Մենք շարունակում ենք գտնվել խորը տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ՝ պայմանավորված պատերազմով, համաճարակով և 2018-ի ապրիլյան հեղափոխությամբ
Advertisement 1000 x 90

Մենք շարունակում ենք գտնվել խորը տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ՝ պայմանավորված պատերազմով, համաճարակով և 2018-ի ապրիլյան հեղափոխությամբ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի էջից.

«Հուլիսի սկզբներին 2 իրադարձություն տեղի ունեցան։ Նախ, Համաշխարհային Բանկը (ՀԲ) վերջապես հրապարակեց 2020թ տվյալների բազան։ Ապա, ՀՀ ԱՎԾ-ն հանրայնացրեց 2021թ. հունվար-մայիսի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող թվերը։ Բացառությամբ կառավարական շրջանակների, մասնագիտական համայնքն առայժմ գնահատականներ չի հնչեցրել հրապարակած տվյալների մասով։ Կառավարության ղեկավարն ու մի քանի նախարարներ (պաշտոնակատարներ) սկսեցին փառաբանել վերստին իրողություն դարձած տնտեսական աճը, նոր տեխնոլոգիաների (օրինակ, արևային էներգետիկան) սրընթաց վերելքը, գործազրկության անկումը։ Տեսնենք, իրո՞ք դա այդպես է։

Եվ այսպես, ԱՎԾ-ն գտնում է, որ ՏԱՑ հավելաճը 2021-ի հունվար-մայիսին 4.3% է։ Սա, իհարկե, ՀՆԱ ցուցանիշը չէ։ Այն կհայտարարվի ավելի ուշ։ Բայց “ավանդույթն” այնպիսին է, որ ՏԱՑ-ն ընկալվում է իբրև տնտեսական աճի ցուցանիշ։ Կառավարությունը գտնում է, որ 2021-ին տնտեսության հավելաճը կարող է կազմել 6.1% և դա շատ լավ է։ Պաշտոնական շրջաններից ոմանք խոսում են երկնիշ տնտեսական աճի մասին։ Փաստն այն է, որ 2020-ին տնտեսական անկումը կազմել է 7.6%։ Ուրեմն, եթե անգամ կառավարության մտահաղացումն իրականանա, ապա 2021-ին ՀՆԱ մակարդակն ավելի ցածր կլինի, քան 2019ին։ Առաջիկա ամիսներին (հունիս-սեպտեմբեր) տնտեսական աճի տեմպը կդանդաղի (անցյալ տարվա բազայի հարաբերական բարձր ֆոնի վրա) և ապա կարագանա՝ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով տնտեսության հետ ընկնելու կապակցությամբ։ Այսպիսով, 2021-ի տնտեսական աճն ավելի շուտ 2020-ի աղետալի անկման, այլ ոչ թե վերակենդանացման արդյունք է։

Հիմա նայենք աճի որակին։ Աճը հիմնականում պայմանավորված է. հանքարդյունաբերության (+8.4%) և շինարարության (+14.3%) արագացված դինամիկայով։ Առանց հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության հավելաճի տեմպը բացասական է՝ -1.4%։ Շինարարության աճը պայմանավորված է պատերազմի արդյունքում տեղաշարժված բնակչության ու դրա հետ կապված նոր բնակարանների պահանջով։ Հսկայական (մի քանի հարյուր բազմաբնակարանային շենք) շինարարություն է կատարվում ԿԲ կողմից դրամի էմիսիայի հաշվին։ Դրա վատ կողմն այն է, որ արդյունքում ունենք գնաճ 5.5%։ Առավելապես նկատելի է պարենային սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 7.5%։ Ասել կուզի նոր պետական շինարարությունը հիմնականում իրականացվում է չունևորների հաշվին։ Ասվածի ապացույցն է նաև այն, որ չնայած թմբկահարված տնտեսական աճին (4.3%), տեղի է ունեցել բնակչության իրական եկամուտների անկում՝ -1.1%։ Մարդիկ 1%-ով ավելի վատ են ապրել, քան անցյալ տարվա հունվար-մայիսին, երբ լոքդաուն կար։ Նվազել են նաև պետական բյուջեի հարկային եկամուտները։ Այսպես, 2021-ի հունվար-մայիսին դրանք կազմել են 618.3 մլրդ.դրամ և ավել են եղել 2020-ի համանուն ցուցանիշից (583.6 մլրդ դրամ) 5.9%-ով։ Ասել կուզի պետական բյուջեի եկամուտները պակասել են։ 5.9% հավելաճի 5.5%-ը գնաճն է։ Բա ու՞ր մնաց 4.3% տնտեսական աճը։ Որպեսզի հաշվետու տարվա (2021) S1 բյուջետային եկամուտները համեմատենք բազիսային տարվա (2020) S0 եկամուտների հետ, ապա S1-ը S0-ից պետք է առնվազն մեծ լինի “գնաճ х տնտեսական աճ” արտադրյալի չափով։ Այսինքն, 2021թ հունվար-մայիսին պետական բյուջեի հարկային եկամուտները պետք է լինեին 642.1 մլրդ դրամ՝ 618.3-ի փոխարեն։ Իրականում 2021-ի 5 ամիսներին բյուջեի հարկային եկամուտները 2020-ի համանման թվից մեծ են … 0.4%-ով (գնաճը հանում ենք)։

Ամենահետաքրքիրն, իհարկե, զբաղվածության թվերն են։ ԱՎԾ-ն պնդում է, որ 2021-ի 1-ին եռամսյակում 2020-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով (19.7%-ից դարձել է 17%)։ Իշխանական շրջանները այս առաջընթացն անվանում են երևույթային։ Այդպե՞ս է արդյոք։ Գործազրկության մակարդակը սինթետիկ ցուցանիշ է. գործազուրկների թիվը բաժանում ենք աշխատուժի վրա։ 2021-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 193 հազ. գործազուրկ, իսկ աշխատուժը եղել է 1136.8 հազ. մարդ։ Ճիշտ 17%։ 2020-ին թվերը եղել են այսպիսին. 232.8 հազ. և 1178.8 հազ. մարդ (19.7%)։ Հիմա, զբաղվածներ, այսինքն աշխատողներ, 2020-ին ունեցել ենք 946 հազ. մարդ, իսկ 2021-ին… 943.8 հազ մարդ։ Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Շատ պարզ։ 43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։ Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովու՞մ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ “Ժողովրդական” իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Կառավարության ղեկավարի և/կամ նախարարների ելույթներն առ այն, թե գրանցված աշխատողների ռեկորդային թվեր են արձանագրվել կամ սուտ են, կամ էլ անկապ են. վերջին 4 տարիներին ՀՀ-ում զբաղվածների թիվն անշեղորեն անկում է ապրել։

Տնտեսության կառուցվածքում էական դրական տեղաշարժեր չկան։ Բացառություն է կազմում արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը. այն աճել է 4.5 անգամ։ Բայց այս համեմատաբար նոր ոլորտներում էլ աշխարհի միջինից ետ ենք մնում ավելի շատ, քան մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով։ Այսպես, հողմակայաններում և արևային էլեկտրակայաններում 2021-ի հունվար-մայիսին արտադրված էլեկհրաէներգիան կազմել է 31.5 մլն կվտ/ժամ կամ ընդհանուրի 1%-ը։ Աշխարում այս ցուցանիշը 9% է։ Գոնե Վրաստանից կամ Ուկրաինայից օրինակ վերցնեին։

Սփոփիչ չէ նաև հիմնական սոցիալական ցուցանիշների դինամիկան։ Այսպես, կտրուկ ավելացել է մահացածների թվաքանակը (այս էլ որերորդ տարին անընդմեջ), ավելացել են նաև ամուսնալուծությունները։ Կան ոչ էական դրական փոփոխություններ։ Ավելացել է ծնվածների թվաքանակը (շատ ավելի քիչ, քան մահացածները)։ Արդյունքում, բնական հավելաճը բացասական է, ինչը բացառիկ վատ ցուցանիշ է վերջին 30 տարիների համար։ Սրան պետք է գումարել արտագաղթը (ավելի քան 80 հազ. մարդ 5 ամսում՝ չնայած համավարակին)։ Ավելացել է ամուսնություների թվաքանակը։

Այսպիսով, լավագույն ցանկության դեպքում անգամ ՀՀ 2021-ի առաջին 5 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման թվերը դրական համարել չի կարելի։ Մենք շարունակում ենք գտնվել խորը տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ՝ պայմանավորված պատերազմով, համաճարակով և 2018-ի ապրիլյան հեղափոխությամբ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/361921378630408

 



Նման նյութեր