COVID-19-ը կարող է մարդկանց կյանքի տեւողությունը կրճատել 10 տարով։ Այսպիսի կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, ՌԳԱ բժշկագենետիկական կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան։
«Քանի դեռ մարդիկ երիտասարդ են եւ իմունիտետ ունեն, նրանք հաղթահարում են կորոնավիրուսը կամ բազմաթիվ իմունիզացիաները։ Որքան ծերանում ենք, այնքան ավելի են շատանում հիվանդությունները, եւ կորոնավիրուսը դրանցից մեկն է, դրա համար էլ կյանքի տեւողությունը միջինը կրճատվում է։ Մենք նոր բնական թշնամի ենք ձեռք բերել, որը մշտապես կրծում է մեզ»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ վիրուսի բնական թուլացման տարբերակը նույպես մնում է։ Բայց համավարակի երկու տարվա ընթացքում վիրուսը եթե թուլացել էլ է, ապա շատ աննշան, ընդգծել է նա։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, գենոտիպերը, որոնք հարմար չեն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար, թվաքանակով կրճատվում են, իսկ նրանք, որոնք ավելի հաջող են հաղթահարում վտանգը, գոյատեւում են։ Բայց կարծիք կա, որ 2-3 սերունդ հետո մարդիկ միջինը ավելի լավ կհաղթահարեն հիվանդությունը, անգամ առանց դեղամիջոցների։
«Գուցե փոխվի նաեւ մարդկությանը տանջող վիրուսների կառուցվածքը, գուցե գրիպը, վերջապես, ավելի քիչ լինի»,- ասել է մասնագետը։