Կորոնավիրուսը սպանող ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքերը կարող են հայտնվել Երևանի հասարակական տրանսպորտում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Grimo ընկերության տնօրեն Դավիթ Մովսիսյանը:
Նա նշեց, որ ընկերությունն արդեն բանակցում է քաղաքապետարանի հետ:
«Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, բնականաբար, սպանում է ոչ միայն COVID-ը, այլև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ վարակներ։ Հիմա մենք վերջին փորձարկումներն ենք իրականացնում՝ սարքավորումների հարվածա-թրթռային ծանրաբեռնվածության սահմանային ցուցանիշները բարելավելու համար»,-նշեց Մովսիսյանը։
Օդի մանրէազերծման նույնատիպ սարքեր՝ մի փոքր այլ մոդիֆիկացիայի, ընկերությունն արդեն իսկ մատակարարում է բժշկական հաստատություններին և դեղագործական ընկերություններին, իսկ պահանջարկի աճին զուգահեռ՝ նաև այլ ոլորտների բիզնես-կառույցներին։
«Ի դեպ, շատ երկրներում (օրինակ` ՌԴ-ում) որոշակի տնտեսական գործունեություն իրականացնելու թույլտվության համար իմպերատիվ պահանջ է դրված. տարածքի օդը անընդհատ պետք է մանրէազերծվի ՈՒՄ «փակ» տիպի ռեցիրկուլյատորների օգնությամբ»,-նշում է Մովսիսյանը։
Օդի ընդհանուր մանրէազերծման համար ընկերությունը «փակ» ճառագայթման սարքավորումներ է թողարկում, որտեղ ՈւՄ-ճառագայթները լիովին մեկուսացված են արտաքին միջավայրից (օդի զանգվածը մտնում է մեկուսացված ճառագայթման խցիկ և ախտահանվելուց հետո դուրս գալիս, առկա են լուսային ծուղակներ, որոնք բացառում են ՈՒՄ ճառագայթման ուղիղ թափանցումը դեպի արտաքին միջավայր), ուստի մարդու համար դրանք վտանգավոր չեն։
Բժշկական հաստատություններում մակերևույթների արագ մանրէազերծման համար (օրինակ՝ վիրահատարաններում) օգտագործվում են «բաց» տիպի ճառագայթումով սարքավորումներ։ Դրանք կարող է շահագործել միայն պատրաստված բուժաշխատողը (որը գիտի, թե ինչպես և ինչքան ժամանակով է պետք միացնել)։
Այդ սարքավորումները նաև մեկ այլ ազդեցություն ունեն, որը վաղուց է կիրառվում աշխարհում՝ սննդամթերքի մանրէազերծումը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները սպանում են պաթոգեն մանրէները, որոնց պատճառով մրգերն ու բանջարեղենը սկսում են փչանալ։ Այդպիսի մշակումից հետո զգալիորեն ավելանում է մթերքի փոխադրելիությունը (ինչը խիստ կարևոր է Հայաստանից արտահանման համար՝ հաշվի առնելով լոգիստիկ դժվարությունները)։
«Մեր սարքավորումները ոչ միայն ՈւՄ ճառագայթներ են գեներացնում, այլ նաև օզոն, որը նույնպես հզոր մանրէազերծիչ է։ Դրանց համատեղ կիրառումը նշված նպատակների համար կարող է հատկապես արդյունավետ լինել»,-ավելացրեց Մովսիսյանը։
Ընթացքի մեջ է ճառագայթիչի մյուս մոդիֆիկացիայի ստեղծումը, որը նախատեսված կլինի գյուղատնտեսության համար` գոմերն ու հավաբները մանրէազերծելու համար։ Կովերին և հավերին կորոնավիրուսը չի սպառնում, բայց բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ոչ պակաս վտանգավոր են կենդանիների համար, հատկապես թռչնաֆաբրիկաներում և խոշոր տնտեսություններում, որտեղ գլխաքանակը մեծ է և հիվանդությունները կարող են ավելի մեծ թափով տարածվել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am