«Խնդիրն այն է, որ մինչ օրս չհասկացանք, թե գումարներն ո՞ւր է պետք ուղղել, ի՞նչ է մշակույթը, ու ինչո՞ւ են դրա համար գումար ներդնում»,- ասում է աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ում հետ զրուցել ենք մշակութային ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին:
– Պարոն Թումանյան, բոլորս էլ փոքր տարիքում երազում ենք այս կամ այն մասնագետը դառնալու մասին։ Ձեր դեպքում կարծես թե այդպես չի եղել. մե՛կ ճարտարապետ եք ցանկացել դառնալ, մե՛կ լեզվաբան, իսկ վերջում ընտրել եք օպերան: Ի՞նչը դրդեց հետևել Ձեր հոգու կանչին:
– Այո, սկզբում ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ էի ցանկանում ընդունվել: Խնդիրն այն է, որ ճարտարապետությունը, երգելը, նկարելը, ընդհանրապես արվեստը երևի թե եղել է դոմինանտ: Եվ որքան էլ երազում էի ճարտարապետ կամ նկարիչ դառնալ, այդ ցանկությունը մնաց, ու որպես մասնագիտություն ընտրեցի երգեցողությունը:
– Զրույցներից մեկում ասել եք՝ եթե ճարտարապետ դառնայիք, Ձեր երազանքի շենքերը չէիք կարողանա կառուցել։ Ինչպիսի՞ շենքեր էիք ուզում տեսնել, որ հնարավոր չէր լինելու կառուցել:
– Գիտեք, այսօր էլ եմ ես տեսնում, որ կառուցվում է ոչ ամեն ինչ, ինչ ցանկալի է: Եկեք երկու բան տարբերենք. ինչպես երաժշտության ոլորտում է՝ շատերը կան, որ ավարտում են Կոնսերվատորիան, բայց երաժիշտ չեն, ավարտում են ճարտարագիտական համալսարանը, բայց ճարտարապետ չեն: Ես ո՛չ ավարտել եմ, ո՛չ սովորել, դուրս եմ եկել ու գնացել դեպի երաժշտությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ ունկնդիրը հաճախ կարող է լինել շատ ավելի խոշոր երաժիշտ, քան ինքը՝ երաժիշտը:
Անգամ ռուս բաս երգիչ Ֆեոդոր Շալյապինին երբ հարցրել են՝ ո՞ւմ համար եք երգում, պատասխանել է՝ ամենաբարձր ունկնդրի համար: Այդպես էլ կարող են լինել շատ քաղաքացիներ՝ վարորդ, ինժեներ, գրող, բայց ներքին, էսթետիկ զարգացածվածության աստիճանը շատ ավելի բարձր լինի: Իհարկե, ժողովրդի մեջ կան այդ տվյալներն ունեցող մարդիկ, ովքեր ավելի գեղեցիկն են տեսնում, պատկերացնում: Այնպես չէ, որ այն, ինչ տեսնում ենք, պետք է գոհանանք. պրոգրես է անհրաժեշտ:
– Տարեցտարի, փոխանակ առաջընթաց ապահովենք, հակառակն է լինում. այստեղ մասնագետների՞, պրոֆեսիոնալիզմի՞, թե՞ այլ խնդիր կա:
– Վերջերս մտածում էի այդ մասին: Մենք ժողովրդական մի անհիմն ասացվածք ունենք, ասում ենք՝ ավելի լավ է փորձած թանը, քան թե անփորձ մածունը: Մենք կույր փիսիկի նման նայում ենք ու հենց սկսում ենք խոսել՝ ասում են՝ փորձած թանից լավը չկա:
Հիմա մենք այդ փորձած թանով գոհանում ենք: Փորձած թանը չի կարող պրոգրես լինել. պրոգրեսն անփորձ մածունն է: Մի ասացվածք էլ կա՝ խենթերն են բացում ճանապարհները, խելացիներն էլ գնում են նրանց հետևից:
Այսինքն, խենթությունը, անփորձ բանը փորձելը բնությունից է, եթե անգամ բիբլիական պատումները վերցնենք, որ փորձեցին խնձորը, դա հենց պրոգրեսն էր, ստեղծվեց մարդկությունը: Ինձ համար մարդն ամենակարևորն է. և՛ Աստվածաշունչն է, և՛ ապագան, և՛ ամենահետադիմական տականքը: Ամեն ինչ կուտակված է մարդու մեջ: Հասարակության մեջ կարևորությունն այն է, թե ինչն ենք առաջնային, գեղեցիկ համարում, ի՞նչն ենք գնահատում: Այդ գնահատանքից գալիս է ամեն ինչ:
Հոգևորը և մատերիան միշտ սերտաճած են, առանց գնահատանքի՝ անգամ ցանկացած կտավ չի կարող հոգևոր արժեք ստանալ: Վերցնենք Լեոնարդո դա Վինչիի նկարը. երբ ասում ես՝ որքա՞ն արժե, ասում են՝ անգին է, սակայն, երբ գին առաջարկենք, այն միանգամից ստանում է հոգևոր արժեք: Ցանկացած բան է այդպես. կատարողական արվեստը, գիտնականի պոտենցիալը… Եթե դա չգնահատվեց՝ մենք կունենաք այն, ինչ այսօր ունենք: Գնահատվում էր գողականը, սուտ քրիստոնեականը, հանցագործ աշխարհի օրենքները: Պետությունն ունի իր մտածելակերպը, առաջարկը: Դա պետք է ժողովուրդը զգա իր մաշկին:
– Քանի՞ տարի է պետք այս ամենը հասկանալու համար:
– Դա ընդմիշտ մարդկային պայքար է, և ինքնաճանաչման ճանապարհի ընթացքում մարդիկ միշտ պարզաբանել են շատ բաներ, սակայն, միևնույն ժամանակ, կառավարող ուժերը միշտ աշխատել են այնպես անել, որ մարդկանց գոհացնեն, թմրեցնեն: Անգամ թմրանյութերով, խաղամոլությամբ են թմրեցնում, էլ չեմ ասում՝ մշակույթով: Նույն բանն է: Պատկերացրեք մի հասարակություն, որտեղ ուտող-խմող տղան լինի հերոսական, ինչ-որ հատուկ մի բան: Ամենազզվելի, ամենաանհետաքրքիր բանն է: Ինչպե՞ս կարող է ուտող-խմող տղան լավը լինել: Հիմնականում ճգնավորներն են հասնում որևէ բանի: Այն օրը, երբ հայ ազգը, բոլորս մեր անհաջողությունների պատճառները մեր մեջ կփնտրենք, այդ օրը կլինի մեր ծննդյան օրը: Երբ երեխայի վրա բարկանում ես, մեղավորներ է փնտրում, պատճառ է ման գալիս, որ ինքը մաքուր է: Այդ մանկականությունը կա մարդկանց մեջ: Մարդը պատճառ է փնտրում, որ արդարանա, բայց հղկվում, կատարելության են հասնում նրանք, ովքեր հաղթահարում են իրենց թերությունները: Երեխան հասկանալի է, բայց հասուն մարդը, ով արդեն ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար, նա չի փախչում պատասխանատվությունից:
– Նշեցիք՝ պետք է գիտակցենք, որ մեր անհաջողությունների պատճառները մեր մեջ են: Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության պատճառը երկար տարիներ սխալ մտածե՞լն էր, ինչ-որ բաներ հաշվի չառնե՞լը:
– Ես պարտություն չեմ համարում, դա սարսափելի դժբախտություն էր: Ինչ վերաբերում է պարտությանը կամ հաղթանակներին, մի շատ ճիշտ ասացվածք կա՝ ասում է՝ ամեն մի պարտություն մի նոր հաղթանակի սկիզբ է: Եթե մարդասիրական առումներով դիտարկենք այս փաստը, ապա չէի ցանկանա, որ հարցը լուծվեր արյան գնով, որևէ զոհ չէի ցանկանա ունենալ:
Այսինքն, խնդիրը պետք է այնպես լուծել, որպեսզի էլ զոհեր չունենանք: Իսկ մինչ այդ լավ կլիներ ավելի սթափ, ողջամիտ լինեինք, նյութականի, հոգևորի այդ հարաբերությունները ճիշտ դասավորեինք, որովհետև մեզ մոտ նյութականը շատացավ, հոգևորը քչացավ, իսկ դա ահավոր դիսբալանս է: Դրանք իրար հետ կապված են:
Հոգևորը թողնում և հեռանում է այնտեղ, որտեղ գնահատվում է: Շատանում է մատերիան՝ նշանակում է, որ կորցնում ենք հոգևորը, ու դրա համար էլ այդքան մարդ կորցրեցինք: Մեր հնարավորությունները ճիշտ չտեղաբաշխեցինք, մեր ազգային պատկանելությունը թերագնահատեցինք՝ գերագնահատելով:
– Վերադառնանք մասնագիտության ընտրությանը. ինչպե՞ս հասկացաք, որ օպերային արվեստը Ձերն է և դիմեցիք Կոնսերվատորիա:
– Ցանկացած մասնագիտության մեջ երևի ես նույնը կլինեի: Ամեն մարդ Տիեզերքի նման բազմակողմանի է, բայց կարող է՝ չի զարգացրել իր որոշ ունակությունները: Երգեցողությունն ինձ համար առաջնային չէր, սովորական երևույթ էր, որովհետև երեխա ես, ծնվել ես ձայնով, երգում ես: Սակայն, որպեսզի կատարելագործվես, պետք է շատ բաներից հրաժարվես: Իհարկե, ինչ-որ առումով հաճելի է, բայց շատ մարդկանց խորհուրդ չէի տա, որովհետև դա ինքնազոհություն է:
Այդքան էլ հեշտ չէ պատերազմել համաշխարհային ուժերի հետ, որովհետև միջին որակով դու ոչ ոքի պետք չես, արդեն սեղանի քեֆի մակարդակի է:
Ի դեպ, մեր ամբողջ դժբախտությունն այն է, որ սեղանի քեֆի որակը բերեցին ոչ թե բեմ, այլ ռեստորան՝ բեմն էլ գնաց ռեստորան ու դարձավ ռեստորանային մշակութային երկիր, այսինքն՝ սպասարկող երկիր:
Չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքակրթություն. դու ունես քո խոսքը, որն արդեն դոմինանտ է և աշխարհում մյուսներին պարտադրում է քեզ հետ հաշվի նստել, որովհետև դու գիտնական ես, կատարող ես, ստեղծագործող ես:
– Խոսեցիք ռեստորանի մասին, բայց տեսեք, երգարվեստի ոլորտի շատ ներկայացուցիչներ նշում են, որ իրենք այլ ելք չունեն, չեն կարողանում համերգներ կազմակերպել, գումար աշխատել. ինչպե՞ս ապրեն:
– Ժամանակին այդ հարցը բարձրացրի՝ ասելով, որ մեզ մոտ սերնդափոխություն չի լինում: Երբ Սովետական Միությունը փլուզվեց, որը շատ հզոր էր մշակութային քաղաքականությամբ, մենք ունեինք այդ քաղաքականությունը, որի շուրջ զարգանում էր ամբողջ մշակույթը: Հիանալի էր: Հետո սերնդափոխություն չեղավ: Դպրոցի ուսուցիչներին բերեցին նախարարներ, այսինքն՝ ոչ կոմպետենտ մարդկանց: Իսկ եթե ուզում ես երկիրը քանդել՝ ոչ կոմպետենտ մարդու պետք է որևէ տեղ նշանակես: Ինչքան ուզում ես նրանից պահանջիր, նա չի կարող անել այն, ինչ պետք է անի: Խնդիրն այն է, որ չունեցանք սերնդափոխություն և ծրագիր, թե ինչ ուղղությամբ պետք է զարգացնենք երկիրը, որովհետև հիվանդ մարդու դիագնոզից հետո հավաքվում են, մտածում են՝ ինչ անեն: Ինչպիսի՞ն էին մեր թերությունները ԽՍՀՄ տարիներին, և ինչպե՞ս պետք է զարգացնենք ազատ, անկախ Հայաստանի դեպքում: Շատ լուրջ խնդիրներ ունեինք, որոնց պետք է ուշադրություն դարձնեինք:
Թողեցինք, եկան երիտասարդներ՝ «КВН-շիկներ» և նրանք սկսեցին առաջարկել մենեջմենթ և այլն: Ինչ-որ բառեր սովորեցին, ինչ-որ բաներ. մասսայական մշակույթ, սա փող է բերում, սա այսպես է, նա՝ այնպես, այսինքն՝ ժամացային մշակույթի թեզը մտավ հանրապետություն:
