Շրթունքների մաշկը նույնքան խոցելի է արեւի ճառագայթների նկատմամբ, որքան մարմնի այլ հատվածների մաշկը՝ այն եւս կարող է այրվել, ավելին՝ կարող է մաշկի քաղցկեղ առաջանալ:
Շրթունքների այրվածքների ախտանիշներ են.
- շրթունքների կարմրություն, այտուցվածություն,
- շրթունքների մաշկի բարակության եւ խոցելիության զգացողություն,
- ցավոտ զգացողություններ,
- բշտիկներ շրթունքներին, որոնք, ի տարբերություն հերպեսի, փոքր բշտիկներ են՝ լցված հեղուկով, այլ ոչ թե թարախով:
Ծանր դեպքերում կարող է այտուցվել լեզուն:
Սովորաբար, շրթունքների արեւայրուքն անցնում է 3-5 օրվա ընթացքում, սակայն եթե մի քանի օր անց ախտանշանները պահպանվում են, խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
Շրթունքների մաշկի ավելի արդյունավետ բուժման համար խորհուրդ է տրվում.
- սառը թրջոցներ դնել շուրթերին` օրինակ` սրբիչ,
- օգտագործել գելեր եւ քսուքներ ալոե վերայի էքստրակտով, որն ունի բուժիչ ազդեցություն,
- ոչ մի դեպքում չօգտագործել վազելին եւ նման այլ միջոցներ. արեւայրուքի դեպքում դրանք ջերմությունը պահում են մաշկի վրա,
- ցավը թեթեւացնելու համար կարելի է օգտագործել առանց դեղատոմսի դեղամիջոցներ, ինչպիսիք են իբուպրոֆենը:
Շրթունքների արեւայրուքից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շրթունքների արեւապաշտպան միջոցներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել SPF 30 մակարդակի բալզամներ, քանի որ դրանք զտում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մինչեւ 97 տոկոսը: Սա հատկապես կարեւոր է, եթե մտադիր եք օրն անցկացնել լողափին կամ բացօթյա լողավազանում: