«Մոր խոստումը», «Շիրազի վարդը» հեռուստասերիալներից լայն լսարանին հայտնի դարձած դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն «Օջախի երգը» հեռուստասերիալում հնարավորություն ունեցավ ներկայանալ բոլորովին այլ տեսանկյունից։ Մինչև այս բացասական կերպարներ խաղացած դերասանուհին, հիմա ֆիլմի հերոսուհին է՝ բարի, անմեղ աղջիկ, որի սիրային գիծը ձևավորվում է սերիալներում սրտակեր համարվող դերասան Կարեն Ասլանյանի հետ։
Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Հռիփսիմեի հետ նոր դերի, Կարեն Ասլանյանի հետ հարաբերությունների և ոչ միայն դրա մասին։ Երիտասարդ աղջկան արհեստական շատ միջամտություններ են վերագրում, որոնց մասին ևս խոսել ենք։
Հանգստանալուց էլ հոգնեցի
Հունվարին մեզ տված հարցազրույցում Հռիփսիմեն ասել էր, որ սպառվել է, դադար կվերցնի։ Ամիսներ անց, սակայն, նրան տեսանք նոր նախագծում։ Ասում է՝ մի քանի ամիսը բավական էր հանգստանալու, կարոտելու և սիրելի աշխատանքին վերադառնալու համար։
«Այն ժամանակ ինձ հանգիստ էր անհրաժեշտ: 2 տարի աշխատել էի առանց դադարի, 2 նախագծի միջակայքում նույնիսկ 1 օր չէի հանգստացել։ Պատերազմն ու պանդեմիան էլ էին սպառել բոլորիս։ Այս ընթացքում հասցրեցի մի քանի առաջարկ մերժել։ Մոտ վեց ամիս հանգստացա, բայց հանգստանալուց էլ հոգնեցի: Աշխատել է պետք: Դերասանի մասնագիտության համար սա նորմալ երևույթ է՝ մեկ ուժեղ ցանկություն է լինում աշխատելու, մեկ էլ՝ սարսափելի հոգնություն՝ ճիշտ տարվա եղանակների պես: Հիմա գարուն է, ես էլ լեցուն եմ նոր կորովով, ստեղծագործելու մեծ ցանկությամբ»,– ասաց նա։
Ամբողջությամաբ՝ tert.am.life