Հոլիվուդյան աստղ, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը հայտարարել է, որ դեռ կրկնօրինակման դերասաններ է փնտրում Հայաստանում: Համապատասխան գրառումը նա արել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Հատկանշական է, որ նա գրառմանը կցել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի (ժողովրդին ավելի հայտնի է որպես տատիկ-պապիկի կամ արցախյան բարբառով՝ դեդո–բաբոյի արձան) լուսանկարը։
Դերասանը նշել է նաև լուսանկարի հեղինակին՝ Նարե Գևորգյան։
Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Հայաստանի մասին ֆիլմի նկարահանումների մասին հայտարարել էր նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին։ Նա ասել էր, որ նոր նախագիծ է իրականացվում hitRECord հարթակում։
Այն ժամանակ Facebook-ի իր էջում դերասանը գրել էր, որ նախագիծն ամբողջ աշխարհին կմիավորի Հայաստանի ժողովրդին սատարող հզոր կարճամետրաժ ֆիլմի համատեղ ստեղծման շուրջ։