Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում
Advertisement 1000 x 90

Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում

Ամերիկյան նավթավերամշակող գործարանները «Իդա» փոթորիկի հետևանքների պատճառով կանգնեցրել են աշխատանքը։ Վառելիքի խիստ պակաս կա։ Էներգետիկայի նախարարությունում հաշվարկել են պահուստները, արտադրողներին աջակցելու համար, սակայն, պաշարներն անսպառ չեն։ Մեքսիկայի ափին ձեռնարկությունները կենտրոնացած են ծանր տեսակի նավթի վրա, իսկ Ռուսաստանից բացի այդպիսի նավթ այլևս գրեթե ոչ մի տեղից վերցնել հնարավոր չէ։ ԱՄՆ–ն արդեն ռեկորդային ցուցանիշների է հասցրել ներմուծումը և մտադիր է ավելին գնել։

Ախորժակը բացվել է

Ամերիկյան նավթավերամշակողները «աշխարհով մեկ դես ու դեն են ընկել» հարմար հումք փնտրելով, որպեսզի կարողանան բավարարել մոտորային վառելիքի պահանջարկը։ Այս մասին գրում է Bloomberg–ը։

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով` Ռուսաստանից հում նավթի և նավթամթերքի ներկրումը մայիսին (վերջին տվյալներ) միանգամից աճեց 23–ով` հասնելով օրական մինչև 844 հազար բարելի։ Կարելի է համեմատել, օրինակ, Մեքսիկայից ստացվող առաքումների հետ. այնտեղ ընդամենը երեք կետով է ավելացում գրանցվել։

Դեռ անցած տարի ՌԴ ներմուծումը հասավ 9 տարվա առավելագույն ցուցանիշին։ Մի կողմ հրելով Սաուդյան Արաբիային (որը կտրուկ նվազեցրել էր արտահանումը)` շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար Ռուսաստանն ԱՄՆ–ի մատակարարների թվում երկրորդ տեղն էր դուրս եկել։ Բանն այն է, որ ամերիկյան նավթավերամշակող գործարանները զրկվել են Վենեսուելայից ստացվող հումքից։ Դա Դոնալդ Թրամփի «վաստակն» է, որը 2019 թվականին Petroleos de Venezuela S. A.–ի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։

Առավել ծանր վիճակում են` Մեքսիկական ծոցի և Արևելյան ափի գործարանները, այդ թվում Citgo Petroleum–ը, Valero Energy–ն, Chevron–ը, որոնք նախատեսված են նավթի ծանր տեսակների վերամշակման համար։ Այդ ձեռնարկությունները Ռուսաստանից գլխավորապես բենզինի արտադրության համար անհրաժեշտ մազութ են գնում։

«Վենեսուելական հումքը կորցնելով և բախվելով ՕՊԵԿ–ի ավանդական մատակարարների թանկացմանը` ԱՄՆ–ն դարձավ ռուսական մազութի հիմնական սպառողը», – նշել է էներգետիկ հետազոտությունների Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Ադի Իմսիրովիչը։

Մեքսիկական ծոցի ափին օգոստոսի վերջին վրա հասած «Իդա» փոթորիկը կտրուկ բարդացրեց իրավիճակը։ Ու թեև EIA–ում արդյունահանման վերականգնում են ակնկալում արդեն սեպտեմբերին (օրական մինչև 1.2 մլն բարել), ենթակառուցվածքները խիստ վնասված են։ Ամերիկյան շուկաներից ընդհանուր առմամբ 20,6 մլն բարել նավթ է կորել։

Բացեցին ամբարները

Լուիզիանայում էլեկտրամատակարարման վերականգնումից և նավթավերամշակող գործարանների վերագործարկումից հետո ավելի շատ նավթ կպահանջվի։

Այդ մասին արդեն հայտարարել են Exxon Mobil–ում։ Ընկերությունը ստիպված է եղել փակել Լուիզիանայի գործարանները։ Էներգետիկայի նախարարությունը նավթ է հատկացրել ռազմավարական պահուստներից։ 2-3 ամսվա ընթացքում Exxon–ը պետք է լրացնի պաշարները` պրեմիում դասի հումք լցնի։

Սակայն պահուստները սահմանափակ են։ Իսկ դա նշանակում է, որ ստիպված կլինեն ընդլայնել ներմուծումը։ Ինչպես նշում են ամերիկյան հրատարակչությունները, եթե կան այնպիսիք, որ շահելու են «Իդա» փոթորկի հետևանքներից, ապա դրանք ՌԴ արտահանողներն են։

«Սեպտեմբեր-հոկտեմբերին մատակարարումները կավելանան, քանի որ Մեքսիկական ծոցի շելֆում արդյունահանումը չի վերականգնվել», – նշում է Bloomberg–ը։

Ինչպես պնդում է գործակալությունը` հղում անելով շուկայի մասնակիցներին, մի քանի օրվա ընթացքում արդեն ռուսական հումքի երեք խմբաքանակ են ձեռք բերել։

Պահանջարկը բարձրացնում է գները։ Սեպտեմբերի 8-ին Urals–ի գնանշումը հասել է 7 ամսվա առավելագույն ցուցանիշին և գերազանցել Brent տեսակի նավթին 1,05 դոլարով։ Նախքան ԱՄՆ–ն կպատեր «Իդա» փոթորիկը, Urals–ը վաճառվում էր Brent–ի նկատմամբ 1,95 դոլար զեղչով։

«Հյուսիսային հոսք-2»–ի գործարկումից առաջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածությունն աճում է։ Սակայն շուկան իր կանոններն է թելադրում, և ամերիկյան արտադրողները որևէ կերպ կապված չեն Սպիտակ տան դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական նպատակների հետ։

armeniasputnik.am



Նման նյութեր