Բոլորին հայտնի է, թե ինչ ուժ ունեն բառերը։ Նրանք կարող են մեծարել ու ոչնչացնել, տրամադրությունը բարձրացնել ու այն փչացնել։ Պատահում է և այնպես, որ մենք ուզում ենք ոգևորել, սփոփել, ծիծաղեցնել, բայց սխալ օգտագործված բառերի պառճառով ավելի վատ է լինում։ Սակայն դա պատահական է տեղի ունենում։ Իսկ ահա որոշ դեպքերում մարդը դիտմամբ է օգտագործում վերբալ բռնության որոշ ձևեր՝ իր նպատակներին հասնելու համար։ Ինքը՝ վերբալ բռնությունը, վտանգավոր է նրանով, որ արտաքինից այն բավականին անվնաս է թվում, այնքան անմեղ, որ կողմնակի դիտորդը կարող է ոչինչ չկասկածել։ Ոչինչ կասկածել չի կարող նույնիսկ նա, ում ուղղված են այդ բառերը։ Ամենատհաճն այն է, որ շփման այդ ձևը ամենից հաճախ կիրառվում է մտերիմների նկատմամբ։ Դա ուղղելու համար նախ պետք է ճանաչել վերբալ բռնությունը։ Առանձնացնում են դրա 12 տարատեսակներ։ Վերբալ բռնություն՝
- Մեղադրանք կամ քննադատություն։
Վերբալ նեղացնողը անընդհատ ուղղում է ձեզ՝ խոսելով այն մասին, որ կարելի է տվյալ բանն ավելի լավ անել։ Ընդ որում՝ նա հազվադեպ է գովում, իսկ եթե գովում էլ է, դա այնպես է անում, որ ավելի լավ կլիներ՝ ընդհանրապես չգովեր։ Այդ ամենը մատուցվում է փորձագիտական կարծիք անվան տակ ու իբր օգնելու համար, անգամ, եթե այդ մասին չեք էլ խնդրել։ Երբ դուք սկսում եք նյարդայնանալ, նա խոսում է այն մասին, որ բոլորովին չէր ուզում ձեզ նեղացնել, և ինքը միայն ամենալավ մտադրություններն ուներ։ Մեղադրելը կարող է նաև ոչ վերբալ լինել ու արտահայտվել կկոցած աչքերի, սեղմված շուրթերի ու նյարդային վիճակի տեսքով։
- Զսպում։
Այս ձևը դրսևորվում է էմոցիոնալ մտերիմ մարդկանց միջև՝ ամուսնու և կնոջ, ընկերների, ծնողների ու երեխաների միջև։ Վերբալ նեղացնողը այսօր կարող է շատ բաց լինել, էմոցիոնալ և հոգատար, իսկ վաղը ամբողջությամբ մեկուսանում է՝ առանց որևէ պատճառի։ Ձեր բոլոր փորձերը՝ իմանալ՝ բանն ինչ է, արդյունք չեն տալիս, իսկ տրված ուղիղ հարցին, թե ինչ է պատահել, հետևում է պատասխան՝ ես չեմ հասկանում, թե դու ինչի մասին ես խոսում։ Վարքագծի այս ձևը շատ է խոցում զոհին ու հաճելի է նեղացնողի համար։
- Իբր կատակներ անելը։
Բոլորի հետ էլ նման բան պատահել է. ինչ-որ մեկը վատ բան է ասել ձեր մասին ու հետո ասել, թե կատակել է։ Միայն շատ հազվադեպ դեպքերում է լինում, երբ մարդն իսկապես չի ուզել ձեզ նեղացնել, սակայն դեպքերի մեծ մասում նրա մտադրությունները շատ հստակ են եղել՝ անհարգալից արտահայտվել ու ձեզ ստիպել վատ զգալ։ Ուշադրություն դարձրեք այն բանին, որ տվյալ մարդն այդպես իբր կատակում է միայն այլ մարդկանց ներկայությամբ։ Երբ դուք միայնակ եք, նման բան տեղի չի ունենում։ Եվ իհարկե, երբ դուք հունից դուրս եք գալիս, հետևում է պատասխանը՝ դե լավ, ինչ զգայուն ես։ Ես պարզապես կատակում էի։
- Հակամարտություն։
Կարևոր չէ, թե ինչ որակի գաղափարներ կամ մտքեր եք դուք արտաբերում, ձեզ նեղացնողը, միևնույն է, կգտնի ձեզ կպչելու ու ձեր ինքնագնահատականն իջեցնելու առիթը։ Անընդհատ ի հայտ է գալիս այն զգացողությունը, որ ձեր զգացմունքները, մտքերը, գաղափարներն ու արժեքները չեն հարգվում։
- Ւմաստազրկում։