Մնայուն արվեստի տեսակը պարզապես հետ աճեց: Մնացին խեղճ ու կրակները, որոնք ուզում էին այս կամ այն բանը ստեղծել: Մենք այսօր չենք կարող ասել, որ ունենք այնպիսի ֆիլմեր, որոնք եթե 20 տարի հետո նայենք՝ արվեստի գործ է: Մի կտոր հացի համար ինքներս մեզ դավաճանեցինք: Որոշ մարդիկ գնացին այլ երկիր՝ պարզապես խոսքը տեղ հասցնելու, զարգացման աստիճանը մինչև վերջ հասցնելու համար:
Ուրեմն, պետք է մտածենք՝ այստեղ մաքսիմում զարգանալու հնարավորություն տալ: Այնպես չէ, որ այսքան մարդ կարողացավ կշտանալ էժան արվեստով, չէր կարող կշտանալ թանկ արվեստով, որը մենք ունեինք: Փողը նույնն է, չէ՞, մարդիկ են տարբեր, ուրեմն դա խաբեություն է:
Եթե ցանկանում ես՝ քո ուզած երաժշտությունը կարող ես լսել, բայց դա չի կարող պետական դառնալ: Այս 30 տարվա ընթացքում մեր պետական տոները նվագախմբով չենք անում, մենք լուրջ ծեսեր չենք կատարում: Ամբողջը տաշի-տուշի, արաբաթուրքական, ադրբեջանական խառը բաներ: Դրանից այն կողմ ցեղասպանություն չի կարող լինել: Ադրբեջանցիների հետ կպայքարենք, զոհեր կտանք, բայց էլի կկայանանք՝ որպես հայ, բայց եթե չենք կայանում, էլ ինչո՞ւ ենք պատերազմում:
Լավ, եթե նույն տոլման ձեր սրբությունը պետք է լինի, այսօր էլ նռապաշտ ենք դարձել, նուռ ենք խաղացնում․․․ չեմ հասկանում, դա ի՞նչ հայկական պետական սիմվոլ կարող է լինել: Նուռ է, էլի, ոչ մի դիցաբանական կամ բիբլիական բան չկա դրա հետ կապված: Այ, ռաբիսը դա է. ինչ-որ մի վիրուս եկավ, մտավ ու սկսեց հիվանդացնել բոլորին: Հիմա հակավիրուս ստեղծե՞նք: Ո՛չ: Ինքնաճանաչողության ամենակարևոր հարցն այն է, թե ո՞վ է հայը: Ո՞վ կարող է տալ հայի սահմանումը, եթե դու չունես հայկական մշակույթ: Հզոր, 70 տարվա պետականությունից հետո բռնել, մսխել այդ ամեն ինչը, դա հանցագործություն է: Ես ինքս ինձ եմ քննադատում: Մենք շատ հարցերում ենք մեղավոր, ու պատերազմները դրանց հետևանքներն են:
– Ո՞վ է հայը:
– Եկեք դրա մասին հիմա չխոսեմ: Դա խոսելու և միայն սահմանելու բան չէ, դա անելու բան է: Հայը նա է, ով հայերեն է մտածում, և դրանից ծնվում է հայկական երգը: Ամենաքաղաքակիրթ երկրներում էլ կան ազդեցություններ, բայց հասկանո՞ւմ եք, այստեղ ստորադասը ստորադասի հետ է խառնվում: Փողոցային շան մշակույթը չի կարող ազգային արժեք, դեմք ունենալ:
– Այստեղ Դուք մտավորականների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների բացթողումը չե՞ք տեսնում: Հազարից մեկ են խոսում, հասարակությանը կրթելու համար կարծես թե շատ քիչ քայլեր են անում:
– Բոլորովին: Եթե մտածում ենք ազգային տեսանկյունից, ժողովրդի հանդեպ սրտացավ ենք, պետք է ինքնաքննադատ լինենք, թուլությունները հաղթահարենք, ուրիշներին չկապկենք: Թուրքը կամ ադրբեջանցին մեզ համար չափանիշ չպետք է լինեն, որ նրանից ավելի լավ երգեմ, կրակեմ: Նշանակում է՝ ես թուրքից ավելի լավ թուրք եմ դառնում: Ես ինձանից՝ հայից, ավելի լավ հայ պետք է դառնամ:
Այս խնդիրը պետք է դրվի պետական մշակութային գաղափարախոսության մեջ: Հայը պետք է հայից ավելի լավ երգի, ոչ թե ադրբեջանցուց: Շա՞տ են սիրում ադրբեջանական երգեր, թող երգեն, բայց հայտարարեն, որ դա ադրբեջանական է, կատարում է այսինչ հայը, թուրքական է՝ կատարում է հայը: Ես երգում եմ ռուսական գործ, կատարում է՝ հայը: Այստեղ հայի ֆենոմենն է ի հայտ գալիս:
– Ժամանակին եղել է գեղարվեստական խորհուրդ, որը հիմա չկա։ Գուցե դրա անհրաժեշտությո՞ւնը կա:
– Խնդիրն այն է, որ հաճախ օրինակներ ենք վերցնում: Այ, օրինակ, Գերմանիայում, Ռուսաստանում կամ այլ տեղ..: Մենք չենք կարող որևէ երկրի հետ համեմատվել, որովհետև ունենք ազգային ճակատագրական մեր ամբողջ պատմությունը, անցյալը: Անգամ դպրոցներում ճիշտ չենք քարոզում հայի իրական տեսակը: Ինձ հետաքրքրում է քրիստոնեական մշակութը: Հայն ինչպե՞ս հավատքից ծնեց խաչքարը, շարականը, ճարտարապետությունը, ի՞նչ է իրենից ներկայացնում մանրանկարչությունը: Մեր խաչը, մեր ամեն մի տառը ծաղկող է, նրա մեջ կա հող, ջուր, օդ, կրակ, ամբողջ տարերքների ծաղկունքը: Դա հայ մարդու էությունն է, և հավատքից ծնվում է այդ ամբողջ գեղեցկությունը: Լավ կլիներ, որ դպրոցներում շեշտը դրա վրա դրվեր, այլ ոչ թե Աբրահամի և Սառայի պատմության: Ես չէի ցանկանա շեշտել այն փաստը, թե եկեղեցու օրոք որքա՞ն է Հայաստանը «գրագետ» եղել, և ինչպե՞ս է նրա պատմությունը մատուցվել:
– Անդրադարձաք սերնդափոխությանը, բայց մեզ մոտ, երբ որևէ մեկը պաշտոն է զբաղեցնում, մի 30 տարի մնում է այդ պաշտոնում։ Արդյո՞ք դա չի բերում դեգրադացման:
– Կարող է 100 տարի էլ լինել ղեկավար: Եթե զարգանում է, աշխատում է իր վրա և օրինակ է լինում բոլորի համար, մնացածն էլ կողքից նայելով են զարգանում: Եթե սպառվեց երկու տարում, 20 օրում, ուրեմն պետք է հաջողություն ասել, իսկ եթե դեռ ասելիք ունի, կարող է շատ երկար մնալ և մեծ սերունդ դաստիարակել: Այդ խնդիրը շատ անհատական է:
– Չե՞ք կարծում, որ այս ամբողջ խառնաշփոթը նրանից է, որ չունենք ազգային գաղափարախոսություն:
– Ունենք, բայց խնդիրը դա չէ՝ կրողը չունենք: Հիշո՞ւմ եք, Կարեն Դեմիրճյանի մեջ հայրական բան էինք տեսնում: Ղազախստանում այսքան տարի աշխատեցի՝ Նազարբաևին տվել են հոր կոչում: Դա, իմ կարծիքով, հաճելի կոչում է, և ցանկացած ղեկավար պետք է մտածի այն մասին, որ ժողովուրդն իրեն «պապա» ասի: Եվ դա մեր պակասն է: Ամեն ասպարեզում կարող ենք այդ հայրերին ունենալ՝ ոչ թե մենեջեր, գողական: Հայրաբար մոտենալը, իմ կարծիքով, շատ հարցեր կլուծի: Սրտացավորեն կմտածի իր ազգի մասին՝ իր տեսակով, իր հայ լինելով: Ազգայինը դա կատարյալն է՝ ամենաբարին է, ամենահզորը, ամենախելացին, ամենաստեղծագործողը: Ժողովրդին պետք է ուղղել՝ օրինակով: Եթե օրինակը եղավ, նա անպայման կնմանվի:
