Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը:
Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել. օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշել են ներքին կարգով դադարեցնել առժամանակ. Այս մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԱՆ-ից:
Փոխարենը՝ պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել է սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը «կազմակերպել նիսյա եղանակով»՝ ԲԿ–ի միջոցների հաշվին, բայց սրան կտրականապես դեմ են եղել ԲԿ սեփականատերերը՝ պատճառաբանելով, թե վստահություն չկա:
Մյուս առաջարկը պետպատվերով բուժումն հետաձգելն է՝ հերթագրման եղանակով հաջորդ տարի, այս դեպքում էլ ուղեգիրը ձեռքը եկած հիվանդներն են կտրուկ մերժում, մի մասը հարկադրաբար վճարում է տեղում, քանի որ անհետաձգելի հետազոտման կարիք ունի:
Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել Առողջապահության նախարարությունից ԲԿ–ներին իջեցված այդ ներքին հրահանգի պատճենը:
Ահազանգեր են ստացվում 44-օրյա պատերազմին տուժած հաշմանդամ տղերքից, ասում են՝ «Ուղեգիր տալիս են, մեզ գցում են դռնեդուռ, չեն էլ ասում, որ փողը պրծել ա, ձեր հաշվին գլխներիդ ճարը տեսեք, վիրավորական է այս անտարբերությունը»:
«Մենք կույրաղիք չենք վիրահատում, որ պլանային վիրահատություն դնենք–հետաձգենք, ասենք ոչինչ հիմա պետությունը ճար չունի, տղերք կան 2-3-րդ անգամն են վիրահատվում, դեռ մի հատ էլ պիտի վերականգնողական կենտրոնում բուժվեն, բայց էս քաոսից հասկանում ենք, պետությունն իրեն բացակա դրեց նաև էստեղ, ուրեմն պիտի միլիոնների վարկերի տակ ընկնենք, ճար չկա»:
Ստացվում է՝ անհետաձգելի սրտի ստենդավորումն ու զոնտավորումը այլևս վճարովի են, պետպատվերի ուղեգիր գրվում է, բայց ձևական, չի սպասարկվում, զինվորի հերթական վիրահատության համար ծնողը պիտի վճարի վարկով կամ պարտքով՝ ինչ գնով լինի:
Իսկ ինչո՞ւ ֆինանսական կազուսն առաջացավ այսքան շուտ. ոլորտի մասնագետներն ասում են՝ զինվորից թանկ հիմա տուրիստն է համարվում Փաշինյանի համար. Ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում:
Հայրենի կառավարությունը սիրտը բացել է կորոնայով բուժվող հնդիկների, իրանցիների ու բոլոր այլազգի վարակակիրների առաջ, Ավանի հոսպիտալը երկու ամիս է ծանրաբեռնված ռեժիմով սպասարկում է վարակակիր օտարազգիներին:
Նրանք բուժվում են լրիվ անվճար հիմունքներով՝ մեր հարկատուների հաշվին, ընդ որում բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ պետպատվերի շրջանակներում:
Առողջապահության նախարարը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր այս ամբողջ տեղեկատվությունը՝ նշելով, որ այո մենք բաց ու պատրաստակամ ենք բոլոր այլազգիների առաջ՝ անգամ այս սուղ բյուջեի միջոցներով՝ փաշինյանական կառավարության մոտեցումն է դա: Ահա այդ մետեցման «շնորհիվ էլ» այսօր առողջապահական համակարգը կանգնած է լուրջ կազուսի առաջ ու դեռ որոշ պաշտոնյաներ մտմտում են զինվորի բուժման խնդիրը ծածկադմփոց անել:
Շարունակությունը՝ այստեղ