Ինչո՞վ է վտանգավոր ձեռնաշարժությունը. մեկնաբանում է սեքսոպաթոլոգը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է վտանգավոր ձեռնաշարժությունը. մեկնաբանում է սեքսոպաթոլոգը

Ձերնաշարժությունը (հոմանիշ` ինքնաբավարարում, ձեռնահարություն, մաստուրբացիա) էրոգեն (տարփածին)  գոտիների, հաճախ` սեփական սեռական օրգանների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով:  

Ձերնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ: Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի և ֆիզիկական զարգացման (աքսելերացիա) գործընթացով: Այսպիսով` ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է:

Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել` դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները: Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները): Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռական դաստիարակության կոպտագույն սխալներ:

Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժություն սովորել հասակակիցներից: Առողջությանը ձեռնաշարժության բացասական ազդեցությունը պայմանավորված է ամենից առաջ դրա` չհիմնավորված, չափազանցված և մոգոնված բացասական հետևանքների հանդեպ վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա): Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է հանգեցնել սեռական ոլորտի վրա և կարող է նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանցի բխող անբարենպաստ հետևանքներով հանդերձ:

Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժության գործողությունից հետո դեռահասը, սովորաբար, իրեն ճնշված է զգում` իր կամազրկության գիտակցման կապակցությամբ: Հաճախ նա ջանում է (թեև ոչ մշտական հաջողությամբ) պայքարել ձեռնաշարժության դեմ, ամաչել դրանից: Որպես կանոն, ձեռնաշարժությամբ զբաղվում են այն դեռահասները, ովքեր շատ ազատ ժամանակ և չօգտագործվող էներգիա ունեն, ինչպես նաև պատշաճ ուշադրության չարժանացած դեռահասները:

Ամենահաճախ հանդիպող տեսակը կոչվում է պատանեկան հիպերսեքսուալության շրջանի մաստուրբացիա: Պատանեկան շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է կենսասոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք: Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրա¬վա¬բա-նորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով: Ծնողները պետք է գիտենան, որ այս շրջանի ձեռնաշարժությունը համարվում է նորմալ, բոլորովին պետք չէ հերթապահել զուգարանի կամ բաղնիքի կողքին՝ անդադար նայելով ժամացույցին: Առավել ևս՝ ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել այն, կամ վախեցնել նրանով, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման:

Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը:

Օրվա ընթացքում մի քանի անգամ (6-8) ձեռնաշարժությունը կոչվում է ախտաբանական, որն անհրաժեշտ է կանխել: Բայց պետք է պայքարել հմտորեն` անհատական զրույցների ու լրջմիտ խորհուրդների տարբերակով: Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու նկատողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար: Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխաների ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանը և նրա հոգեբանական վերակառուցմանը: Անհարկի ձեռնաշարժությունը կանխելու համար երեխային պետք է պառկեցնել քնելու այնպես, որ ձեռքերը լինեն վերմակի մակերևույթին, հագուստը չպետք է նեղ լինի: Անհրաժեշտ է երեխային վարժեցնել բավականաչափ շարժուն, ակտիվ ապրելակերպին, հանրության հետ հաղորդակցմանը, օրգանիզմի կոփմանն ու սպորտով զբաղվելուն: Դեռահասներին անհրաժեշտ է ներգրավել նրա հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ:

Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները: Պետք է նշել, որ նրանք հաճախ օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնք հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են չափերով մեծանալ: Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և բացելով իրարից:

Եթե տղամարդկանց ձեռնաշարժությունն առավել հաճախ հանդիպում է 13-18 տարեկան հասակում և ավարտվում մոտավորապես 25-27 տարեկանում, ապա կանանց ձեռնաշարժությունը, հակառակը, 25 տարեկանից հետո խթանվում է և իր առավելագույն հաճախականությանը հասնում 30-50 տարեկանում:

Պատճառն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո): Բացի այդ, կանայք, որպես կանոն ձեռնաշարժությամբ զբաղվում են ինքնուրույն` առանց միջավայրի ազդեցության և հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են:

Իգական սեռի ներկայացուցիչները պետք է կրեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափի այլ պարագաներ: Մեծահասակների զգայուն վերաբերմունքը, նրանց ժամանակին ու նրբանկատ օգնությունը կնպաստեն խուսափելու երեխաների ու դեռահասների վատ սովորությունից:

 ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

 սեքսոպաթոլոգիայի կլինիկայի

 բժիշկ-սեքսոպաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