Տիգրան Ներսիսյանը և Մկրտիչ Արզումանյանը Ժենյա Մկրտումյանի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Տիգրան Ներսիսյանը և Մկրտիչ Արզումանյանը Ժենյա Մկրտումյանի մասին. life.tert.am

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ժենյա Մկրտումյանի մահվան լուրից շատերն են ցնցվել: 68-ամյա դերասանուհին խաղացել է մի շարք հեռուստանախագծերում. «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Ճանապարհին», «Եթե բոլորը…», «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերում և «Կարգին սերիալ», «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ»,  «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» հեռուստանախագծերում։

Tert.am Life-ը դերասանուհու մասին զրուցել է իր խաղընկերների հետ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան  Տիգրան Ներսիսյանի և դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

Տիգրան Ներսիսյան

Ժենյային շատ վաղուց եմ ճանաչում: Առաջին անգամ նրա հետ խաղացել եմ 1978 թվականին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Դա իմ առաջին բեմելն էր: Նա մարմնավորում էր Էթերի կերպարը, ես՝ Ջոնինը: Այդ ժամանակվանից ճանաչել եմ իրեն. հիասքանչ մարդ, բարության մարմնացում: Հետագայում էլ միասին շատ ներկայացումներում ենք խաղացել: Նա իր կյանքն ապրեց և ստեղծագործեց Սունդուկյանի թատրոնում: Շատ ցավալի և մեծ կորուստ էր ինձ համար: Նա իր կյանքով, իր ապրածով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի մարդը. մեծ սիրտ ու հոգի ուներ: Նրա հետ կապված հիշողություններս միայն վառ են և ուսուցողական: Երբ նոր էի այս ոլորտում, նա միշտ ասում էր, որ պայքարեմ և երբեք չընկճվեմ: Վերջի հիշողությունս նրա հետ կապված «Պեպո» ներկայացման ժամանակ էր: Երբ ավարտվեց ներկայացումը նա մոտեցավ ինձ ամուր գրկեց ու ասաց. «Տիգրա ջան, շնորհավորում եմ»: Կարծես դա հրաժեշտ լիներ:

Մկրտիչ Արզումանյան

Ժենյա Մկրտումյանն իր տեսակով յուրահատուկ էր: Թե կադրում, թե կադրից դուրս նրա հետ շփվելը մեծ բավականություն էր: Երբեք չէիր զգա, որ նա մեծ է : Նա միշտ երիտասարդ էր ու գեղեցիկ: Ժենյան շատ հարմարվող ու համեստ կին էր: Չնայած նրան, որ շատ վաստակ ուներ թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում: Նույն տարիքի շատ դերասաններ կան, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, անընդհատ հիշեցնում իրենց ներկայացումները և այլն: Բայց Ժենյան այդպիսին չէր: Մեջս տպավորված է նրա ուրախ և այս ու այն կողմ նայող հայացքը: