Ինչպե՞ս նվազագույնի հասցնել «սեւ բորբոսի» տարածումը. ԱՀԿ խորհուրդները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել «սեւ բորբոսի» տարածումը. ԱՀԿ խորհուրդները

Միջին եւ ծանր COVID-19-ի բուժման ժամանակ հարկավոր է նվազագույնի հասցնել հորմոնալ դեղամիջոցների եւ հակաբիոտիկների օգտագործումը. դա կնվազեցնի սնկային վարակ վերցնելու ռիսկը, որը կապված է «սեւ բորբոսի» հետ։ ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

Նրա խոսքով՝ սնկային որոշ վարակներ, որոնք հայտնաբերվել են Հնդկաստանում COVID-19 ունեցող պացիենտների մոտ, կարող են կապված լինել խմորասնկերի, մյուսները՝ բորբոսի հետ։ Բորբոսը կարող է առաջ բերել այնպիսի վարակներ, ինչպիսին են մուկորմիկոզը («սեւ սունկ») եւ ասպերգիլեզը (որն առաջանում է սնկի այլ տեսակից)։

«Այդ խմորասնկերը եւ բորբոսը սովորաբար կան շրջակա միջավայրում, բայց ախտահարում են թուլացած իմունային համակարգով մարդկանց, ինչպիսին են դիաբետ կամ այլ քրոնիկական հիվանդություններ ունեցող, քաղցկեղով հիվանդ մարդիկ, կամ նրանք, ովքեր երկար ժամանակ որոշակի դեղամիջոցներ են ընդունել, եւ, իհարկե, COVID-19-ը նույնպես թուլացնում է իմունիտետը»,- ասվում է ՌԻԱ «Նովոստի»-ում արված մեկնաբանությունում։

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս «նվազագույնի հասցնել կորտիկոստերոիդների եւ հակաբիոտիկների չչափակցված օգտագործումը թեթեւ դեպքերի եւ միջին ծանրության դեպքերի ժամանակ»։ Կորտիկոստերոիդները ծանր դեպքերում իսկապես կարող են կյանքը փրկել, բայց դրանց զանգվածային օգտագործումը կարող է առաջ բերել սնկային վարակներ։

Վույնովիչը նաեւ խորհուրդ է տվել մանրակրկիտ մաքրել եւ վարակազերծել կենսաբժշկական սարքավորումները, մասնավորապես՝ շնչառականները, իսկ սնկային վարակներ ունեցող պացիենտներին բուժել հակասնկային դեղամիջոցներով։ Նշենք, որ մուկորմիկոզը կամ «սեւ բորբոսը» բարդություն է, որն առաջ է գալիս սնկային վարակից։ Հիվանդությունը կարող է զարգանալ այն մարդկանց մոտ, ովքեր շփվում են սնկային սպորների հետ շրջակա միջավայրում կամ այն բանից հետո, երբ սունկը թափանցում է մաշկ կտրվածքների, քերծվածքների կամ այրվածքների ժամանակ։ Հիվանդությունն ամենամեծ վտանգ ներկայացնում է շաքարային դիաբետ ունեցող պացիենտների, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր թուլացած իմունիտետ ունեն հիվանդության, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարից հետո։

news.am