Աշխարհում առաջին անգամ, ծովի մակարդակից 3185 մետր բարձրության վրա իրականացվել է գինու ստորջրյա հնացում:
«Մարան» ընկերությունը «ՀԱԼԴԵ» գինին շուրջ մեկ տարի պահել է Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ջրի մակերևույթից մոտ 8 մետր խորության վրա:
Ջրային հնացումը համեմատաբար նոր տեխնոլոգիական մոտեցում է գինեգործության մեջ: Այսօր այն փորձարարական մասշտաբով իրականացվում է ծովերում և օվկիանոսներում: Առկա տեղեկատվությունը փաստում է, որ ցածր ջերմաստիճանի, թույլ լույսի, թթվածնի բացակայության և հավելյալ ճնշման պարագայում կարմիր գինիների համազգայական հատկանիշները զգալիորեն լավանում են:
Կատարված արտադրական գիտափորձի ընթացքում ավտոմատ սարքի միջոով անդադար գրանցվել է լճի ջերմաստիճանը և միջավայրի այլ ցուցանիշներ: Հնացման ավարտին գինիները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև համտեսվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետների կողմից: Ժամանակակից ֆիզիկաքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շշալցված գինու ստորջրյա հնացման տարբերակում, գինու որակը կազմող բոլոր կարևորագույն նյութերի պարունակությունն և արտաքին տեսքը բնութագրող ցուցանիշներն առավել դրական փոխությունների են ենթարկվել, քան ստուգիչ նմուշներում: Լաբորատոր ուսումնասիրությունները և համտեսի արդյունքները աներկբա հաստատեցին, որ այս տեխնոլոգիան նշանակալի բարելավել է գինու որակը՝ դարձնելով այն ավելի հարուստ և նուրբ:
Գինու բարձրադիր ստորջրյա հնացման այս արտադրական գիտափորձը առաջին հերթին կարևոր է, իհարկե, տեխնոլոգիաների կատարելագործման տեսանկյունից: Սակայն մեզ համար այն խիստ արժեքավոր է Հայաստանը՝ որպես գինու բնօրրաննի ճանաչելության բարձրացման, զբոսաշրջության զարգացման համար: