Գազի հետ համադրությամբ ալկոհոլը կարող է առողջության համար խմելու ամենավտանգավոր տարբերակներից մեկը համարվել, կարծում է բրիտանացի բժիշկ Սիմրան Դիոն:
LADBible պարբերականին տված հարցազրույցում մասնագետը նշել է ըմպելիքների առավել վտանգավոր տեսակները: Առաջին տեղը զբաղեցնում են ալկոհոլային խմիչքները, որոնք արագորեն յուրացվում են օրգանիզմի կողմից եւ նպաստում են ալկոհոլի մասնատման գործընթացում առաջացած տոքսինների հատկապես բարձր կոնցենտրացիայի կուտակմանը: Այդ ըմպելիքների թվում են փրփրուն գինիները եւ ջին-տոնիկը:
Ըստ մասնագետի՝ գազավորված ըմպելիքներն ու կոկտեյլները կարող են առաջացնել ամենաարագ եւ ամենաթունդ հարբեցումը, քանի որ դրանք գազ են պարունակում, որը մեծացնում է ճնշումը ստամոքսի վրա:
Բարձր ալկոհոլ պարունակող ըմպելիքները նույնպես շատ վտանգավոր են առողջության համար, հավելել է փորձագետը:
Սիմրան Դիոն խորհուրդ է տալիս նաեւ մի երեկոյի ընթացքում տարբեր ըմպելիքներ չխառնել. տարբեր թնդության ըմպելիքների համատեղումից մարդը կարող է հեշտությամբ կորցնել վերահսկողությունը խմիչքների քանակի նկատմամբ եւ ավելի ուժեղ հարբել: