Ալկոհոլը բոլորովին էլ մեր լյարդի միակ թշնամին չէ: Առօրյա եւ առաջին հայացքից անվնաս թվացող որոշ սովորություններ կարող են ոչ պակաս վնաս հասցնել նրան:
Վիտամիններ ընդունելը
Շատերը կարծում են, որ վիտամինային հավելումներ օգտագործելով՝ ինչ-որ լավ բան են անում իրենց առողջության համար: Սակայն վիտամին A-ի եւ վիտամին B3-ի (նիացին) բարձր դեղաչափերը բացասաբար են ազդում լյարդի վրա: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտակար նյութերը սննդից ստանալ։ Դրա համար սննդակարգը հնարավորինս բազմազան պետք է լինի:
Դեղորայք ընդունելը
Լյարդը քայքայում է ինչպես ալկոհոլից, այնպես էլ դեղամիջոցներից առաջացող տոքսինները: Պարբերաբար դեղեր ընդունող մարդիկ իրենց լյարդը վնասելու ռիսկի են դիմում: Եթե դեղորայքային բուժման ընթացքում սկսել եք ցավ զգալ որովայնի վերին մասում, անպայման դիմեք բժշկի: Նույնիսկ շատ «տարածված» դեղամիջոցները, ինչպիսին է պարացետամոլը, կարող են վնասել լյարդը:
Ավելորդ քաշ
Շատերը թերագնահատում են լյարդի վրա իրենց ավելորդ կիլոգրամների կործանարար ազդեցությունը: Մինչդեռ դրանք կարող են նշանակել, որ ավելորդ ճարպը կուտակվում է նաեւ նրա բջիջներում, ինչը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ֆիբրոզի եւ ցիռոզի: Առօրյա կյանքում կարեւոր է վերահսկել այն սովորությունները, որոնք հանգեցնում են գիրության, եւ ազատվել ավելորդ քաշից:
Սերը մրգերի հանդեպ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ մրգային շաքարի (ֆրուկտոզա) կլանումը մեծացնում է լյարդի ճարպակալումը: Այն դեպքում, երբ շատ մարդիկ իրենց սննդակարգում փորձում են խուսափել ճարպերից եւ ածխաջրերից, նրանք կարող են ուշադրություն չդարձնել իրենց կողմից օգտագործվող մրգերի քանակի վրա: Նման սխալ թույլ մի տվեք։