Հինգ բացահայտված միֆ կորոնավիրուսի և դիմակների մասին
Advertisement 1000 x 90

Հինգ բացահայտված միֆ կորոնավիրուսի և դիմակների մասին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ հասարակական վայրերում դիմակներ կրելու պարտադիր պայմանի մասին լուրերի տարածվելուն պես դիմակների վերաբերյալ շատ քննարկումներ են եղել:

Կտորից դիմակները նույնը չեն, ինչ վիրաբուժական կամ արդեն բոլորիս հայտնի N95 շնչառական դիմակները, դրանք չենք կարող պաշտպանել վարակվելուց, բայց դա չի նշանակում, որ չարժե այն կրել:

Ահա՛ մասնագետների կողմից բացահայտված 5 միֆ՝ դիմակների և դրանք կրելու մասին:

Միֆ 1. Կտորից դիմակ կրելն անօգուտ է:

Տնային պայմաններում կտորից կարված դիմակ կրելը հեշտ միջոց է, որը կարող է օգնել պաշտպանել ձեր ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց: Քանի որ կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով, այս դեպքում կտորից դիմակը կարող է խոչընդոտ հանդիսանալ բերանից կամ քթից դուրս եկող կաթիլների և վարակի տարածման համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտորից դիմակները նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակը, որոնք խոսելու, հազալու, փռշտալու կամ շնչելու արդյունքում արձակվում են օդ:

Այսպիսով, որքան շատ մարդիկ դիմակներ կրեն, այնքան քիչ վիրուսային կաթիլներ կտարածվեն օդում, և վարակի դեպքերը չեն ավելանա:

Միֆ 2. Եթե ես հիվանդ չեմ, ապա դիմակ կրելու կարիք չունեմ:

Բոլորս գիտենք, որ կորոնավիրուսով շատ հաճախ վարակվում են առանց որևէ ախտանշանի, և մարդը կարող է անգիտակցաբար տարածել վարակը: Ենթադրվում է, որ հենց սա է պատճառը, որ վիրուսն այսքան արագ տարածվեց և դեռ շարունակում է տարածվել: Այսպիսով, քանի որ վստահաբար հնարավոր չէ իմանալ, թե ով է վարակված, իսկ ով՝ ոչ, լավագույն տարբերակը դիմակ կրելն է:

Միֆ 3. Եթե դիմակ եմ կրում, ապա կարող եմ չպահպանել սոցիալական հեռավորություն:

Դիմակ կրելը կորոնավիրուսի տարածումը կանխելու ռազմավարության ընդամենը մի մասն է, և ցավոք, այն չի կարող լիովին խանգարել վիրուսին՝ հայտնվելու ձեր օրգանիզմում: Ուստի կարևոր է պահպանել բոլոր կանոնները. դրանք ընդամենը երեքն են` կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը:

Միֆ 4. Իմ դիմակը միայն պետք է ծածկի բերանս, դա բավական է:

Դիմակը պետք է ծածկի և՛ բերանը, և՛ քիթը: Այն պետք է հերմետիկ, բայց հարմարավետ ծածկի քիթն ու բերանը, և դուք պետք է կարողանաք շնչել առանց դժվարության:
Մի՛ կրեք դիմակը պարանոցին կամ կզակին, դա ոչ միայն չի պաշտպանում, այլև հակահիգիենիկ է:

Միֆ 5. Դիմակ կրելը վնասակար է առողջությանը:

Կարծիք կա, որ երկարատև դիմակ կրելու արդյունքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Դա բացատրվում է նրանով, որ արտաշնչելու ընթացքում առաջացած ածխաթթու գազն, ըստ էության, մնում է փակ տարածքում, և մարդն անընդհատ շնչում է այն: Չնայած, որ մեծ քանակությամբ ածխաթթու գազ շնչելն իսկապես վտանգավոր է, բայց անգամ մի քանի ժամ անդադար դիմակ կրելու արդյունքում հնարավոր չէ հիվանդանալ:

Այնուամենայնիվ, որոշ մարդիկ չպետք է կրեն կտորից դիմակ: Նրանք են՝ 2 տարեկանից ցածր երեխաները, և նրանք, ովքեր շնչառական խնդիրներ ունեն կամ չեն կարող դիմակը հանել առանց որևէ մեկի օգնության:

doctors.am