Նեղացնողը ամեն անգամ հասկացնել է տալիս, որ ձեր բոլոր մտքերը կամ բառերը անիմաստ են ու աննշան։ Նա կարող է ընդհատել ձեզ, հարցեր տալ ու պատասխանները չլսել։ Ձեր ցանկացած բառ արժեզրկվում է։ Անգամ ուրիշներին օգնելու ձեր ցանկությունը եսասիրական կարող է դիտարկվել, ու դրա մեջ նեղացնողը կարող է թաքնված ենթատեքստեր գտնել։
- Արժեզրկում։
Էական չէ, թե ինչ հաջողությունների եք դուք հասել, նեղացնողը, միևնույն է, կպնդի, որ այդ ամենը ձեզ հեշտ է տրվել, այն դեպքում, երբ իր հաջողությունները մատուցվում են՝ որպես ականավոր։ Կարելի է ասել, որ մենք գործ ունենք սովորական սև նախանձի հետ։ Ընդ որում՝ այդ մարդը ձեզ համար կարող է շատ մտերիմ մեկը լինել։
- Նախանձ։
Դուք մարդու հետ կիսվում եք ձեր պլաններով, նպատակներով ու երազանքներով, իսկ որպես պատասխան՝ լսում եք, որ ձեզ փորձառություն է պետք այդ ամենին հասնելու համար։ Ընդ որում՝ այդ մարդը չունի ոչ փորձ այդ ոլորտում ու ոչ էլ որևէ ձեռքբերում։ Երբ դուք գործ ունեք նախանձի հետ, պետք է հասկանալ, որ նեղացնողը, ինչ գնով էլ լինի, ուզում է սասանել ձեր հավատը ձեր նկատմամբ ու իջեցնել ձեր ինքնագնահատականը։ Դա միակ եղանակն է, որի օգնությամբ նա իրեն ավելի վատ չի զգում։
- Շեղում։
Դուք զրուցում եք ինչ-որ մեկի հետ, ու տեղի է ունենում հետևյալը՝
. Նեղացնողը փոխում է թեման, ու դա կարող է մի քանի անգամ անել։
. Նեղացնողը կամ հարցերին չի պատասխանում, կամ պատասխանում է ագրեսիայով։
.Նեղացնողը շարունակ ընդհատում է, հատկապես, եթե նրան դուր չի գալիս զրույցի ընթացքը։ Խոսակցության ընթացքում դուք կարող եք չզգալ ոչ մի մրցակցություն այն դեպքում, երբ նեղացնողն ամեն ինչ զգում է։ Այդ պատճառով էլ նա պատրաստ է ամեն ինչի՝ անհարմար թեմայից խուսափելու համար։
- Մեղադրանքներ։
Հիանալի տակտիկա է՝ մարդուն վիրավորել սեփական վատ վարքի ու արտաբերած տհաճ խոսքերի համար։ Եթե նա ձեզ վիրավորել է, ուրեմն հենց դուք եք մեղավորը։ Դա ագրեսորի ամենատարածված վարքագիծն է՝ ագրեսիվ պահել ու հանդես գալ զոհի դիրքերից։ Կողմնակի մարդը կարող է անգամ նրա կողմից լինել, այնքան դա համոզիչ է մատուցվում։
- Մոռացում։
Եթե շահեկան է ինչ-որ բան մոռանալ, դա ակնթարթորեն մոռացվում է։ Գոյություն ունի անգամ կարծիք, որ նեղացնողն իսկապես հավատում է իր ստին, ինչը կարող է արդյունքում շիզոֆրենիայի պատճառ դառնալ։ Բանը հասնում է նրան, որ անգամ նամակագրության, լուսանկարների ու ճիշտ ինֆորմացիայի տեսքով բերված փաստերը չեն ազդում նեղացնողի համոզվածության վրա։
- Հրամաններ տալը։
Նեղացնողը ձեզ ասում է, թե հենց ինչ պետք է արվի ու ինչպես։ Ընդ որում՝ դա կախված չէ նրա դիրքից. կարող է նա ձեր ղեկավարը լինել կամ դիրքով հավասար մեկը։ Վերբալ բռնության այս տեսակի մասին են խոսում ձայնի տոնը, դիմախաղը, բառերը և յուրաքանչյուր անհամաձայնության դեպքում՝ անհանդուրժողականությունը։
- Ժխտում։
Ձեզ համար ցավոտ է, տհաճ, ու դուք անհարգալից վերաբերմունք եք զգում, սակայն նեղացնողը համարում է, որ ոչ մի նման բան դուք իրականում չեք զգում։ Կամ նա գաղափար անգամ չունի, թե ինչի մասին է խոսքը։ Նա համարում է, որ իրեն կատարյալ է պահել, իսկ ողջ մեղավորը ձեր անկայուն հոգեկան վիճակն է ու զգայուն լինելը։ Եվ վերջում՝ առաջին հերթին՝ աշխատեք վերբալ բռնության ձևերը ձեր մեջ տեսնել, ապա նոր՝ ուրիշների մեջ։ Դա չանելով՝ Դուք կապացուցեք, որ ինքներդ եք նեղացնողը, ով իրեն զոհի տեղ է դնում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը