Կարմիր միսը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, սակայն դրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետեւանքների:
Ըստ դիետոլոգ եւ գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայայի՝ կարմիր միս է տավարի եւ ոչխարի միսը, որոնք հարուստ են օգտակար նյութերով: Այսպիսով, այդ մթերքները պարունակում են երկաթ, սելեն, B վիտամիններ, ինչպես նաեւ պոլիհագեցած ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են իմունային, կենտրոնական նյարդային եւ մկանային համակարգերի համար:
Ինչպես նշել է դիետոլոգը, կարմիր մսի ոչ մեծ կտորը պարունակում է օրական անհրաժեշտ քանակությամբ երկաթ: Այդ բաժինը բուսական սննդով փոխարինելու համար հարկավոր է երեք կիլոգրամ կանաչ խնձոր կամ մեկ կիլոգրամ հնդկացորենի շիլա: Այնուամենայնիվ, ակտիվ ապրելակերպ ունեցող մարդկանց սննդակարգում կարմիր մսի քանակը պետք է ավելացվի:
«Եթե մարզիկ եք եւ ունեք բարձր ֆիզիկական ակտիվություն, ապա ձեզ ավելի շատ կարմիր միս է անհրաժեշտ, քան նրան, ով ամբողջ օրը նստում է համակարգչի առաջ, քանի որ մկանները պահանջում են հսկայական քանակությամբ ամինաթթուներ», – ասել է գաստրոէնտերոլոգը:
Նրա խոսքով՝ առողջ մարդը պետք է շաբաթական մինչեւ 400-500 գրամ կարմիր միս ուտի: Միեւնույն ժամանակ, ավելորդ քաշով, խոլեստերինի բարձր մակարդակով եւ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է հրաժարվեն այս մթերքի ճարպոտ տեսակներից, քանի որ դրանք մեծ քանակությամբ խոլեստերին են պարունակում:
«Տրանսճարպերը կարող են հեշտությամբ յուրացվել օրգանիզմի կողմից եւ նույնքան հեշտությամբ կուտակվել խոլեստերինի տեսքով», – ասել է Բերեժնայան:
news.am