ՀԱՅԿԱԿԱՆ ԻՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ
Մեր ժողովրդի դժբախտությունները տարբեր պատճառներ ունեն, որոնցից մեկն էլ հայերի իռացիոնալիզմն է: Այդ իռացիոնալիզմն է պատճառը, որ տարբեր ժողովուրդների հանդեպ հայ ժողովուրդը իռացիոնալ ջերմ բարեկամական զգացումներ է ցուցաբերում: Օրինակ: Չնայած մեր պատմության մեջ Պարսկաստանի բացասական դերակատարությանը, չնայած Իրանի վերջին մի քանի իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ արհամարհանքին: Այդ արհամարհանքի հիմքերը տարբեր են. Իրանը միջուկային երկիր է և տարածաշրջանում ու աշխարհում միշտ մեծ դերի է հակակնել, չնայած իր ներքին բազում խնդիրներին, մինչդեռ Հայաստանը փոքր երկիր է՝ տարածաշրջանում անհետացող դերակատարությամբ և փլուզվող ինքնիշխանությամբ: Հայ ժողովուրդը հորինել է, որ Իրանի համար Հայաստանի շահերը կարևոր են: Իրանի համար կարևոր են Իրանի՛ շահերը, իսկ այդ շահերը միշտ չէ, որ համընկնում են մեր շահերի հետ: Հայերից շատերը Իրանի շահերն ավելի ուժգին են պաշտպանում, քան Հայաստանի շահերը, թեպետ Իրանի երեսպաշտությունը Հայաստանի հանդեպ երբեմն անտանելի է դառնում:
Հայ ժողովրդի մի մասն էլ կույր և ինքնամոռաց սիրում է նաև Ռուսաստանին: Չնայած Ռուսաստանը Հայաստանի մասնատման հարյուրամյա նախաձեռնողն է, Հայաստանի հզորացման արգելակը և ՀՀ անկախության իրական վտանգը: Ռուսաստանի մեղքերը հայ ժողովորդի հանդեպ բազում են և աղետալի հետևանքներով առլեցուն: Եվ դարձյալ հայերից շատերը Ռուսաստանի շահերն ավելի են կարևորում, քան Հայաստանի շահերը:
Այլ օրինակներ էլ կարելի է բերել, թե ինչպես հայկական իռացիոնալիզմը ինքն իր համար կեղծ բարեկամներ է ստեղծում և սկսում երկրպագել նրանց, ինչպես հին Աստվածներին: Հայկական իռացիոնալիզմը կենսանյութ է ստանում հայկական միջավայրի քաղաքական տհասությունից:
Հայկական այդ իռացիոնալիզմն էլ իշխանության է բերել Նիկոլ Փաշինյան արհավիրքին: Նիկոլն ընդամենը հայկական իռացիոնալիզմի հետևանքն է: Նրանք, ովքեր Նիկոլին իշխանության են բերել, հաշվարկել են հայկական իռացիոնալիմի արագակործան հետևանքները հայ ժողովրդի համար: Եվ զարմանալի չէ, որ Նիկոլն այդ իռացիոնալիզմն ավելի է խորացնում, նախ, քանի որ ինքն էլ է իռացիոնալ, բացի այդ՝ միայն այդ իռացիոնալիզմը խորացնելով նա կարող է իշխանությունը պահպանել: Նիկոլն էլ, իհարկե, շատ հայերի նման, անբացատրելի սեր է տածում Իրանի հանդեպ:
Հայկական իռացիոնալիզմը ցցուն երևաց նաև վերջին ընտրությունների ժամանակ՝ իշխանության մի մասը վերադարձնելով Ռոբերտ Քոչարյանին և պահպանելով Փաշինյանի իշխանությունը:
Խնդիրը, իհարկե, Իրանին, Ռուսաստանին կամ այլ պետությանը ատելն ու սիրելը չէ, խնդիրը նաև Քոչարյանին կամ Փաշինյանին սիրելն ու ատելը չէ, այլ հայկական իռացիոնալիզմը հաղթահարելը:
Եթե այդ իռացինալիզմը հաղթահարենք, գուցե մեր դժբախտություններն էլ սկսեն պակասել:
Նարինե Մկրտչյանի էջից.