Ինչպես խարխլել երջանիկ հարաբերությունները
Advertisement 1000 x 90

Ինչպես խարխլել երջանիկ հարաբերությունները

Ամուսնությունը երկու հասուն մարդկանց, կամավոր ընտրությունն է։ Չնայած սկզբում ամեն ինչ շատ երջանիկ եւ ուրախ է թվում, բայց երբեմն զույգի համատեղ կյանքն ի վերջո այդպես էլ չի ստացվում, քանի որ որոշ ամուսնություններ դատապարտված են դժբախտության։

Զույգերի հարաբերություններում բավականին կարեւոր տեղ են զբաղեցնում նվերները։ Երջանիկ զույգերը զուգընկերոջ ցանկացած քայլ նվեր են համարում եւ մեծապես գնահատում են այն։ Օրինակ՝ կինը համեղ ընթրիք է պատրաստել։ Պարտավո՞ր էր։ Ոչ, նա ամուսնուն նվեր է մատուցել։ Կամ տղամարդը մաքրել է հյուրասենյակը։ Նա պե՞տք է դա աներ։ Ոչ։ Դա նվեր է կնոջ համար։ Համատեղ կյանքում այն, ինչ զույգերը անում են միմյանց համար, պետք է որպես նվեր դիտարկել։

Սակայն ամեն ինչ փոխվում է եւ երջանիկ հարաբերությունները սկանդալների են վերածվում, եթե զույգերը չեն գնահատում միմյանց ջանքերը, կատարած գործերն ու մատուցած նվերները։ Երբ կինն ու տղամարդը ապրում են «նա ինձ պարտական է» սկզբունքով, ամեն ինչ աստիճանաբար կործանվում է։ Այս պարագայում սկանդալներն անխուսափելի են։ Կանայք պահանջներ են ներկայացնում տղամարդկանց, հավատում են, որ նրանք հասկանում են իրենց ցանկությունները, սկսում են ավելի քիչ խոսել ու քննարկել իրենց տանջող հարցերի շուրջ։

Արդյունքում երջանիկ հարաբերությունները վերածվում են դժբախտ սիրո պատմության։ Իսկ վերջում բոլորը զարմանում են, թե ինչու այդպես ստացվեց, ու՞ր կորավ սերը, որը պարուրել էր նրանց հարսանիքի եւ մեղրամսի ժամանակ։

Իհարկե, կա նաեւ մեկ այլ խնդիր՝ ինչ կպատահի, եթե զուգընկերներից մեկը գնահատի եւ նվիրված լինի, իսկ մյուսը՝ ոչ։ Սա շատ կարեւոր է, քանի որ հավասարությունը մեծ տեղ ունի զույգի կյանքում։

Ուստի, հարգելի զույգեր, եթե ցանկանում եք երջանիկ լինել, մոռացեք պարտականությունների եւ պարտավորությունների մասին։ Եթե ձեզ նվերներ են մատուցում, ուրեմն ընդունեք, գնահատեք եւ շնորհակալ եղեք դրանց համար։ Ահա եւ վերջ։ Հենց սա է երջանիկ ապրելու գրավականը։

news.am