Ապրիլի 29-ից մեծ էկրաններ կբարձրանա «Մի անգամ դպրոցում» գեղարվեստական ֆիլմը, որտեղ խաղում են Մկրտիչ Արզումանյանն ու նրա որդին՝ Ալեքսանդրը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Վահագն Գալստյանը, Արա Սարգսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Դալիթան, Արթուր Բեգջանյանը, Սերժ Առաքելյանը, Անուշ Համբարձումյանը։
Ֆիլմի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է։ Վերջինս «Դոմինո», «Փափուկ խաղալիք», «Ֆեյք մամա», «Ֆեյք պապա» և այլ սիթքոմների ռեժիսորն է։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ սա մանկապատանեկան սյուժեով ֆիլմ է՝ նախատեսված ամբողջ ընտանիքի համար։
«Մեր առաջ 2 հիմնական նպատակ էինք դրել․ առաջինը՝ փորձել երեխաների մոտ սեր արթնացել ընթերցանության հանդեպ, որպեսզի նրանք կտրվեն հեռախոսներից և կարդալու ցանկություն ունենան, երկրորդը՝ կրկնօրինակելու համար ճիշտ հերոսի ընտրելը։ Կարևոր է ուղղորդել երեխաներին, թե որտեղ կարելի է գտնել իսկական հերոսի, որին իսկապես պետք է ընդօրինակել, ոչ թե փողոցից, սերիալներից, Ինստագրամից կեղծ, սուտ, տգետ կերպարների հերոսացնել»,– ասաց նա ու հավելեց, որ ֆիլմում ունեն նաև գրքային հերոս։
«Պատմությունը ծավալվում է մի երեխայի շուրջ, որի ձեռքին հայտնվում է «Դոն Կիխոտը»։ Գրքային հերոսներ շատ կան, սակայն ընտրեցինք այս հերոսին, քանի որ անվախ է, քաջ, արժեքները հստակ են և չեն փոփոխվում։ Անձնուրաց ասպետ է, որին կարելի է ընդօրինակել։ Փորձում ենք երեխաներին ժամանակակից գաջեթներից շեղել դեպի ընթերցանությունը։ Դոն Կիխոտին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը, իմ կարծիքով, շատ էր հավանել սյուժեն և գաղափարը։ Առհասարակ, բոլոր դերասանների հետ քննարկումների ժամանակ նկատում էի նրանց աչքերի փայլը, երբ իմանում էին՝ ինչի մասին է ֆիլմը։ Մեծ մասն իրենք էլ ծնող են և ոգևորվում էին մտքից, որ գուցե թեկուզ մեկ երեխայի մոտ կարող են սեր ու պատրաստակամություն արթնացնել դեպի ընթերցանությունը»,– ասաց ռեժիսորը։