Երեկվանից մեծ իրարանցում է առաջացրել հայ գերիների վերադրձի մասին լուրը, որն ավելի ուշ հերքվեց: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե «Էրեբունի» օդանավակայան է վայրէջք կատարելու հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը Երեւան է ժամանել առանց գերիների, ինչն էլ զայրացրեց նրանց հարազատներին:
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը», – ասել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Սակայն հետաքրքիր է, որ Flightradar24.com կայքում, որտեղ հնարավորություն է առկա տեսնել թռիչքները, երեւում է, որ Բաքու-Երևան և Երևան-Բաքու ուղղություններով ընդամենը 1 չվերթ է տեղի ունեցել երեկ: Ընդ որում՝ ժամը 14։00-ի սահմաններում՝ Երևանից Բաքու ուղղությամբ։