Սննդաբան Էմի Գուդսոնը (ԱՄՆ) պնդում է, որ հատապտուղները ամենաառողջարար պտուղներն են: Ըստ Գուդսոնի՝ դրանք շատ ավելի օգտակար են, քան մրգերը:
«Հատապտուղները հարուստ են բուսական մանրաթելերով, վիտամին C-ով եւ ֆլավոնոիդներով, որոնք հզոր հակաօքսիդիչներ են», – ասել է նա:
Ըստ Էմի Գուդսոնի՝ հատապտուղները պարունակում են ավելի շատ բուսական մանրաթելեր, քան ցանկացած միրգ: Օրինակ՝ մեկ բաժակ ազնվամորին կամ մոշը պարունակում են 8 գրամ մանրաթել, այսինքն՝ օրական չափաբաժնի մեկ երրորդը: Դրանք նպաստում են մարսողությանը, ընդ որում՝ կարող են օգտակար լինել նիհարելու ժամանակ:
Ծերացումը դանդաղեցնող հակաօքսիդանտների քանակով միայն նուռը կարող է մրցել հատապտուղների հետ: Իսկ հատապտուղների մեջ, ըստ Գուդսոնի, հապալասը ամենից օգտակարն է, քանի որ պարունակում է ամենաշատ հակաօքսիդիչները:
Հատապտուղները, ըստ մասնագետների, կարելի է ավելացնել հացահատիկային կաթի, վարսակի շիլայի կամ մածնի մեջ: Դրանք կարելի է օգտագործել խմորեղենի եւ աղցանների մեջ, պատրաստել սմուզի եւ հյութեր: Կարելի է նաեւ ըմբոշխնել որպես բնական աղանդեր: