ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է Կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրի՝ գիտությանը վերաբերող հատվածին և կարծում է, որ փաստաթղթում առկա մի շարք կարևոր կետերի իրականացումը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը։
Ըստ գիտնականի, սակայն, ծրագրում պետք է արտացոլված լիներ նաև ֆինանսական պարտավորվածության կամ դինամիկայի մասին դրույթներ, որոնք թույլ կտային հասկանալ, թե որքանով է ավելանալու ոլորտի ֆինանսավորումը առաջիկա հինգ տարվա ընթացքում, և ինչպիսի նշաձող է իր առջև դնում կառավարությունը յուրաքանչյուր խնդրի համար:
Հարցին, թե կառավարության կողմից առանձացված գիտության ոլորտում լուծվելիք խնդիրների 4 պայմանական խմբերում՝ մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում, գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում, գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում, հինգ տարիների ընթացքում հնարավո՞ր է ակնկալել կոնկրետ արդյունքներ, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց.
«Նշված բոլոր կետերն էլ հնարավոր է իրականացնել, ավելին՝ նույնիսկ նախկին բարի ավանդույթների նման հնգամյա պլանը չորս տարում կատարել։ Բայց նորից գալիս ենք ֆինանսավորման խնդրին և ընդհանուր նշաձողերի սահմանմանը։
Ի՞նչ է նշանակում՝ ենթակառուցվածքների զարգացում։ Վերջին հաշվով, որևէ ինստիտուտի համար կարելի է երկու մանրադիտակ ու ցենտրիֆուգ գնել և համարել, որ ենթակառուցվածքը զարգացրել եք։ Զարգացե՞լ է, այո։ Բավարա՞ր է, ոչ։ Դրա համար ես ակնկալում եմ շատ ավելի հստակություն, ինչը միշտ պակասում է կառավարության ծրագրերում։ Նույնն էլ վերաբերում է մյուս խնդիրներին։
Երիտասարդ կադրերի ներգրավումը շատ կարևոր է, հատկապես, որ մեր գիտությունը ծերանում է, և գիտաշխատողների քանակն էլ անընդհատ նվազում է վերջին տարիներին։ Որքա՞ն երիտասարդ գիտնական ենք ուզում ներգրավել առաջիկա հինգ տարվա ընթացքում՝ 50, 100, 500, և ի՞նչ ռեսուրս ենք նախատեսում դրա համար։ Չէ՞ որ կա ուղիղ կապ ֆինանսական հատկացումների, գիտության գրավչության և երիտասարդների ներհոսքի միջև։ Չես կարող ունենալ ցածր ֆինանսավորում, բայց երիտասարդների մեծ հոսք։ Ամեն դեպքում, ես նման օրինակ չգիտեմ»։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողը հավելեց՝ գիտությունը և կրթությունը ֆինանսավորում են մնացորդային սկզբունքով, իսկ նման մոտեցման արդյունքը տեսանելի է.
«Մենք գիտությանը հատկացնում ենք մեր ՀՆԱ-ի մոտ 0.25%-ը, այնինչ նույն Եվրոպայում միջին ցուցանիշը 1% է։ Այսինքն՝ չորս անգամ ավելի քիչ ենք ֆինանսավորում, քան պետք է։ Որպես արդյունք՝ ունենք ծերացող գիտություն, գիտնականների թվի անընդհատ նվազում, նյութատեխնիկական մաշված բազա, մակերեսային գիտությամբ զբաղվող լաբորատորիաներ, կիսադատարկ ինստիտուտներ և այլն։ Եթե ուզում ենք փոխել վիճակը, ապա պետք է հստակ ձևակերպենք նպատակները և դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերը։ Անհնար է զարգացնել գիտությունը, առանց պլանավորման ու ֆինանսավորման։
Քանի որ 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո օրվա իշխանությունները պարբերաբար կրկնել են գիտության, կրթության կարևորության մասին, բարձրաձայնել այս ասպարեզում բարեփոխումների բազմատեսակ նպատակների մասին, Հովակիմ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում ոլորտում, և արդյոք հնարավո՞ր էր ավելին անել: Ի պատասխան՝ նա նշեց.
«Գիտության կոմիտեն իրականացրել է որոշ ծրագրեր, որոնք, իրոք, շատ լավ են մտածված, օրինակ՝ գիտական խմբերի ստեղծման դրամաշնորհները, կամ առաջատար հետազոտությունների համար նախատեսված 5 տարվա դրամաշնորհները։ Սրանք դրական շարժ են ապահովում, սակայն լուրջ արմատական քայլեր չեն։
Գիտության կարևորության մասին ավելի շատ սկսեց խոսվել պատերազմի ավարտից հետո։ Հասարակական շարժումը՝ Գիտուժը, հասավ որոշակի արդյունքների, մասնավորապես գիտության ֆինանսավորումն ավելացվեց մոտ 2 մլրդ դրամով, որը նույնպես դրական քայլ է, բայց այն շատ փոքր քայլ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ այն հիմնականում Գիտուժին և գիտական հանրությանը բավարարելու համար էր, այլ ոչ թե պլանավորված գործողություն։
Ամեն դեպքում, մինչ այս պահը ես տեղյակ չեմ, թե առաջիկա տարիներին որքանով է աճելու գիտության ֆինանսավորումը, ինչպիսի նպատակներ ունի կառավարությունը, որն է պլան մաքսիմումն ու մինիմումը։ Անհայտները շատ են։
Մյուս կողմից՝ ես տեսնում եմ, թե որքան ռեսուրս է ծախսվել այլ նպատակների համար, որոնց առաջնահերթությունն ինձ համար անհասկանալի է։ Եվ քանի որևէ մեկը ինձ հիմնավոր կերպով չի ապացուցել, թե ինչու, օրինակ, պետք է 10 անգամ ավել գումար ծախսել պարգևավճարների վրա, քան գիտության, ես շարունակելու եմ համարել, որ գիտության ֆինանսավորումը կարելի է կտրուկ ավելացնել, ինչը չի արվել մինչ այս պահը»։
Զարուհի Դիլանյան