամանակ է, ինչ նախապատրաստվում էր։ Այսօր Մոնիկան ամենապատրաստի թեկնածուն է»,–ասաց «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը։
Այժմ ամենամեծ խնդիր այն է, որ դեսպանատները փակ են, և վիզա ստանալը գրեթե անհնար է, բայց Գոհարն անձամբ է դիմել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին և հույս ունի, որ վիզա ստանալը խնդիր չի լինի։ Չէ՞ որ այժմ բոլոր երկրներում կա նույն խնդիրը , բայց մարդիկ եթե այլ երկրներում վիզա ստանում են, ուրեմն Հայաստանում էլ պետք է ստանան։
Մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկան 21 տարեկան է, ծնունդով Վանաձորից, վերջին երկու տարիներին ապրում է Երևանում։ Սովորում է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներին։
Մոնիկայի խոսքով`ինքը մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ է ընդունել Գոհարի առաջարկը։
«Երբ մասնակցում էի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթին, ի սկզբանե անվստահ էի, շանսերս շատ ցածր էի գնահատում և չէի մտածում, որ որևէ տիտղոսի կարժանանամ։ Առցանց քվեարկությունից հետո հասկացա, որ ժողովուրդը սիրել է ինձ։ Այդպես սկսվեց իմ մոդելային կարիերան։ Այս տարիների ընթացքում համագործակցել եմ շատ դիզայներների հետ, նկարահանվել եմ տարբեր հոլովակներում։ Այս մրցույթից առաջ լարվածությունը կա, որովհետև պատրաստվելու ժամանակը շատ քիչ է, բայց փորձում ենք ամեն ինչին դրական տեսանկյունից նայել և հաճույքով աշխատել»,– ասաց Մոնիկան։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am