Սեպտեմբերի 22-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը: Պիեսի հիմքում Հայոց ցեղասպանությունից փրկված երկու հերոսների պատմությունն է. նրանց մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Թամարա Գեւորգյանը: Դերասանուհին իր հետ պատահած ավտովթարից հետո առաջին անգամ կլինի բեմում: Թամարայի խոսքով՝ պատասխանատվությունը մեծ է նաեւ այն առումով, որ սա առաջին նախագիծն է, որի շրջանակում հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլեւ՝ պրոդյուսեր:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին բացահայտել է ներկայացման մասին մի շարք մանրամասներ, խոսել այս փուլում իր դժվարությունների ու գործընկերների աջակցության մասին:
«Ռիչարդ Կալինոսկու պիեսը ցեղասպանությունից փրկված երկու հերոսների ու նրանց կյանքում մնացած հետքի մասին է: Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Սեդային: Սա նաեւ իմ առաջին պրոդյուսերական աշխատանքն է: Ներկայացումը դրամա ժանրում է, ու հիմնական խնդիրը պտտվում է Սեդայի ու Արամի՝ իմ եւ Մկրտիչ Արզումանյանի կերպարների շուրջ: Շատ հուզված ու ոգեւորված եմ սպասում այս պրեմիերային»,-նշեց նա:
Թամարան ներկայացման մտահաղացումն ունեցել է մինչ վթարը, իսկ դրանից հետո հասկացել, որ այս միտքը կիսատ չպետք է թողնել.
«Չհրաժարվեցինք գաղափարից, ու որքան էլ կրկնակի էին դժվարությունները, քանի որ ես առողջական խնդիրներ ունեմ, ու դժվար էր նաեւ այն առումով, որ սա իմ առաջին պրոդյուսերական նախագիծն է, դրանք մեզ չկանգնեցրին, ու հրաշալի թիմի ու նրանց աջակցության շնորհիվ նախագիծը կյանքի կոչվեց: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որովհետեւ նրանք շատ ըմբռնումով են մոտեցել ամեն ինչին՝ սկսած ֆիզիկապես ինձ օգնելուց՝ սանդուղքով բարձրանալ-իջնել եւ այլն, վերջացրած սովորական կենցաղային խնդիրներով, որոնք ամեն վայրկյան ստիպված են եղել լուծել: Մկրտիչի ու ռեժիսորի՝ Կարապետի գլխավորությամբ՝ ես շնորհակալ եմ բոլորին, մեր ամբողջ թիմին»:
Ամբողջությամբ՝ style.news.am