ԱԺ-ում ծափահարողները անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛լ ավելի է ոգևորվելու և է՛լ ավելի կտրուկ է արտահայտվելու բոլոր այն գործիչների հասցեին, ովքեր չեն գիտակցի նրա «մեծությունն ու բացառիկությունը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:
«Անկախացումից հետո Հայաստանում միշտ խոսվել է մերիտոկրատիայից (բառացիորեն «արժանիների իշխանություն»՝ կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից…):
Ակնհայտ է, որ 30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել հասնել այդ բաղձալի նպատակին։ Այդ առումով, սակայն, վիճակը երբեք այսքան օրհասական չի եղել, ինչքան այսօր, երբ պաշտոններ ստանում են ոչ թե արժանիներն, այլ նրանք, ովքեր ուղղակի կհամաձայնեն աշխատել այս իշխանության հետ (վերաբերում է նոյեմբերի 10-ից հետո եղած նշանակումների ծանրակշիռ մեծամասնությանը…)։ Մի փոքր մանրամասնեմ.
Շատերը կհիշեն, որ մերիտոկրատիայի մասին խոսույթը հատկապես 2018թ-ի դեպքերից հետո շատ արդիական դարձավ։ Առաջին հայացքից թվում էր, թե խանգարող ոչինչ չկա, և դա իրագործելու համար իդեալական պայմաններ են ստեղծվել։ Բայց միայն առաջին հայացքից։ Կարճ ժամանակ էր պետք հասկանալու, որ ժողովրդական դժգոհության լայն ալիքը «մոդեռացնող» անձը կաշկանդվածություն, կոմպլեքսներ, ատելություն, անձնական խնդիրներ ունի խելացի, արժանի, վաստակաշատ, կայացած, պրոֆեսիոնալ, սեփական կարծիք ունեցող… մարդկանց հանդեպ։ Ինչու՞։ Որովհետև նա ինքը միջակություն է։ Ընդ որում, միջակություն է իր ամբողջ կյանքով՝ սկսած մանկությունից՝ բակից, դպրոցից մինչև ուսում և մասնագիտական կարիերա (լրագրություն), իսկ այժմ էլ` երկրի վարչապետ։ Այդ կոմպլեքսների ապացույցներն անթիվ են։ Նշեմ զուտ վերջին թարմ դրսևորումներից մեկը։
Երբ հայտնի անձը երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, լինելով անձամբ միջակություն՝ ձախողված ղեկավար, կանգնում է ԱԺ բարձր ամբիոնի մոտ ու պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգայնագետ, ֆինանսիստ, դասախոս, Ազգային Ժողովի պատգամավորի հարցին (ընդ որում՝ շատ տեղին) արձագանքում է վիրավորական, իռոնիկ, լկտի տոնով, կարծես թե պատերազմ հաղթած առաջնորդ է, այլևս ամեն ինչ ասված է։
Հայտնի անձն իր այդ քայլով ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ՝ ժողովրդավարություն, կրթության և գիտության առաջնահերթություն, մանկավարժի մասնագիտության կարևորում, մերիտոկրատիա, հաշվետվողականություն, պատասխանատվություն, քաղաքական կառուցողական բանավեճ և այլն։ Իրական վերաբերմունքն այն է, որը նա ցույց է տալիս իր առօրյա վարքագծով, ոչ թե խոսքով։
Իսկ ամենացավալին այն է, որ նրա քաղաքական թիմում այդ նողկալի պահվածքին ծափահարողներ եղան։ Վերջիններս դեռևս փաստորեն չեն հասկացել (կամ չեն ուզում հասկանալ), որ անկախ նրանց ունեցած անձնական վաստակից (նրանք, ովքեր ունեն դա…), այն պահին, երբ մի փոքր ինքնուրույնություն կամ «ղեկավարի գծից» մի փոքր շեղվով կարծիք հայտնեն, նույն վերաբերմունքին են արժանանալու։
Դրանից էլ մի քանի եզրակացություն.
ծափահարողները երբեք նման տարբերվող վարքագիծ չեն դրսևորի։ Նրանք անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛լ ավելի է ոգևորվելու և է՛լ ավելի կտրուկ է արտահայտվելու բոլոր այն գործիչների հասցեին, ովքեր չեն գիտակցի նրա «մեծությունն ու բացառիկությունը»։ Մարդը սիրում է ծափեր, ի՞նչ անի։
Նշված պատճառներով է (և ոչ միայն…), որ 30 տարվա ընթացքում մենք ոչ թե մոտեցանք, այլ ավելի հեռացանք մերիտոկրատիայից։
Հուսամ,ոչ վերջնականապես։
Հ.գ. երբ դառնում ես շա՜տ ավելի վատը, քան այն, ինչի դեմ պայքարում էիր»,- գրել է Ջուլֆալակյանը: