Կարո՞ղ են արդյոք Հայաստանում պատվաստվածները մեկնել Եվրոպա
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ են արդյոք Հայաստանում պատվաստվածները մեկնել Եվրոպա

COVID-19-ի դեմ Եվրամիությունում ճանաչված դեղամիջոցով պատվաստումը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին մեկնել Եվրոպա: Այսպես, ամեն դեպքում, բոլորը կարծում էին մինչ վերջերս: Սակայն ինչպես պարզվեց, դա այդքան էլ այդպես չէ:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մտադիր է մեկնել Նորվեգիա՝ դուստրերի եւ թոռների մոտ եւ արդեն ստացել է AstraZeneca-ի պատվաստանյութի երկու դեղամիջոցները, որը Եվրամիությունը ճանաչում է: Սակայն անսպասելի խնդիր է առաջացել. պազրվել է, որ Հայաստանում ստացած QR կոդը Եվրոպայում չի ճանաչվում:

Մարկ Գրիգորյանը որոշել է զանգել Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, սակայն թեժ գծի հեռախոսահամարները չեն պատասխանել: Այդ ժամանակ նա դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղից նրան տվել են Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որը տալիս է այս QR կոդերը:

«Հաջորդեց սովորական բյուրոկրատիան՝ ընկերությունից ինձ ուղարկեցին առողջապահության նախարարություն, այնտեղից, չգիտես ինչու, լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed եւ առողջապահության նախարարություն:

Շրջանակը փակվեց: Եվ երբ այն փակվեց, ինձ խորհուրդ տվեցին նախարարին ուղղված դիմում գրել:

Կեցցե նոր բյուրոկրատիան»,-գրել է Գրիգորյանը:

Մեկնաբանելով իրավիճակը՝ նախարարությունում հայտնեցին, որ AstraZeneca-ն, որով պատվաստում են Հայաստանում, ճանաչվում է Եվրամիությունում: Խնդիրը, ամենայն հավանականությամբ, QR կոդերն են:

ԱՆ տվյալներով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ սերտիֆիկատների ճանաչման մասին, որոնք տրվում են Հայաստանում, ինչը փաստացի նշանակում է, որ այժմ այդ սերտիֆիկատները չեն ճանաչվում: Այդ հարցով բանակցություններով, համաձայն ԱՆ հաղորդագրության, զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը: Քանի որ այսօր Հայաստանում չկա ո՛չ արտաքին գործերի նախարար, ո՛չ տեղակալ, ո՛չ մամուլի խոսնակ, չի հաջողվում պարզել՝ որ փուլում են բանակցությունները եւ երբ Հայաստանում պատվաստվածները կարող են Եվրոպա մեկնել:

med.news.am