Մարդիկ հասկանում են, որ բնական իմունիտետ ունեն, բայց ինչ-որ թղթի կտորի համար պետք է պատվաստվեն, ի վերջո՝ նպատակը պատվաստման թիվ ապահովե՞լն է, թե՞ բնակչությանը պաշտպանելը․ Էդուարդ Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Մարդիկ հասկանում են, որ բնական իմունիտետ ունեն, բայց ինչ-որ թղթի կտորի համար պետք է պատվաստվեն, ի վերջո՝ նպատակը պատվաստման թիվ ապահովե՞լն է, թե՞ բնակչությանը պաշտպանելը․ Էդուարդ Հովհաննիսյան

Խնդիրն այն է, որ պատվաստման ողջ ծրագիրը ձախողվում է և քանի որ սկզբունքորեն հնարավորություն չունեն բացահայտ պարտադրել մարդկանց պատվաստվել, դրա համար էլ նախարարությունը որոշել է գնալ նման հնարքների, որպեսզի պատվաստումների տոկոսը բարձրացվի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ուսանողների համար կամ պատվաստվման հավաստագիր կամ 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադրանքին։

«Պարզ է , չէ, որ աբսուրդ է 14 օրը մեկ վճարովի թեստ հանձնել, որը ոչ մի բան միևնույն է չի նշանակելու և ոչ մի բան ցույց չի տալու, բայց ամեն դեպքում մարդկանց այլընտրանք չեն թողնում։ Այլընտրանքը, որ թողնվել է՝ իրականացնելի չէ։ Ստացվում է, որ պատվաստումը այդ անձանց համար պարատդիր է լինելու»։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այս կերպ պատվաստման ծրագրի առջև դրված խնդիրը՝ պաշտպանել բնակչությանը և դիմակայել համաճարակին՝ չի լուծվում, քանի որ այն շատ փոքր ազդեցություն է թողնելու համաճարակի վրա։

«Պատվաստման այս ծրագրին ենթարիկվողներն այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ինչ–որ լծակներ ունի, դրանք աշխատողներն են, սովորողներն են, այսինքն, բնակչության ակտիվ մասսան, հարցն այն է, որ բնակչության այդ ակտիվ մասսան արդեն վարակվել է և հիմնականում ձեռք է բերել բնական իմունիտետ, հետևաբար այս կերպ կառավարությունը ստիպելու է պատվաստվել այն մարդկանց, որոնք արդեն վարակվել, ապաքինվել են ու ունեն բնական իմունիտետ։ Իսկ հիմնական խոցելի խմբերը՝ տարիքով մարդիկ, խրոնիկ հիվանդները, որոնք դեռ չեն վարակվել, իսկ վարակվելուց հետո ամենայն հավանականությամբ ծանր կտանեն, երկար ժամանակ կմնան հիվանդանոցներում, առողջապահական համակարգի վրա նրանց բուժումը բավական թանկ կարժենա, որոնք մահանալու հավանականությունը մեծ է, այդ մարդիկ այս ծրագրով ու նման որոշումներով, միևնույն է չեն պատվաստվի։ Կառավարությունն այս կերպ նրանց չի հասնի, որովհետև այդ մարդիկ տունը նստած թոշակառուներ են, որ ոչ աշխատում են, ոչ սովորում, հետևաբար այս պարտադրանքին չեն ենթարկվելու ու դուրս են մնալու պատվաստման ծրագրից։ Հետևաբար, եթե իրենք ներառվեն համաճարակի ընթացքի մեջ՝ նույն խնդիրներն ունենալու են ու նույն խնդիրները համակարգի համար առաջացնելու են։ Սա նշանակում է, որ նման ծրագրերով համաճարակի ընթացքի վրա որևէ ազդեցություն չի լինելու, մենք ուղղակի պատվաստումների տոկոս ենք ավելացնելու, բայց արդյո՞ք մենք պաշտպանելու ենք այդ ցուցանիշով մեր բնակչությանը, թե ոչ, մեծ հարց է»։

Բժիշկ-համաճարակաբանի դիտարկմամբ՝ պատվաստման ծրագրի ողջ կամպանիացիոն ռազմավարությունը ի սկզբանե սխալ էր տարվում։ «Ես ասել էի, որ եթե ծրագիրն այս ընթացքն ունենա՝ դատապարտված է ձախողման, քանի որ այն անընդհատ փոփոխվում էր։ Երբ մի բան ես որոշում, հետո այդ որոշումը չեղարկում ես, մարդկանց մոտ անվստահություն ես առաջացնում։ Նախարարությունը մինչև վերջ անկեղծ չէ բնակչության հետ, մինչև հիմա էլ սխալ տեղեկատվություն է տրվում բնակչությանը, օրինակ, թե այսինչ պատվաստանյութը բացարձակ կողմնակի ազդեցություն չի ունենում։ Անգամ ջերմությունը կողմնակի ազդեցություն է երևի իրենց թվում է, որ կողմնակի ազդեցությունը մահվան դեպքերն են, բայց կողմնակին անգամ հոդացավերը կարող են համարվել։ Իրականում պետք է մարդկանց հետ ազնիվ լինել և թիրախային աշխատել կոնկրետ ռիսկի խմբերի հետ, հասնել այն մարդկանց, ովքեր իրականում պետք է պատվաստվեն։ Ի վերջո՝ ո՞րն է նպատակը, պատվաստման թիվ ապահովել, թե պաշտպանել բնակչությանը, եթե երկրորդը, ապա առաջին հերթին պետք է թիրախավորված պատվասվեին այն մարդիկ, ովքեր դեռ չեն վարակվել, հետո նոր մտածեինք, արդյո՞ք մնացածին պատվաստելու կարիք կա, թե ոչ։ Այսպես ստացվում է, որ մենք Հյուրսիսային պողոտայում պատվաստումների մակարդակի վրա ենք մնում։ Սա լուրջ չէ, դրա համար էլ բնակչությունը չի վստահում։ Պարզ է, որ հիմա բավականին մեծ տոկոս մարդկանց գնալու են՝ պատվաստվելու, բայց, գիտեք, այս հրամանը լինելուց հետո մարդիկ ինձ զանգում են՝ ասում են՝ ես արդեն վարակվել եմ, հիմա ի՞նչ անեմ, որ մինիմալ վտանգ լինի։ Այսինքն, մարդիկ հասկանում են, որ բնական իմունիտետ ունեն, բայց հիմա ինչ-որ թղթի կտորի համար պետք է պատվաստվեն։ Սա նշանակում է, որ մենք սպառում ենք բավականին թանկարժեք ռեսուրս, պատվաստանյութերը, որոնք գնված են մեր գումարներով։ Պետությունը մեծ գումար է տվել դրա համար, որը սպառվում է ոչ էֆեկտիվ կերպով»։

ArmDaily.am



Նման նյութեր