Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի համար «Դեպի ճամբար» սիթքոմում նկարահանվելը կարևոր փոփոխություն էր։ Մինչև այդ, հիմնականում, հեռուստասերիալներում խաղացած դերասանուհին այս ժանրում առաջին անգամ էր ներկայանում։
Հետաքրքիր զուգադիպությամբ «Դեպի ճամբարում» նկարահանվելու առաջարկը ստացավ հենց այն օրը, երբ հարցազրույց տվեց Tert.am Life-ին ու ասաց, որ հասունացել է ժանրային փոփոխություն անելու պահը։
Թեև սիթքոմի նկարահանումները ամռանն են կայացել, այն եթերում հայտնվեց այս եթերաշրջանում։ Առաջին սերիաների հեռարձակումից հետո Ժաննան հանդիպել է Tert.am Life-ի հետ զրուցել նոր փորձի, անծանոթ թիմի, նախագծի համար արված ոճային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին։
Ուզում եմ ասել՝ սիրում եմ, և դա ինձ լավ էմոցիաներ է տալիս
«Առհասարակ, սիրում եմ փոփոխություններ։ Երբ ինչ-որ բան շատ երկար է տևում, սկսում եմ դրանից էներգիա չստանալ, միայն իմ էներգիան սպառել։ Փոփոխության կարիք կար, որպեսզի ես թարմանայի, և դա կատարվեց․ այս առաջարկը ստացա հենց այն ժամանակ, երբ շատ էի ուզում փոփոխություն։ Կարծում եմ՝ ինքս պատրաստ էի դրան։ Կյանքում ամեն բան է այդպես։ Մենք կարող ենք շատ ուզել մի բան, բայց պատրաստ չլինենք դրան։ Ես միշտ ասում եմ, որ Աստծո պլանը կատարյալ է։ Դու ստանում ես այն, ինչ ցանկանում ես ճիշտ ժամանակին,– ասաց Ժաննան ու հավելեց,– Սա ինձ համար նոր փորձ էր։ Հասկացա՝ ինչ է նշանակում նկարահանվել կատակերգությունում։ Մարդիկ չէին պատկերացնում ինձ այսպիսի կերպարում։ Իմ աշխատանքային գնահատական տալ չեմ ուզում, միայն կասեմ, որ լավ է, որ մարդիկ ընդունեցին Ալյոնային․հուսախաբ չարեցի ոչ իմ թիմին, ոչ էլ հեռուստադիտողներին»։
Դերասանուհին նկատեց, որ լսարանի տարիքային խմբում փոփոխություն կա, քանի որ սիթքոմը շատ է հետաքրքրում նաև պատանիներին։ Դերասանուհին նկատեց, որ սիթքոմի նկարահանումներն ինքնին ուրախ էին անցնում, քանի որ աշխատանքային ամբողջ օրը հումորային ձևաչափում էր անցնում։
«Չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին, օրերն ուրախ էին անցնում, որովհետև պատմությունը հումորային էր։ Ամեն տեսարանի ընթացքում, վերջում լիցքաթափվում էինք, այդ դրական էմոցիաներով գնում քնելու։ Այս նախագծի մասին խոսելիս ուզում եմ ասել՝ սիրում եմ, և դա ինձ լավ էմոցիաներ է տալիս։ Հումորն իմ էությանն ու ապրելաոճին ավելի մոտ է»,– ընդգծեց նա։
Ժաննայի խոսքով՝ իր առաջարկների բնույթը դեռ չի փոխվել․ ավելի շատ սերիալներում խաղալու առաջարկներ է ստանում։ Թե հետագայում ինչ նախագծում կներկայանա, ինքն էլ չգիտի․ «Չեմ սիրում խոսել ապագայի մասին։ Եթե այս պահին ընտրելու լինեի սերիալի և սիթքոմի միջև, կընտրեի սիթքոմը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Այս շրջանում չեմ նկարահանվում, քանի որ նախագծից նախագիծ ես կարիք եմ ունեմ դադարների, որպեսզի ինքս էմոցիոնալ առումով լցվեմ և տալու բան ունենամ»։
Ամբողջությամբ՝ tert.am