Դատարանը 80 դոլարով տուգանել է Ճապոնիայի բնակչին, որին մեղադրում էին Netflix-ով հեռարձակվող Terrace House («Պատշգամբով տուն») իրապատում-շոուի աստղին՝ Հանա Կիմուրային վիրավորելու համար։ Նախագծի 22-ամյա մասնակիցը վերջ է տվել կյանքին, հայտնում է BBC-ն։
2020թ․-ի մայիսին Կիմուրան ինքնասպանություն է գործել սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորանքների պատճառով։ Շոուի հեռուստադիտողները նրան մշտապես քննադատել են բնավորության ու պահվածքի համար։ Տղամարդը, որին տուգանել են, իր էջում Կիմուրայի հասցեին վիրավորական հրապարակում է արել՝ հարցնելով, թե երբ է նա վերջապես մահանալու։ Իրապատում-շոուն, որը Ճապոնիայում հեռարձակվում էր 8 տարի, մասնակցի մահվանից հետո փակել են։
«Terrace House»-ը պատմում էր վեց երիտասարդների մասին, որոնք փորձում են ապրել մի տանը։ Սոցիալական ցանցերում Կիմուրայի հասցերին վիրավորանքները սկսվել են, երբ էպիզոդներից մեկի ընթացքում նա վիճել է սենյակում իր հետ ապրող հարեւանի հետ։
Ինքնասպանությունից առաջ նա լուսանկար է հրապարակել, ակնարկել, որ իրեն ցավեցրել է հալածանքը համացանցում, հրաժեշտ է տվել։ Instagram-ում վերջին լուսանկարը, որում նա պատկերված է կատվի հետ, Կիմուրան ուղեկցել է հրաժեշտի խոսքով ու ներողությամբ։