ArmenՅԱՆs. «Ջեյսոն Սթեթհեմի հետ, նույնիսկ, քննարկել ենք Հայաստանում ֆիլմ նկարահանել». Ռոման Միտիչյան՝ Հոլիվուդի «վատ տղան»
Advertisement 1000 x 90

ArmenՅԱՆs. «Ջեյսոն Սթեթհեմի հետ, նույնիսկ, քննարկել ենք Հայաստանում ֆիլմ նկարահանել». Ռոման Միտիչյան՝ Հոլիվուդի «վատ տղան»

Դերասան Ռոման Միտիչյանը Հոլիվուդում հայտնվել է շնորհիվ արեւելյան մարտարվեստի հմտությունների: Ատլետիկ կազմվածքով մեր հայրենակիցն իր կինո-կարիերան սկսել է՝ որպես կասկադյոր՝ այնուհետեւ մարմնավորելով հատուկ իր համար գրված դերեր: Ռոմանին կարելի է հանդիպել ամենահայտնի թրիլերներում, ինչպիսիք են՝ «Ջոն Ուիք», «Փախուստի ծրագիր 2», «Վրիժառուի օրագրերը», «Նոյեմբերի մարդը», «Խաչը», «Տարհանում» եւ այլն: Ռոմանը նաեւ նկարահանվել է Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմում:

Միտիչյանի խաղընկերների ցանկում այնպիսի աստղային անուններ են, ինչպիսին՝ Կիանու Րիվզը, Սիլվեստեր Ստալոնեն, Ջեյսոն Սթեթհեմը, Բրյուս Ուիլիսը, Ժան Ռենոն, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը եւ այլք:

NEWS.am STYLE-ն իր «ArmenՅԱՆs» խորագրում այսօր ներկայացնում է Ռոմանի պատմությունն ու հայկական արմատներին միշտ հավատարիմ մնալը, ինչպես նաեւ՝ Ջեյսոն Սթեթհեմի հետ հետաքրքիր պայմանավորվածությունը:

Դերասանը նշում է, որ արեւելյան մարտարվեստին տիրապետելն իրեն շատ է օգնել կայանալ Հոլիվուդում.

«Ինձ հրավիրում էին մասնակցելու կասկադյորական աշխատանքների, եւ դա ինձ մինչ օրս դուր է գալիս: Առհասարակ, ես հաճույք եմ ստանում ֆիլմարտադրության ցանկացած ընթացքից, լավագույն դերասանների հետ խաղից, եւ ինձ օրհնված եմ զգում, բայց, իհարկե, փառք եմ տալիս Աստծուն, քանի որ առանց Նրա օգնության ինձ մոտ ոչինչ հնարավոր չէր լինի: Այո, շատ ամերիկացիներ են գալիս Հոլիվուդ դերասան դառնալու համար, եւ կարծում եմ՝ իրականում շատ տաղանդավոր մարդիկ կան այստեղ, ամբողջ հարցը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: Հոլիվուդը մի վայր է, որտեղ քեզ կարող են անդադար մերժել, եւ գաղտնիքը չհանձնվելու մեջ է: Ինձ հաճախ չեն ընտրել որոշ դերերի համար, բայց բախտս բերել է՝ ի վերջո հանդիպել եմ մարդկանց, որոնք ինձ վստահել են, գնահատել աշխատանքս, ու ես սկսել եմ նկարահանվել CBS-ի եւ այլ հայտնի ընկերությունների նախագծերում: Այնքան մարդիկ կան, որոնց անունները կարող եմ նշել, բայց ցուցակը շատ երկար կստացվի. նրանց աջակցությունն անգին է, ու ես բոլորին անչափ սիրում եմ»:

Ռոմանը նկարահանման հրապարակում հայտնի գործընկերներին սիրում է պատմել Հայաստանի մասին, նրանք էլ՝ հետաքրքրությամբ են լսում նրա պատմությունները: Այդ զրույցներից մեկն, օրինակ, նպաստել է, որ հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկը ցանկանա Հայաստանում ֆիլմ նկարահանել.

«Ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ միշտ ամենուրեք պատմում եմ իմ Հայաստանի մասին՝ հայտնի աստղերից, մինչեւ պրոդյուսերներ ու ռեժիսորներ, որոնց հետ բախտ է վիճակվում աշխատել: Նրանք գիտեն, որ ես հայ եմ, բայց նրանք ինձ ընտրում են, որովհետեւ ես հարմար եմ լինում տվյալ դերին, եւ մենք՝ յուրաքանչյուրս, հարգում ենք մեկս մյուսին: Օրինակ՝ Ջեյսոն Սթեթհեմն իմ տասը տարվա ընկերներից է. մենք հաճախ ենք զրուցել Հայաստանից, անգամ քննարկում ենք ունեցել Հայաստանում ֆիլմ նկարահանելու հավանականության շուրջ: Կան շատ ուրիշ անվանի դերասաններ, որոնք, նույնիսկ, 44-օրյա պատերազմի օրերին ամբողջական աջակցություն ու նվիրաբերություն են ցուցաբերել Հայաստանին, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ նրանց»:

Ռոմանն ասում է՝ կապ չունի, թե ինչ ազգություն ունես. Հոլիվուդում հաջողության հասնելու համար պետք է ամեն վայրկյան աշխատել.

«Ինչ ազգի ներկայացուցիչ ուզում ես եղիր, միեւնույն է, պետք է ամեն օր դժվար աշատանք տանես այստեղ. ես հավատում եմ, որ այստեղ էլ կարող ես, անկախ ազգությունից, հասնել հաջողության, եթե ունես տաղանդ ու աշխատասիրություն: Կան շատ ոգեշնչող պատմություններ, որոնք ապացուցում են ասածս»:

Ի դեպ, Հոլիվուդի համար տարբերվող արտաքինը եւս նպաստում է, որ ռեժիսորները Ռոմանին տեսնեն որոշակի կերպարում.

«Սովորաբար, ինձ բաժին են ընկնում չարագործների դերերը: Արտասահմանցիների դերեր ստանում եմ շնորհիվ հայերենի ու ռուսերենի իմացության: Ես լուրջ եմ վերաբերվում ցանկացած դերի ու անընդհատ աշխատում ինձ վրա՝ ավելիին հասնելու համար»:

Խոսելով հայերի ու դժվարին ժամանակներ ապրող իր հայրենիքի մասին՝ Ռոմանն ընդգծում է.

«Կարծում եմ՝ մեր երիտասարդները կարիք ունեն լինելու ավելի ակտիվ, քանի որ մենք պետք է կարողանանք կառուցել ավելի ուժեղ Հայաստան: Դրա համար պետք է՝ մեր ազգն ավելի շատ աշխատի, պետք չէ լինել ալարկոտ: Մնացեք Հայաստանում, մի դատապարտեք մեկդ մյուսին, սկսեք ստեղծել, կառուցել: Այն, ինչի կարիքն ունենք այսօր, սերն է»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոման Միտիչյանի անձնական արիվից

style.news.am