Times.am լրատվական կայքը հրապարակել է «Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ Երևանի երկնքով բավական քիչ բարձրության վրա ինքնաթիռ է անցել, որը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստացել են օդային միջանցք։ Սակայն նյութում առկա պնդումները մանիպուլյատիվ են։
Ուսումնասիրելով Ստամբուլից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվող քաղաքացիական չվերթները՝ Flightradar համակարգից տեղեկացանք, որ նման չվերթներ իրոք տեղի ունեցել են և ոչ մեկ կամ երկու անգամ։
Այսպես, համաձայն Flightradar համակագի վերջին մեկ տարվա տվյալների՝ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ավիաչվերթներ սկսել է իրականացնել միայն վերջին ամիսներին։
Ստամբուլից Բաքու TK332 չվերթային կոդով թռիչքներ իրականացնող Turkish Airline թուրքական ավիաընկերության թռիչքուղին սովորաբար եղել է Վրաստանի օդային տարածքով՝ շրջանցելով Հայաստանի օդային տարածքը, սակայն 2021 թվականի մայիսի 5-ին Վրաստանի օդային տարածքով Բաքու գնալու փոխարեն, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Բաքու մեկնել է Հայաստանի օդային տարածքով։ Նման երթուղով չվերթներ եղել են նաև մայիսի 23-ին, հունիսի 8-ին, 10-ին, 28-ին, հուլիսի 4-ին, 6-ին, 9-ին, 20-ին և 29-ին։
Նույն ուղղությամբ թռիչքներ իրականացվել են նաև TK 334 և TK 338 չվերթային կոդերով։ Այս դեպքում նույնպես պարբերաբար դեպի Բաքու թռիչք իրականացնելիս օգտագործվել է Հայաստանի օդային սահմանը։ Մայիսի 1-ին, 20-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին, 3-ին երկու անգամ, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին երկու անգամ, 11-ին, 12-ին 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 21-ին, 22-ին երկու անգամ, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին, 14-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին երկու անգամ, 25-ին, 27-ին, 28-ին և 29-ին երկու անգամ։
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Ստամբուլից Բաքու իրականացվող թռիչքների ժամանակ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով դեպի Բաքու իրականացրել է 58 չվերթ։
Բաքվից Ստամբուլ չվերթներ Հայաստանի օդային տարածքով նույնպես եղել են։ Հայաստանի օդային տարածքով դեպի Ստամբուլ չվերթները եղել են 35-ը։ Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 11-ին, վերջինը՝ հուլիսի 29-ին։
Ամբողջությամբ՝ infocom.am