Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԿԳՄՍՆ-ն, պատրաստվում է Կամերային երաժշտական թատրոնը միավորել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հետ։
Օրերս ԿԳՄՍՆ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն այս մասին տեղեկացրել էր Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին, ինչը վրդովմունքի ու բողոքի հերթական առիթ է դարձել։
Իր հարցազրույցներից մեկում Արա Խզմալյանն ասել էր, որ թատրոնները կմիավորեն, իսկ Կամերային երաժշտական թատրոնի շենքը նպատակահարմար են գտել հանձնել Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը։
Չնայած երկու թատրոնների ներկայացուցիչներն էլ դեմ են արտահայտվել այս որոշման դեմ, քննադատել են նախարարության որոշումը, սակայն ԿԳՄՍՆ-ն հետ չի կանգնում իր որոշումից։
168.am-ի հետ զրույցում թատերագետ Անուշ Ասլիբեկյանն անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի այս որոշմանը և դրա հետևանքներին, նշեց, որ այդքան էլ անմեղ բան չէ նախարարության այն բացատրությունը, թե թատրոնը ոչ թե փակում են, այլ միացնում են։
«Այդ կառույցի որևէ բացատրության որևէ մեկը չի հավատում՝ ո՛չ հանրային լայն շրջանակներում, ո՛չ մասնագիտական շրջանակներում, քանի որ օրինակները բազմաթիվ են, որ ոչ թե խթանող ու օժանդակող քաղաքականություն է վարում նախարարությունը, այլ ճիշտ հակառակը՝ հայտնվում է այն պահերին, երբ մտածում է, թե ստեղծագործող օրգանիզմը թուլացած է և կազմ ու պատրաստ է այդ օրգանիզմը փակելու։
Անտրամաբանական եմ համարում այդ երկու կառույցների միացումը, քանի որ նախ՝ դրանք երկու տարբեր ու առանձին գործող կենդանի օրգանիզմներ են, որտեղի՞ց այս երկուսը միացնելու այդ պահանջը, երկու թատրոնի անձնակազմն իրար միացնելիս ստացվում է մեծ թիվ։ Այսօր երբ ինչ-որ թատրոնում ռեժիսորները սերնդափոխության խնդրի առջև են կանգնած և ուզում են երիտասարդ դերասանների տանել թատրոն, խնդիրներ են ունենում, քանի որ պետությունը նշում է, որ նոր հաստիքներ իջեցնել չի կարող։ Այսպիսով՝ թատրոնները տարիներով մնում են նույն դերասաններով, չեն կարողանում սերնդափոխություն իրականացնել, երիտասարդ դերասաններ չկան, նրանք ավարտում են ինստիտուտը և մնում են անգործ»,- նշեց Անուշ Ասլիբեկյանը։
Ըստ նրա, եթե պետությունը չի կարողանում, օրինակ, թատրոնի 30 հոգանոց անձնակազմին ավելացնել մեկ հոգի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ այս պարագայում պատրաստ է 40 կամ 30 դերասան ավելացնել արդեն թատրոնի եղած 30 հոգանոց անձնակազմին։
«Զավեշտալի է այս երկու թատրոնների միացումը, որոնք ունեն երկու տարբեր պրոֆիլներ, եթե երկու թատրոնների անվան մեջ կա երաժշտական բառը, ապա դա նշանակում է, որ պետք է միացնե՞ն։ Դե ուրեմն եկեք միացնենք ռուսական դրամատիկական թատրոնը և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, խամաճիկների ու տիկնիկային թատրոնները․․․ Այս ամենը աբսուրդ է, քանի որ այս բոլոր թատրոնները բոլորովին այլ ուղղվածության թատրոններ են։
Պարոնյանի անվան թատրոնը օպերետների, երգերի, երաժշտական մեկնաբանությունների պրոֆիլով թատրոն է, իսկ Կամերային երաժշտական թատրոնը, որքանով հետևել եմ իրենց ներկայացումներին՝ էստրադային և մյուզիքլային ոճի, և հիմնականում մանկական խաղացանկով է։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե երկու թատրոնների անձնակազմերն ինչպես են իրար հետ համագործակցելու»,- հավելեց նա։
Թատերագետի դիտարկմամբ՝ այն բացատրությունը, թե մտածում են Կամերային երաժշտական թատրոնի շենքը փոխանցել Սիմֆոնիկ նվագախմբին, այնքան անհեթեթ է, որ չի էլ ուզում մտածել, որ դա պետական կառույցի կողմից տրված բացատրություն է։
Ըստ նրա՝ ստացվում է սպանել մի թատերական ստեղծագործող օրգանիզմ, որպեսզի փորձասենյակ տրամադրեն մեկ այլ գործող մշակութային օրգանիզմի, ինչը, նրա գնահատմամբ՝ հանցագործություն է։
«Որպես թատերագետ, որևէ պարագայում, հատկապես այսօր անընդունելի եմ համարում որևէ մշակութային օջախի փակելու գաղափարը։ Մենք թատրոնների խաղացանկերը բարձիթողի վիճակում ենք թողել, չենք հետևում պետական մակարդակով, այնինչ, եթե հետևեինք, ու ծրագրային մոտեցում լիներ թատրոնին, ապա կունենայինք հզոր զենք, որի միջոցով մենք կկարողանայինք մեր հանրության մեջ բազմաթիվ գաղափարներ սերմանել կրթության հանդեպ։
Այո, հրաշալի է, որ պետությունը թատրոններ է ֆինանսավորում, որպեսզի գոյություն ունենան, բայց պետք է աշխատի այդ թատրոնների խաղացանկերի ու վարած քաղաքականության նկատմամբ առհասարակ։ Դրա համար այսօր մենք գալիս ենք այսպիսի մի հանգրվանի, որ փաստորեն չեն հետևել, չեն օգնել ու խթանել, բայց եկել է մի պահ, որ ասում են, թե ուզում են իրենցից ազատվեն։
Որևէ մեկը չի հավատում, որ դա նշանակում է՝ միացնել, լավագույն պայմաններ ապահովել այս թատրոնին։ Գրեթե անհնարին է պատկերացնել այս երկու թատրոնների միացումը, բնականաբար, շատ կրճատումներ կլինեն, և այլն»,- ընդգծեց նա։
Նա նաև շեշտեց՝ հետևելով ԿԳՄՍ նախարարության գործունեությանը, տեսնում է, որ այն տանուլ է տալիս բոլոր ոլորտները՝ կրթությունից սկսած, գիտությունով ու մշակույթով վերջացրած, քանի որ նախարարությունում «մեկ–երկու կոմպետենտ մարդ կա», որոնք փոքրամասնություն են և չեն կարող իրենց ձայնը որոշիչ դարձնել։
«Անհնար է, որ մեկ նախարարը տիրապետի այդ բոլոր ոլորտներին, մենք տեսնում ենք, որ չի էլ տիրապետում, ինչի արդյունքում տեսնում ենք շատ կործանարար որոշումներ, նման բան անելն անգրագիտության, անկարողության դրսևորում կլինի։ Իմ խնդիրը չէ վերլուծելու կամ գնահատելու թատրոնի գեղարվեստական նիշը, որակը, բայց որպես թատերագետ՝ գտնում եմ, որ այսօր թատրոն փակելն անընդունելի է։ Դա կլինի սարսափելի նախադեպ, երբ մշակութային օջախներ ստեղծելու փոխարեն՝ դրանք փակում ենք»,- եզրափակեց Անուշ Ասլիբեկյանը։
Զվարթ Խաչատրյան