Նազարբաևը հասկացավ, որ աշխարհում որպեսզի իր երկիրը գնահատեն և ուշադրություն դարձնեն, պետք է նույն լեզվով խոսի, նետ ու աղեղով չպետք է պայքարի: Նույնը մշակույթի դեպքում է: Դա մի զենք է, որ հավասարը հավասարի հետ պետք է խոսի: Նա կարողացավ ստեղծել այնպիսի օպերային թատրոն, որը եվրոպացիների, «Լա Սկալայի», «Մետրոպոլիտենի» հետ ունի պայմանագրեր: 5-6 տարվա ընթացքում նրանք շատ լուրջ թատրոն ունեցան:
Աշխարհի այն էլիտան, որը կարող է որոշել մեր ճակատագիրը, իհարկե, բարձրագույն արվեստը լսելով է կողմնորոշվում, թե այս երկրին ինչպես վերաբերվի: Ոչ միայն դա, այլև ժողովրդի էթնոսը, գումարած իր այսօրվա զարգացած վիճակը: Տրեխներով տրնգի պարելն էլ կմոռանանք, եթե վաղը որևէ մեկն այլ բան առաջարկի: Դա էլ կարող է թանգարանում իր տեղը չգտնել, իսկ բաներ կան, որ թանգարանային են: Անգամ ընտանիքում ասում են՝ սա մեր պապի թուրն էր, ծխամորճն էր, գրած գիրքն էր, և այլն: Այս ամենը պատմություն է: Մենք մեր գինը չգիտենք: Հայի ֆենոմենն այլ է: Հայն ամեն տեղ ունի իր տեսակը, որն իր տաղանդով համաստեղծագործող է լինում և դառնում է այդ երկրների էլիտար անդամ: Դա շատ կարևոր է մեր, անգամ մեր քաղաքականության համար: Մենք պետք է մեր ինքնությունը, այսօրվա խոսքը պահպանենք: Ոչ ոք հատուկ հարգանք չի տածի մեր հանդեպ, թե ինչքան լավ դուդուկ էին նվագում հայերը: Կարևոր չէ՝ այդ փայտը հայկակա՞ն է, թե՞ ոչ, կարևորը դրանից դուրս եկած երաժշտությունն է:
– Աստանայի օպերային թատրոնի վարպետ եք, տեղի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր: Երբ առաջարկել են ղեկավարել այդ երկրի օպերային թատրոնը, հրաժարվել եք։ Ինչո՞ւ:
– Ով էլ լիներ իմ փոխարեն՝ երևի նույնն աներ: Գիտեք, ղազախները բարի, աշխատասեր, հնազանդ ժողովուրդ են: Իրենց հզորությունը երևի իրենց հնազանդության մեջ է: Նրանք լսում են, ենթարկվում, չեն սկսում ավել-պակաս հարցեր տալ, դրա համար գործը ստացվում է: Բայց ուրիշ ազգ է: Ուրիշ ազգի պարտավորությունը վերցնես քո վրա՞:
Այսօր էլ կապ կա, շատ հարազատ են: Խոսում ենք տեխնիկական վոկալի, թատերական լուծումների մասին, օրինակ, ակտուալ են թե՛ մեզ մոտ, թե՛ Ղազախստանում: Ղազախստանն այս մի շրջանից հետո կարող է հաջորդ քայլն անել՝ ավելի ժամանակակից ներկայացումներ բեմադրել: Առայժմ դասական բեմադրություններ է դնում, որոնք շատ թանկ են: Բայց անում է, որպեսզի ժողովուրդը չմոռանա ակունքային արարման պատճառները:
Թատրոնը բարոյականության քարոզիչն է, եկեղեցուց ավելի հզոր: Մշակույթով են մտնում մարդկանց սրտերը, ոչ թե խոսքով: Ղազախստանում անգամ իրենց ազգային օպերաները բեմադրելու համար եվրոպացու հրավիրեցին, որովհետև հասկացան, որ այդ որակի ռեժիսոր չունեն, սակայն մենք ունենք: Ունենք նաև չկատարելագործված, բայց տաղանդավոր ռեժիսորներ: Ե՛վ պետք է հնարավորություն տանք, որ մեր ռեժիսորը զարգանա, և ՛ուրիշի հետ աշխատենք, բայց փայլուն բեմադրություն անենք, որ գոնե 10 տարի միայն հաճույք պատճառի: Վատ ներկայացումից մարդիկ հիասթափվում են: Ասում են՝ չեմ ուզում, սա ի՞նչ է:
«Ալմաստի» խորհուրդը, օրինակ, չեն հասկանում, ուզում են ազգային, հերոսական ինչ-որ բան տեսնել, բայց կա փիլիսոփայություն, որն ամբողջ մարդկությանն է վերաբերում: Հետո «Արշակ 2-րդն է» և այլն:
Չէ՞ որ դրանք բյուզանդական պատմություններ են: Աշխարհը չիմանա՞, որ ցեղասպանել են այն մարդկանց, ովքեր այս երաժշտությունն են այնտեղ ստեղծագործել, ովքեր այդ թատրոնն են Ստամբուլում ունեցել: Մարդիկ, ովքեր բյուզանդական մշակույթի կրողներն են մինչև Օսմանյան կայսրությունը: Այնտեղ ապրել են, ուրիշ տեղերից չեն եկել:
– Խոսեցիք ժամանակակից ներկայացումների մասին: 2013թ. բեմադրվեց «Անուշ» օպերան, որը շատ քննադատվեց: Անցումն ինչպե՞ս պետք է լինի:
– Հարցը շատ հեշտ պատասխան ունի: Իհարկե, կա ֆինանսական խնդիր, որը երկրորդական է: Մենք չենք մտածել, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես պետք է կառուցենք ազգային թատրոնը: Ինչպե՞ս պետք է հիմնավորենք, որ մենք՝ հայերս, լինելով Բյուզանդական կայսրության մեջ, թատրոնի և մշակույթի գերագույն կրողներն ենք եղել: Մենք դրա մասին չենք խոսում. նոր էջ է, որը պետք է բացվի:
– Շատ դերերգեր եք կատարել։ Ո՞ւմ կերպարն է հոգեհարազատ:
– Ամեն կերպարի մեջ, միևնույն է, ցանկանաս, թե ոչ, դու ինքդ քեզ ես խաղում՝ ինչպիսի՞ն կլինեիր այդ դերում: Անկախ քեզնից ես անում. եթե Աթիլլա ես, ուրեմն Բարսեղ Աթիլլան ես: Ընդհանրապես, ցանկացած դեր հաջող է լինում, երբ դերասանն իրեն է խաղում: Դրա համար շատ ռեժիսորներ ընտրում են այնպիսի դերասանների, անգամ հանցագործների, որ հանցագործ խաղա ու ֆիլմը ռեալիստական լինի: Դրա համար դժվարանում եմ որևէ մեկն առանձնացնել. բոլորն էլ ինձ եմ խաղում:
– Ես կարծում եմ՝ Արշակ 2-րդ:
– Կարևորն այն է՝ խոսքդ կարո՞ղ ես հասցնել, և ի՞նչ խնդիրներ ես դնում: Կան օպերաներ, որոնք կարծես այսօրվա ժամանակահատվածի համար են գրվել: Արամ Խաչատրյանը սովետական ժամանակներում ընտրեց «Սպարտակը», որովհետև խնդիր կար. դրված էր, որ պետությունը բանվորագյուղացիական պետք է լինի, նա չէր կարող էլիտար մի գործ վերցնել և երաժշտությունը գրել:
Նույնը «Դոն Կառլոն»: Վերդին Գերմանիայի քաղաքական պայքարը վերցրեց և ներկայացրեց: Այսինքն, այն ժամանակվա լեզվով այսօրվա խնդիրներն էին լուծվում: Այո, «Արշակ 2-րդ»-ում կան նաև այսօրվա խնդիրները, կարելի է բեմադրել: Ամբողջ հայկական խնդիրը կա: Հիմա էլ չգիտենք՝ պրոռուսակա՞ն, թե՞ պրոեվրոպական լինենք, այն ժամանակ էլ՝ պրոբյուզանդականն էր ու պարսկականը:
– Հայաստանցի առաջին բասն եք, ում հրավիրել են տարբեր երկրներ, որպես խաղընկեր՝ եղել են օպերային աստղեր: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
– Չէ, դե գիտեք, աշխատել ենք: Հաջողությունները շատ քիչ են, կարող էին ավելի շատ լինել: Կյանքիս ընթացքում ունեցել եմ արվեստին չվերաբերող դժվարություններ, որոնք շատ խանգարեցին իմ մշակութային կյանքին: Ամեն դեպքում, երևի ժամանակաշրջանն էր այդպիսին: Երջանիկ եմ նրանով, որ գոնե աշխատեցի շատ լավ ռեժիսորների և փայլուն երգիչների հետ: Բոլորն էլ մեզ նման սովորական մարդիկ են, պարզապես երբ աստիճաններն ու գնահատականն այլ է լինում, նաև ձգտումն է այլ լինում: Մեզ մոտ շատ կարևոր է այդ գնահատականը: Ռեստորանը թող մնա իր տեղում, սա լուրջ պայքար է, լուրջ աշխատանք է, և եթե որոշ մարդկանց թվում է, որ գալիս են օպերային թատրոն և պետք է ժամանակ անցկացնեն, այդպես չէ:
Պետք է տեսնեն՝ ինչ խորությամբ կատարվեց այդ դերը, համեմատեն համաշխարհային այլ կատարողական արվեստների հետ: Սրանք շաղկապված են ու ցույց են տալիս, թե ինչ աստիճանի ենք մենք զարգացած:
– Հայաստանում Ձեզ գնահատված համարո՞ւմ եք:
– Այո, իհարկե: Ինձ բոլորովին պետք չէ, որ շատ մարդ գնահատի: 1000-2000 հոգին բավական է, լավ՝ 5000: Եթե ավելին լիներ՝ կնշանակի, որ իմ որակը գնալով ցածրանում է (կատակում է,- Ա.Կ․): Իհարկե, ցանկալի կլիներ, որ ոչ թե գովազդի, խաբեության շնորհիվ, այլ իրականում մարդիկ ներքին ցանկությամբ բարձր մշակույթի հետ առնչվեին: Ստիպողաբար պետք չէ:
– Շատերը ուզում էին Ձեզ տեսնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար, սակայն մրցույթը հաղթեց Անդրանիկ Արզումանյանը։ Եթե կրկին մրցույթ լինի, կմասնակցե՞ք:
– Չի հաղթել, որովհետև արվեստից հեռու մարդ էր, ընդհանրապես իրավունք չուներ դիմում ներկայացնելու: Դա քաղաքականություն էր:
Իսկ մրցույթը..․ հասկացա մեկ բան՝ կյանքում այնքան եմ մրցել, հաղթող եղել և իմ հարազատ երկրում ոչ ոքի հետ չեմ ուզում մրցել: Կարող եմ օգտակար լինել: Կ. Օրբելյանի հետ վերջերս հաճելի պայմանավորվածություն ունեցա: Նրան պարզ ասացի՝ որպեսզի կարողանամ իմ թատրոնին օգտակար լինել, բոլորովին կարևոր չէ՝ ես կլինեմ գեղարվեստական ղեկավար, թե տնօրեն, անգամ որպես խորհրդական էլ կարող եմ օգտակար լինել՝ ինչպես Աստանայում: Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր կլինեն ղեկավար, որքանո՞վ կցանկանան լսել այն ամենը՝ ինչ կասենք: Ավելի կարևոր է, թե ինչպես կկարողանան դա իրականացնել: Այն, ինչ ես եմ պատկերացնում, կարող եմ միայն ես իրականացնել: Կամ պետք է հետևողական լինեն՝ կոնկրետ ծրագրերը առաջ տանեն: Ցանկացած մարդ, ով գալիս է օպերա, «Աիդա»-ն տեսել է շատ տեղեր, բայց քո ներկայացումը չի տեսել, որը պետք է փայլուն բեմադրված լինի, ոչ թե սիրողական, ծանոթի միջոցով: Աշխարհիվ արդեն ուշացել ենք 2000 տարի:
– Ինչպիսի՞ մշակութային Հայաստան եք ուզում տեսնել:
– Այսօրվա 21-րդ դարի չափանիշների հետ չեմ ուզում համեմատվել, հակառակը՝ կարող է ես ցանկանայի ավելի հետ գնալ, հայկական մաքուր որևէ արարում տեսնել՝ առանց տեխնոլոգիաների: Հզորությունը հենց դրա մեջ է: Չմոռանանք այն փաստը, որ մարդ արարածը միշտ ձգտում է աստվածության, աստվածները ձգտում են մարդ դառնալ: Մենք պարտվել ենք մեր ագահությանը, տգիտությանը՝ հետևելով այն երազանքներին, որոնց ինքնահաղթահարման միջոցով չենք հասնում, այլ հավելյալ ուժերով: Պարզապես պետք է հասկանանք, որ ստորադասը չի կարող լինել վերադաս:
Անի Կարապետյան