TV 5 հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում կներկայանա ոչ շատ մեծ, սակայն հաճելի փոփոխություններով: Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի փոխանցմամբ՝ կլինեն մշակութային, մանկական, քաղաքական հաղորդումներ:
«3 տարի առաջ, երբ հեռուստաընկերությունը սկսեց գործել, ես մի խոսք ասացի՝ մենք հեռուստատեսություն ենք՝ մտածող մարդկանց համար: Չենք անելու այնպիսի էժանագին բաներ, որ ամենացածր խավը նստի ու հիանա. սուտ չենք խոսելու, անորակ սերիալներ չենք նկարելու: Ավելի լավ է 5-10 րոպեանոց որակյալ ֆիլմ նկարենք, քան 10 անորակ սերիա: Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ ինչքան էլ հեռուստատեսությունը բիզնես է, սակայն ունի կրթական ֆունկցիա: Ժամանակին, երբ ասում էին՝ ինչո՞ւ են հեռուստաընկերություններն այսքան իրենց որակը վատացրել, ղեկավարները մի ձևակերպում ունեին, որին ես միշտ դեմ եմ եղել: Ասում էին՝ «Ժողովուրդն ինչ պահանջում է, դա էլ մատուցում ենք»: Սո՛ւտ է, չկա՛ նման բան: Հիմա տեսեք, ժողովրդի համար շատ ավելի հեշտ է ֆաստ ֆուդ ուտել, քան տանը ճաշ պատրաստել: Ուրեմն, ինչ որ դու մատուցում ես՝ հեշտ ու դյուրամարս, դա էլ ժողովուրդը վերցնում է»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ սեպտեմբերից շատ լավ նախագիծ ունեն երեխաների համար՝ շատ սպասված մանկական հաղորդումը զուգորդվելու է նաև սուրդո թարգմանությամբ՝ լսողության խնդիր ունեցող երեխաների համար: Լինելու են տիկնիկներ, խոսելու են, մուլտֆիլմ են ցույց տալու:
«Մի լավ նախագիծ ենք սկսել՝ «Հայկական գանձատուփ» խորագրով, որտեղ ներկայացվում է հայկական պոեզիան՝ բարբառներով: Այն կոչվում է «Բառերէն»: Պատրաստում ենք դոկումենտալ ֆիլմաշար: Լինելու է նաև լրատվական ծրագիրը, որը մեր լավագույն արտադրանքն է, և հպարտորեն եմ ասում՝ տարբերվում է հայաստանյան բոլոր լրատվականներից: Մեզ մոտ խոսում են ամեն ինչի մասին, ինչի մասին լռում են մյուս տեղերում: Մեզ ասում են՝ ընդդիմադիր, բայց այդպես չէ: Այսպիսի մի հասկացողություն կա՝ ով շատ ազատ է, նա դիտարկվում է՝ որպես ընդդիմադիր: Մենք ազատ ենք, ոչ թե ընդդիմադիր: Ընդդիմադիրն ուրիշ բան է, մենք ազատ լրատվամիջոց ենք և խոսում ենք ամեն ինչի մասին»,- մանրամասնեց TV 5 հեռուստաընկերության տնօրենը:
Խոսելով հեռուստահաղորդումներին բոլոր կողմերի՝ իշխանական և ընդդիմադիր ներկայացուցիչներ հրավիրելու դժվարությունների մասին՝ Հարություն Հարությունյանը նկատեց.
«Արդեն 3 տարի է՝ լրատվական դաշտը և ընդհանրապես հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների: Երբ զանգահարում ենք իշխանության ներկայացուցիչներին ու մերժում ենք ստանում, այդ ամենը ձայնագրում ենք, որովհետև մենք բոլորի համար բաց ենք, թող գան, խոսեն, որևէ խնդիր չկա:
Մենք ակտիվացրեցինք «Դեմ դիմաց» հաղորդաշարը, որտեղ հարցեր են քննարկվում: Ստացվեց, մի երկու հաղորդում եկան: Հայաստանում հիմա շատ դժվար է բանավեճ կազմակերպել: Ցանկացած լրատվամիջոցի հարցրեք՝ կասեն: Մեկն ասում է՝ դա ո՞վ է, որ ես գամ իր հետ բանավիճեմ, մյուսը, թե՝ բա դա է պակաս, որ գամ: Այսինքն, քաղաքական գործիչները տարրական հարգանք չունեն իրար նկատմամբ, և այստեղ տուժում են լրատվամիջոցները:
Մեր ուզածն ի՞նչ է. կա խնդիր, կա հարց, ու դա պետք է բացել, ամեն մեկն իր տեսակետը թող ասի: Մենք հաղորդումն ինտերակտիվ ենք դարձրել, այսինքն՝ հաղորդման ժամանակ դու կարող ես քվեարկել առաջին կամ երկրորդ տեսակետի օգտին, և վերջում պարզ երևում է, թե քանի՞ տոկոսն է համակրում՝ այս, քանիսը՝ այն կարծիքին: Հաղորդումը շաբաթը մեկ օր ենք անելու, բայց եթե գան, կդարձնենք շաբաթը երկու օր: Հյուրերից որևէ մեկի խոսքը չի մոնտաժվում, եթե այդպիսի բան լինում է, ապա համաձայնեցված է լինում: Օրինակ, բանավեճն ուղիղ եթերում է, տեսաձայնագրում ենք միայն հարցազրույցները: Փակագծերը չբացեմ, բայց շատ հետաքրքիր, հայտնի լրագրող դուրս կգա եթեր»:
TV 5 հեռուստաընկերության տնօրենը տեղեկացրեց, որ սեպտեմբերից բարձրորակ, համաշխարհային հնչեղություն ունեցող ֆիլմեր, սերիալներ են լինելու եթերում: Չեն մոռանա նաև մարզական հաղորդումների մասին: Խոստանում են նաև մոնոներկայացումները վերածել ֆիլմի: Կներկայացնեն նաև գյուղական առօրյան:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ Հարություն Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսով ու արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված, ինչպես նաև դրանից հետո տիրող իրավիճակը բացասական առումով մեծ ազդեցություն է գործել լրատվամիջոցների՝ մասնավորապես, հեռուստատեսությունների աշխատանքի վրա:
«Այդ ազդակները մենք զգում էինք մինչև կորոնավիրուսը, որովհետև երբ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում կամ քայքայման ճանապարհին է, բնականաբար, դադարում են հովանավորչական ծրագրերը, կտրուկ նվազում են գովազդները: Եթե մոնիտորինգ անեք հայկական հեռուստաշուկան, խայտառակ վիճակում է, գրեթե գովազդներ չկան կամ կան շատ քիչ, փոքր բյուջեով: Երբ նայում ես էլեկտրոնային կայքերը, հիմնականում բուքմեյքերական ընկերությունների գովազդն է, որը հունվարին կվերանա: Իսկ հեռուստաընկերություններում վաղուց է արգելված, չնայած մեր հեռուստաընկերությունը երբեք նման գովազդ չի ունեցել: Փաստորեն հիմա մի վիճակ է ստացվել, որ անընդհատ սեփականատիրոջ դոտացիայի հաշվին գոյատևում ենք՝ հույով, որ կգան լավ ժամանակներ, տնտեսությունը ոտքի կկանգնի, ու կփորձենք նորից աշխատել:
Դրա համար, եթե ուշադիր լինեք, հեռուստաընկերությունները հիմնականում հաղորդումների կրկնություններն են հեռարձակում, նոր նախագծեր չեն կարողանում անել, որովհետև մուտքեր չկան, տնտեսությունը խայտառակ վիճակում է, ամեն ինչ այստեղից է գալիս: Շատ են մեղադրում հեռուստաընկերություններին՝ ասելով, որ սա չեն անում, նա չեն անում: Մեղադրանքները, իհարկե, արդարացված են, որովհետև հանրությունն այս ամենը կարող է և չպատկերացնել, որովհետև հետսովետական այս վիճակից դեռ դուրս չենք եկել, շատերին թվում է, թե բոլոր հեռուստաընկերությունները մի տեղ են համախմբված՝ հեռուստաաշտարակի մոտ:
Ցավոք, մենք մեդիագրագետ չենք: Մարդկանց համար մնացել է սովետական ժամանակաշրջանի հեռուստատեսությունը, չեն էլ պատկերացնում, որ կա հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որը լիցենզիա է տալիս, վերահսկում է»:
Խոսելով ցուցանիշների մասին՝ հեռուստաընկերության տնօրենը նշեց, որ հատկապես սոցիալական ցանցերում բարձր ցուցանիշներ ունեն:
«Հեռուստակոնտենտ արտադրող լրատվամիջոցների մեջ լավագույն եռյակում ենք: Օրեր կան, որ առաջինն ենք: Մեզ հիմնականում համացանցում նայում են 25-45 տարեկանները, 50-65-ը մի քիչ նվազ է: Շատերն են ասում, որ մեր գործառույթով մոտ ենք Հանրային հեռուստաընկերությանը: Ես չեմ ուզում որևէ հեռուստաընկերության հետ համեմատվել, ունենք մեր ուրույն ձեռագիրը, բայց մոտեցումներով, այո՛, միգուցե մոտ ենք Հանրային հեռուստաընկերությանը: Մրցակցությունը զուտ ստեղծագործական առումով է, ֆինանսականով հնարավոր չէ: Մեր հեռուստատեսությունում հիմա աներևակայելի գործ է արվում:
Իշխանական կողմին հարողները մեզ ինչո՞ւ են քննադատում, որովհետև անում ենք նաև ուսուցողական ծրագրեր: Մարդը կարող է ինքնակրթվել, քանի որ դպրոցն այսօր իր տեղում չէ, կրթական հաստատությունները՝ նույնպես, և մենք գալիս ենք լրացնելու այդ բացը, իսկ ցանկացած, առավել ևս ներկայիս իշխանությանը՝ կիրթ հասարակություն պետք չէ: Այստեղից է վախը մեր հեռուստաընկերության նկատմամբ: Բոլոր իշխանությունները ճշմարտության հետ խնդիր են ունեցել, անհաշտ են եղել, իսկ մենք մեր ճշմարտությունն ունենք: Խնդրում եմ՝ վերցրեք, նայեք մայրաքաղաքում եթեր հեռարձակվող հեռուստատեսությունների արտադրանքները, ապա՝ հանրապետական ծածկույթն ապահովող հեռուստաընկերություններինը, տեսեք մեր արած գործը, որակը, ու ձեզ համար պարզ կլինի, թե ինչու իշխանությունների համար այդքան ցանկալի չենք:
Մնացած բոլորը նույն հարթության վրա են: Տեսեք, թե վերջերս եթեր մտած, հատկապես իրենց քիմքին հաճո հեռուստատեսությունը՝ Freenews-ն, ինչ է անում, ու կհասկանաք, թե ինչո՞ւ ենք մենք խոշորացույցի ու հարվածի տակ: Մենք աշխատում ենք մարդկանց համար, ովքեր ուզում են մտածել, կրթվել, որոնց կրթական ցենզը բարձր է: Հասարակության այդ շերտը կամաց-կամաց մեծանում է, քանի որ 3 տարի առաջ, երբ սկսեցինք եթեր դուրս գալ, մեզ նայող չկար, իսկ այսօր մեզ նամակներ են շատ գրում, համախոհների մեծ բանակ ունենք, որոնք նաև շատ բծախնդիր են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Անի Կարապետյան