Մերի Քոչարյանը հունիսի 10-ին նշել է ծննդյան 18-ամյակը: Երգչուհին NEWS.am STYLE-ին է տրամադրել օրերս կայացած ծննդյան խնջույքի լուսանկարներն ու պատմել չափահաս դառնալու միակ տարբերության ու կատարված երազանքի մասին:
«Եթե անկեղծ՝ որևէ նոր զգացողություններ կապված տարիքիս հետ չեմ ունեցել, պարզապես կարող եմ նշել, որ եռակի երջանիկ եմ եղել, որովհետեւ ծննդյանս օրը քննություն ունեի, եւ նշելուց ժամեր առաջ իմացա դրա արդյունքը, ինչն ստիպեց լինել այդ օրն ավելի երջանիկ, քան երբեւէ: Ինչ վերաբերում է տարիքին, երեւի, միակ բանը, որ կարող էր հիշեցնել 18 տարեկան լինելուս մասին, առաջին անգամ ծննդյանս օրը կրած բարձրակրունկ կոշիկներն էին»,-ժպիտով նշեց Մերին:
Երգչուհին իր հատուկ օրն անցկացրել է մտերիմների շրջապատում.
«Օրս նշել եմ հիանալի՝ ավելի լավ, քան կարելի էր պատերացնել. իմ կողքին իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ էին, որոնց բոլորի դեմքը նույնքան անկեղծ ժպիտներով էր լեցուն, որքան՝ իմը: Չի եղել ինչ-որ պահ, որ չուրախանանք, չպարենք , չժպտանք, եւ այդպիսով բոլոր պահերն ինձ համար եղել են ամենատպավորիչն ու ամենաանկեղծը: Իմ ընկերների շնորհիվ ունեցել եմ բազում անակնկալներ՝ մեկը մյուսից լավը»:
Ծննդյան օրը Մերին պահել է երկու երազանք, մեկը՝ երկրի համսր, մյուսն՝ անձնական:
«Պահել եմ, որ մեր երկրում տիրի խաղաղություն, և որ քննությունս հանձնեմ լավ: Ուրախությամբ կարող եմ նշել, որ երազանքս իրականացավ, իսկ, առհասարակ, միշտ ունեմ նույն երազանքները, որոնք չեմ սիրում բաձրաձայնել»:
Ի դեպ, Մերիի երաժշտական պասիվությունն էլ պայմանավորված է նրանով, որ օրերս դպրոցն ավարտած երգչուհին այս շրջանում պատրաստվում է ընդունելության քննություններին:
«Գիտեմ, որ այս ընթացքում մի փոքր պասիվ եմ եղել, պատրաստվում եմ համալսարան ընդունվել, բայց շուտով կունենամ նորություն: Գիտեմ, որ իմ երկրպագուները շատ էին սպասում դրան, չեմ ցանկանա փակագծերը բացել, բայց երբ ավարտեմ իմ մյուս քննությունները, նորության մասին կտեղեկացնեմ»,-հավելեց նա: