Դդմիկը շատ վիտամիններ եւ հանքանյութեր չի պարունակում, սակայն կանոնավոր ուտելու դեպքում այս բանջարեղենը կարող է դրական ազդեցություն ունենալ աղիների աշխատանքի վրա, ավելին՝ ենթադրվում է, որ այն կարող է նվազեցնել աթերոսկլերոզի եւ լեղապարկում քարերի առաջացման ռիսկերը:
Ըստ սննդաբան Սվետլանա Ֆուսի (Ռուսաստան)՝ դդմիկն ամենաթերագնահատված մթերքներից է: Այն հարուստ է կարոտինոիդներով, լուտեինով եւ դրա իզոմեր զեաքսանտինով (100 գրամում` օրական նորմայի 35.4 տոկոսը): Այս նյութերը լավ են տեսողության համար:
Բացի այդ, դդմիկը պարունակում է ասկորբինաթթուներ եւ ֆոլաթթուներ` օրական անհրաժեշտ քանակի համապատասխանաբար 17 տոկոսը եւ 4-5 տոկոսը, իսկ կալիումի պարունակությունը՝ օրական պահանջի 11 տոկոսն է կազմում: Դդմիկը պարունակում է նաեւ սննդային մանրաթելեր եւ ջուր, որոնք անհրաժեշտ են աղիների նորմալ աշխատանքի համար:
«Սա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր քիչ են շարժվում եւ նստակյաց կենսակերպ են վարում: Բջջանյութը դրական է ազդում աղիների միկրոֆլորայի վրա՝ ավելացնում է օգտակար մանրէների թիվը եւ արգելակում պաթոգեն մանրէների աճը: Բացի այդ, բջջանյութը կապում է խոլեստերինը եւ լեղաթթուները աղիներում եւ հեռացնում դրանք օրգանիզմից: Այս կերպ նվազում են աթերոսկլերոզի եւ լեղապարկի քարերի առաջացման ռիսկերը», – ասել է Սվետլանա Ֆուսը:
Նրա խոսքով՝ մեծահասակ մարդու ամենօրյա սննդակարգը պետք է պարունակի առնվազն 25-30 գրամ դդմիկ:
news.am