Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգեր են գրանցվել՝ կոչ անելով արցախցիներին, որպեսզի զերծ մնան նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմեն ԱՀ ԱԱԾ։
Նշեմ, որ տեղեկատվական սադրանքների ամենատարբեր դրսևորումներ ունեցել ենք նաև ապրիլյան պատերազմից հետո, դրանք տարբեր ժամանակահատվածներում՝ իրավիճակից կախված, տարբեր առանձնահատկություններ են ունենում:
Նաև ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, ադրբեջանական տեղեկատվական սադրանքները կարող են ունենալ այլ դրսևորումներ:
Արցախի ԱԱԾ հորդորը՝ «զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է», խնդրի լուծում չէ:
Այդ քննարկումներն անընդհատ լինելու են և եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն կամ չչեզոքացվեն, ապա դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր:
Տեղեկատվությունը քողարկելը, անիմաստ հերքելը ոչ մի խնդիր չի լուծում: Անհրաժեշտ է հանրության հետ ճիշտ աշխատել, բնակչությանն ապահովել օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվությամբ, մատչելի ձևով ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու գնալ դրանց լուծումների հետևից:
Ինչ վերաբերվում է արցախցիների շրջանում՝ ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծմանը, ապա դա հետևանք է ներքին և արտաքին քաղաքականությունում տարվող գործընթացների, Արցախի 75 տոկոսի հանձնման, Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցի փակման, Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլ ոչ թե ադրբեջանական հեռախոսազանգերի վերաբերյալ քննարկումներին:
Խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ճիշտ ախտորոշումը, եթե դա չկա, ապա խնդրի լուծումները չեն կարող արդյունավետ լինել:
Արցախի ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխման, չեզոքացման ուղղված աշխատանքը, դրան ուղղված նոր անվտանգային մեխանիզմներ գործարքի:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: