Հինգ հորմոն, որոնք «չեն թողնում» Ձեզ նիհարել
Advertisement 1000 x 90

Հինգ հորմոն, որոնք «չեն թողնում» Ձեզ նիհարել

Ընդունված է կարծել, որ նիհարելու համար պետք է սնվել առողջ, հետեւել սննդակարգի, ֆիզիկապես ակտիվ լինել… Իսկ ի՞նչ, եթե բոլոր ջանքերը գործադրում եք, բայց ավելորդ կիլոգրամներն այդպես էլ չեն անհետանում:

Երբեմն ավելորդ քաշի պատճառ կարող են լինել նյութափոխանակության խանգարումները եւ հորմոնալ դիսբալանսը: 

Հորմոնների ազդեցությունն օրգանիզմի վրա արտահայտվում է մետաբոլիզմի արագության, ախորժակի առկայության, քաշի ավելացման կամ նվազեցման եւ այլ ֆիզիոլոգիական գործընթացների վրա:

Առաջին բանը, որ պետք է անել նախքան սեփական նախաձեռնությամբ տարատեսակ սննդակարգերի հետեւելը, էնդոկրինոլոգին այցելելն է:

Իսկ մենք կներկայացնենք այն հորմոնները, որոնց խանգարման պատճառով կանայք չեն կարողանում նիհարել:

1. Լեպտին

Լեպտինն այլ կերպ անվանում են հագեցվածության հորմոն: Այն արտադրվում է օրգանիզմի ճարպային հյուսվածքների բջիջների կողմից:

Դրա հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ այն ուղեղին է հասցնում մեր՝ հագեցված լինելու զգացողությունը: Երբ մարդու սննդակարգը չափից շատ ֆրուկտոզա է պարունակում, օրգանիզմը դրանք վերածում է ճարպային կուտակումների: Սա հանգեցնում է լեպտինի ավելցուկի, որը ժամանակի ընթացքում առաջացնում է այս հորմոնի նկատմամբ դիմացկունություն: Արդյունքում՝ օրգանիզմը չի հասկանում՝ քաղցած եք, թե ոչ, ինչի հետեւանքով Դուք շարունակում եք ուտել եւ քաշ հավաքել:

Ի՞նչ անել

Լեպտինի հավասարակշռության համար, առաջին հերթին, պատասխանատու է առողջ քունը: Քնի պակասի արդյունքում այս հորմոնի մակարդակն ընկնում է, ինչի հետեւանքով Դուք ուտելուց հետո հագեցվածության զգացողություն չեք ունենում:

Պետք է նաեւ սննդակարգում ներառել օմեգա 3-ով հարուստ մթերք՝ ձուկ, միս, չիայի սերմեր: Աշխատեք ավելի քիչ ֆրուկտոզա օգտագործել եւ զբաղվել սպորտով:

2. Ինսուլին

Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից եւ օգնում է կարգավորել գլկուկոզայի (արյան մեջ շաքարի) մակարդակը:

Ինսուլինի դիսբալանսի արդյունքում նիհարելը դժվարանում է: Եթե օրվա ընթացքում չարաշահում եք քաղցրը, Դուք ստիպում եք այս հորմոնին աշխատել գերլարված: Փորձելով արյունը մաքրել շաքարի ավելցուկից, ինսուլինն այն վերածում է ճարպի:

Ի՞նչ անել

Պետք է սննդակարգից հանել քաղցրը, օգտագործել ավելի շատ սպիտակուցներ, լոբազգիներ, օսլա չպարունակող բանջարեղեն:

3. Կորտիզոլ

Կորտիզոլը սթրեսի հորմոնն է: Այն պատասխանատու է սթրեսային իրավիճակներում մեր վարքագծի կարգավորման համար: Եթե Դուք չափից շատ եք սթրեսի ենթարկվում, հատկապես՝ քնի պակասի, լարված աշխատանքի, ոչ ճիշտ սնվելու պատճառով, դա կարող է նպաստել օրգանիզմում կորտիզոլի կուտակմանը:

Ի՞նչ անել

Աշխատեք օրական գոնե 7-ժամյա քնի ռեժիմ պահպանել: Ձեր սննդակարգում ներառեք մթերք, որը պարունակում է տրիպտոֆան եւ մելատոնին՝ կաթնաշոռ, հնդկահավ, կիվի, բալ: Ավելի քիչ կոֆեին օգտագործեք եւ քնելուց գոնե 2 ժամ առաջ հրաժարվեք գաջեթներից:

4. Վահանաձեւ գեղձի հորմոններ

Վահանաձեւ գեղձի հորմոնները՝ Т3 եւ Т4-ը, նույնպես պատասխանատու են մարմնի զանգվածի ավելացման կամ նվազեցման համար՝ կարգավորելով նյութափոխանակության արագությունը:

Այս հորմոնների պակասը՝ հիպոթիրեոզը, կարող է դանդաղեցնել մետաբոլիզմը, եւ, որպես հետեւանք, քաշը կավելանա: Սա նաեւ կարող է ուղեկցվել մշտական հոգնածությամբ եւ մարսողական խնդիրներով:

Ի՞նչ անել

Վահանաձեւ գեղձի հորմոնների մակարդակն ավելացնելու համար պետք է շատ սպիտակուց ուտել, սննդակարգում ներառել բրոկոլի, սպանախ, կաղամբ: Աշխատեք ավելի շատ արեւի տակ գտնվել եւ հեռու մնալ սթրեսային իրավիճակներից:

5. Էստրոգեն

Էստրոգենը կանանց սեռական հորմոնն է: Դաշտանադադարի ընթացքում քաշի ավելացման եւ էստրոգենի միջեւ խորը կապ կա: Այդ ընթացքում կնոջ օրգանիզմում հորմոնների մակարդակն ընկնում է, եւ, չնայած էստրոգենի ցածր մակարդակին, դրա դոմինանտությունը պրոգեստերոնի նկատմամբ կարող է նպաստել որովայնի հատվածում ճարպի կուտակմանը:

Ի՞նչ անել

Էստրոգենի եւ պրոգեստերոնի միջեւ հավասարակշռությունը պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բջջանյութով հարուստ  բանջարեղեն: Բացի այդ, աշխատեք ավելի քիչ կարմիր միս եւ շաքար պարունակող մթերք ուտել եւ ավելի շատ սպորտով զբաղվել:

Հիշեք, որ հորմոնների մակարդակը որոշվում է արյան քննության միջոցով, որը պետք է նշանակի էնդոկրինոլոգը:

doctors.am